«Հյուսիս-ատլանտյան դաշինքը շարունակելու է ամրապնդել իր պաշտպանական կարողությունները», - այսօր Բրյուսելում՝ դաշինքի անդամ պետությունների դեսպանների հավաքի ավարտին նման հայտարարությամբ է հանդես եկել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Այսօրվա խորհրդակցությունը հրավիրվել էր Էստոնիայի պահանջով՝ սեպտեմբերի 19-ին ռուսական երեք ռազմական ինքնաթիռների կողմից երկրի օդային սահմանի խախտման դեպքը քննարկելու նպատակով։
«Մենք պաշտպանական դաշինք ենք, բայց միամիտ չենք։ Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում և ինքներս կարող ենք հետևություններ անել՝ այս կամ այն գործողությունը կանխամտածված էր, թե՝ ոչ։ Էստոնիայում ռուսների գործողությունները կամ կանխամտածված էին, կամ էլ խիստ ցածր մասնագիտական կարողությունների հետևանք էին։ Բայց անգամ եթե այդ ամենը ոչ կոմպետենտության հետևանք էր, միևնույն է, մենք պարտավոր ենք պաշտպանվել», - հայտարարում էր ՆԱՏՕ-ի ղեկավարը։