«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հռչակում է Հայաստանի չորրորդ հանրապետության հաստատումը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք: Քիչ առաջ կուսակցության համաժողովի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս նպատակով ՔՊ-ն առաջինը՝ 2026թ. խորհրդարանական հերթական ընտրություններում ՀՀ կառավարման իր մանդատը ևս 5 տարով երկարաձգելու հայցով դիմելու է ժողովրդին՝ ակնկալելով ձևավորելով սահմանադրության մեծամասնություն: Երկրորդ՝ ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո նախաձեռնելու է համաժողովրդական հանրաքվեի միջոցով ՀՀ նոր Սահմանադրության ընդունման գործընթաց», - ներկայացրեց վարչապետը:
Հռչակագրի երրորդ կետը սահմանում է՝ «հենվել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա՝ ՀՀ 29 հազար 743 քառ կմ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի և այդ տարածքը ներառող սահմանների թե ներսից, թե դրսից անձեռնմխելիության հայեցակարգի վրա»:
Բացի այդ, ՔՊ-ն նախատեսում է ակտիվացնել Եվրոպական միությանը ՀՀ անդամագրվելուն ուղղված ջանքերը՝ դա չհակադրելով տարածաշրջանացման, ինչպես նաև հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությանը։
Հռչակագիրը սահմանում է նաև հարևանների հետ խաղաղություն և բարիդրացիություն հաստատելու պատգամի իրագործումը, ջանքերի գործադրումը խաղաղությունն ու բարիդրացիությունը շարունակաբար ինստիտուցիոնալ դարձնելու ուղղությամբ՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա։
Հռչակագիրը միաձայն ընդունվեց: