Մատչելիության հղումներ

Թրամփը հայտարարել է, որ Պուտին-Զելենսկի հանդիպումը հազիվ թե հնարավոր լինի


Պատերազմը դադարեցնելու նպատակով Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների ուղիղ հանդիպում կազմակերպելու փորձերից ամիսներ անց Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է՝ նման հանդիպումը հազիվ թե հնարավոր լինի: Պատճառը, ըստ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Զելենսկիի և Վլադիմիր Պուտինի միջև անձնական խորը ատելությունն է:

Սպիտակ տան ղեկավարը նաև ասել է՝ պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ պայմանով, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները ևս համարժեք քայլեր անեն, այդ թվում՝ դադարեցնեն Ռուսաստանից նավթ գնելը:

«Եվրոպան Ռուսաստանից նավթ է գնում: Չեմ ուզում, որ նրանք նավթ գնեն։ Իսկ նրանց պատժամիջոցները բավականաչափ խիստ չեն։ Պատրաստ եմ պատժամիջոցներ կիրառել, սակայն նրանք ստիպված կլինեն խստացնել իրե՛նց պատժամիջոցները՝ իմ արածին համարժեք», - ասել է Թրամփը:

The New York Times-ը գրում է, որ Թրամփն այս հարցում Եվրամիության առաջ անհնարին պայմաններ է դրել. ոչ միայն պահանջում է, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները հրաժարվեն ռուսական նավթից, այլև կոչ է արել համակարգված ձևով չինական ապրանքների վրա 50-100 տոկոս մաքսատուրք սահմանել։

Պարբերականը նշում է, որ Սպիտակ տան ղեկավարի այս պահանջները գործնականում անհնարին են, քանզի Հունգարիան և Թուրքիան՝ երկրներ, որոնցով Թրամփը «բազմիցս հիացել է», մնում են ռուսական նավթի խոշորագույն գնորդների շարքում։ Մյուս կողմից՝ թեև ԵՄ շատ այլ երկրներ զգալիորեն կրճատել են Ռուսաստանից գնվող վառելիքի ծավալը, սակայն գազից կախվածությունը դեռ մնում է։

Axios-ն էլ, հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին, գրում է, որ ԱՄՆ նախագահը «իր մերձավոր շրջապատին խոստովանել է, որ գերագնահատել է Պուտինի՝ խաղաղության ձգտումը»:

Politico-ն էլ նշում է, որ Նյու Ջերսիում ճեպազրույցի ժամանակ խոսելով կողմերի կորուստների մասին՝ Թրամփն առաջին անգամ Ռուսաստանին «ագրեսոր» է անվանել: «Բայց եթե դու ագրեսոր ես, ապա ավելի շատ կորուստներ ես ունենում»,- ասել է նա։

Իր հերթին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը CBS-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը վաղուց է հասունացել և նույնիսկ ուշացած է, բայց վերջնական որոշումը պետք է կայացնի նախագահը։

«Կոնգրեսում մեծ ցանկություն կա այս հարցում, ուստի մենք պատրաստ ենք համագործակցել Սպիտակ տան և Սենատի մեր գործընկերների հետ՝ Ներկայացուցիչների պալատում դա իրականացնելու համար: Եվ անձամբ ես պատրաստ եմ դրան», - ասել է Ջոնսոնը։

Կրեմլի խոսնակը պատասխանել է Թրամփին՝ հայտարարելով, որ Ռուսաստանը բաց է երկխոսության համար և շահագրգռված է հակամարտության՝ դիվանագիտական լուծմամբ: Սակայն Ուկրաինան և Եվրոպան, Դմիտրի Պեսկովի պնդմամբ, կարգավորման գործընթացն «արհեստականորեն դանդաղեցնում են»:

«Եվրոպացիները խոչընդոտում են առաջընթացը, հրաժարվում են ճանաչել այս ճգնաժամի հիմնապատճառները՝ այդպիսով արգելափակելով հենց այդ պատճառների վերացմանը տանող ցանկացած ուղի», - ասել է Կրեմլի խոսնակը:

Պեսկովը նաև հայտնել է, որ Թրամփ-Պուտին-Զելենսկի հանդիպման ուղղությամբ դեռ որևէ քայլ չի արվում, ապա զգուշացրել՝ եթե Արևմուտքը բռնագանձի ռուսական սառեցված ակտիվները, դա էապես կխարխլի արևմտյան ֆինանսական համակարգի հեղինակությունը, Ռուսաստանն էլ այլ ելք չի ունենա, քան իրավական ճանապարհով իր սեփականության իրավունքները պաշտպանելը: Նա նաև ՆԱՏՕ-ին մեղադրել է Ռուսաստանի դեմ դե ֆակտո պատերազմելու համար:

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ քանի դեռ նոր պատժամիջոցներ չեն կիրառվում, ամենաարդյունավետ պատժամիջոցը ռուսական նավթավերամշակման ենթակառուցվածքներում ուկրաինական զինուժի հարվածների առաջացրած հրդեհներն են, որոնք մեծ վնաս են հասցնում այդ օբյեկտներին կամ ոչնչացնում դրանք:

Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունից ժամեր առաջ երեկ ուկրաինական անօդաչուները հարվածել էին Ռուսաստանի նավթավերամշակման խոշորագույն գործարաններից մեկին՝ Լենինգրադի մարզի Կիրիշի գործարանին, ինչից հետո հրդեհ էր բռնկվել: Դրա հետևանքով, ըստ Reuters-ի, դադարեցվել է գործարանի բլոկներից մեկի աշխատանքը:

«Այդ հրդեհները զգալիորեն սահմանափակել են ռուսական նավթարդյունաբերությունը, իսկ դա էապես սահմանափակում է պատերազմը: Ռուսաստանի վարած պատերազմը, ըստ էության, մեծապես կախված է նավթի, գազի և էներգետիկ մյուս ռեսուրսներից», - հավելել է Զելենսկին։

Նա նաև ասել է, որ ուկրաինական զինուժն առաջ է գնացել Սումիի մարզի սահմանամերձ շրջաններում, որտեղ ռուսական զինուժն ամիսներ շարունակ փորձում էր ամրանալ։ Ուկրաինական կողմը հայտնել է, որ ազատագրել է Դոնեցկի մարզի Պանկովկա ավանը: Ուկրաինական անօդաչուի հարվածից Բելգորոդում երկու մարդ է զոհվել:

Ռուսական զինուժն իր հերթին Սումիիում հարվածել է բերքահավաք իրականացնող կոմբայններին, կա 12 վիրավոր: Կոնստանտինովկայում ռուսական հարվածից չորս մարդ է սպանվել, ևս տասը՝ վիրավորվել: Ինը մարդ էլ վիրավորվել է Կրամատորսկում: Չեռնիգովում ռուսական զինուժը թիրախավորել է հրշեջների, որոնցից չորսը վիրավորել են: Ռուսական կողմը հայտնել է, որ ևս մեկ բնակավայր է վերցրել Դնեպրոպետրովսկում:

XS
SM
MD
LG