Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համերգը, որ Հայաստան էր բերել հյուրեր նաև արտասահմանից, անցած ուրբաթ սկսվեց մոմի լույսով: Երևանի կենտրոնը հոսանքազրկվել էր համերգից մեկուկես ժամ առաջ:
«Այդ օրվան մենք շատ էինք նախապատրաստվել ու բացումը արեց մեր հռչակավոր ու բոլորիս կողմից շատ սիրված ջութակահար Սերգեյ Խաչատրյանը», - Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի խոսնակ Աստղիկ Դալլաքյանը:
Հանրահայտ ջութակահարը ելույթ էր ունենում Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական 100-րդ շրջանի բացման համերգին, նվագախումբը ղեկավարում էր ֆինլանդացի դիրիժոր Պիետարի Ինկինենը: Հոբելյանական համերգին երկար են պատրաստվել: Միջազգային երաժշտասեր հանրությունից էլ էին սպասում ու եկել էին, ասում է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի խոսնակ Աստղիկ Դալլաքյանը:
«Դա մեծ տոն է, մեծ իրադարձություն է ոչ միայն նվագախմբի համար, այլ առհասարակ Հայաստանի համար ու ոչ միայն, նաև միջազգային երաժշտական հանրության համար: Իհարկե, սրահը լեփ-լեցուն էր և ոչ միայն հայ երաժշտասերներով, այլ արտասահմանից հյուրերով», - ներկայացրեց Դալլաքյանը:
Արտակարգ իրավիճակից ելք է գտել Ֆիլհարմոնիկի տնօրեն Նորայր Նազարյանը: Բեմն ու դահլիճը մոմերով են լուսավորել, նոտակալներին հատուկ լույսեր են փակցրել՝ համերգին 1400 հանդիսատես էր եկել. «Պարոն Նազարյանը՝ մեր տնօրենը, ճգնաժամային պահերին շատ արագ կողմնորոշվող ու կտրուկ որոշում կայացնող մարդ է, ասաց, որ պետք է համերգը անենք, միևնույն է երեկոն կայացավ»:
Էլեկտրաէներգիայի խափանումների պատճառով սա օրվա միակ արտակարգ դեպքը չէր: Օպերայում էլ պետք է բեմադրվեր «Արշակ երկրորդ»-ը: Ներկայացումից կես ժամ առաջ հոսանքն անջատվել է: Ներկայացմանը սպասող հանդիսատեսին տուն են ուղարկել. «Ծանուցել ենք հանդիսատեսին դրա մասին, որ ներկայացումը տեղի չի ունենա, որովհետև նախատեսված անջատումը 2-3 ժամ տևելու էր»:
Մարդկանց առաջարկել են տոմսերը հետ վերադարձնել կամ փոխանակել ուրիշ ներկայացման տոմսերով, «Ազատությանը» պատմեց Օպերայի տնօրենի խորհրդական Ռոնա Ահարոնյանը: Էլեկտրաէներգիայի խափանման պատճառով այստեղ նախկինում էլ են ներկայացումներ տապալվել, բայց այդպես էլ այլընտրանքային հոսանքի հարցը չի լուծվել:
«Դա տեխնիկական այնպիսի լուծում է, որը Օպերային թատրոնը իրեն չի կարող թույլ տալ, էդ դվիժոկ ասվածը, որը մարդիկ ասում են՝ «դե մի դվիժոկն ինչ է, դա էլ չունեն», դա էդքան հեշտ ձեռք բերվող բան չէ՝ հաշվի առնելով Օպերային թատրոնի շենքի ծավալները: Բացի այդ, այդպիսի լուծում տեխնիկական Հայաստանում չկա, որ կարողանա այսպիսի մեծ շենք պահել հոսանքը: Այսօր մենք, ցավոք, այլընտրանք չունենք»:
Սեպտեմբերի 19-ի երեկոյան Դրամատիկական թատրոնում էլ է հանդիսատեսն անակնկալի եկել: Ներկայացումից մեկ ժամ առաջ թատրոնը հոսանքազրկվել է, ներկայացումը չեղարկվել: ներկայացման համար թատրոն հասած մարդիկ հեռախոսով լուսավորված սրահում երգել, նվագել ու գնացել են:
Վթարային անջատումների պատճառով տապալված միջոցառումների մասին հրապարակումներ եղան նույն պահին: Վարչապետ Փաշինյանն ու ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, որ զբաղված են ՀԷՑ-ը ազգայնացնելու գործով, լուռ են: Նրանց ֆեյսբուքյան էջերում օրվա ճգնաժամի մասին ոչ մի բառ: Մինչդեռ երեք ամիս առաջ, երբ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը ազատազրկվեց, Փաշինյանը Ֆեյսբուքում բողոքել էր, թե Պատմության թանգարան իր այցի ժաման հոսանքը անջատվել է: Փաշինյանը դա որակել էր էներգետիկ ճգնաժամ:
«Ինձ հարկավոր չեն բացատրություններ, ինձ հարկավոր են պատժամիջոցներ կոնկրետ ՀԷՑ-ի նկատմամբ։ Ժողովրդին տված վնասը պետք է հատուցվի», - նշել է վարչապետը:
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը մեկ օր հետո խոսեց Կենտրոնի անջատումների մասին, նորից մեղադրանքն ուղղեց նախկինների կողմը. «ՀԷՑ-ի էներգետիկ ենթակառուցվածքներն այնքան մաշված են, որ 1, 2, 3, 5, 6 ամսվա մեջ հնարավոր չէր բեկումնային փոփոխություն անելու, բայց ես կարող եմ վստահեցնել, որ 1,5 ժամ տևած անջատումները, եթե պետության միջամտությունը չլիներ, այդ անջատումը կտևեր գուցե 3 կամ 6 ժամ: Այդ անջատման մեջ կար նաև որոշակի նույն սեփականատիրոջ հետ փոխկապակցված կապալառու ընկերություններից մեկի սխալը, որի հետևանքն անջատումներն էին, ինչի կապակցությամբ երկուշաբթի օրը հենց ՀԷՑ-ում կլինեն ազատումներ և գործընկերոջ նկատմամբ կկիրառվեն պայմանագրով նախատեսված սանկցիաներ»:
Ռոմանոս Պետրոսյանի խոստացած պաշտոնանկության մասին դեռ լուր չկա: