Մատչելիության հղումներ

Ըստ քարտեզագետ Մելիքսեթյանի՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը վերսկսվելու է Սյունիքից


ճանապարհ Սյունիքի մարզում, արխիվ
ճանապարհ Սյունիքի մարզում, արխիվ

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայ-ադրբեջանական սահմանազատման հարցով նորություններ խոստանում է, բայց փակագծեր չի բացում: Որտեղի՞ց է սկսվելու ու ո՞ր ուղղությամբ է ձգվելու գործընթացը: Սահմանազատման հանձնաժողովների ղեկավարները՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը մեկ շաբաթ առաջ են հանդիպել:

Փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից «Ազատությանն» այսօր ասել են, թե Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային մասերում է հանդիպումը եղել: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ սահմանազատման գործընթացը վերսկսվելու է ոչ թե Տավուշից, ինչպես նախապես հայտարարել են, այլ Սյունիքից: Այս հարցին ուղիղ չեն արձագանքել, ասել են, թե քննարկումներ են:

Քարտեզագետ Սամվել Մելիքսեթյանն Արարատ Միրզոյանի նախկին մեկնաբանություններից ելնելով՝ ենթադրում է՝ Սյունիքից էլ սկսելու են, որտեղով նախատեսում են Ադրբեջանից Նախիջևան ճանապարհ բացել:

«Ուղղակի պետք է հստակ լինի՝ որտեղ է ավարտվում Ադրբեջանը, որտեղ է սկսվում Հայաստանը նաև սահմանային ենթակառուցվածքներ ունենալու համար», - նշեց Մելիքսեթյանը:

Վաշինգտոնյան համաձայնություններից հետո Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների պատվիրակություններն առաջին անգամ են հանդիպել: Հավանաբար կողմերը քննարկում են սահմանազատել հենց այդ հատվածը, որտեղով պետք է անցնի ճանապարհը, ասում է քարտեզագետը:

Եթե խոսքը միայն այս հատվածի մասին է, ապա տարածքային վեճի հարց չկա, այստեղ ամեն ինչ հստակ է, նշում է Մելիքսեթյանը և հավելում. «Եթե մենք խոսում ենք նաև կոմունիկացիաների մասին, մի քանի կիլոմետրերի մասին, այդտեղ ոչ մի խնդիր չկա՝ ո՛չ հայկական կողմի համար, ո՛չ ադրբեջանական կողմի համար: Հիմնականում անփոփոխ է մնալու պատկերը, ինչպես կա, այդպես էլ մնալու է, ուղղակի գետնի վրա ավելի հստակ մետրերով իմանալու են՝ որտեղ է դրվում անցակետը, որտեղ է ավարտվում Ադրբեջանը և սկսվում Հայաստանը»:

Իսկ ի՞նչ կլինի, եթե սահմանազատումն այստեղից ձգվի դեպի Սյունիքի այն հատվածներ, որտեղ ադրբեջանական զորքերը ներխուժել են 2020-ի պատերազմից հետո. «Եթե խոսում ենք արևելյան հատվածից Սյունիքի, պարզ է, որ հայկական կողմի համար այստեղ պատկերը շատ ավելի վատ է ու վատ է 2020 թվականից հետո, հատկապես 2021 և 22 թվականների ներխուժումների ընթացքում. Սև լճի հատվածն է, Իշխանասարից հյուսիս ընկած հատվածն է, Աշոտավան գյուղից հյուսիս-արևելք ընկած հատվածն է»:

Օրինակ, ադրբեջանական զորքերը հետ կքաշվե՞ն: Եթե ճանապարհների ապաշրջափակման տրամաբանությամբ ընթանա սահմանազատումը, ապա այդպես պետք է լինի, ասում է քարտեզագետը:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ Սյունիքում սահմանազատումը այս կետով էլ կավարտվի, ամեն դեպքում չի հասնի այն հատվածներ, որտեղ ադրբեջանական զորքերն են ներխուժել. «Ես կարծում եմ, որ այդ հատվածում դժվար թե սահմանազատում իրականացվի»:

Հանձնաժողովների հաջորդ հանդիպումը ե՞րբ է նախատեսված, ի՞նչ օրակարգով: Փոխվարչապետի Գրիգորյանի գրասենյակից «Ազատության» այս հարցերին հստակ չեն պատասխանել: Ասել են, թե դեռ քննարկում են:

XS
SM
MD
LG