Իտալիան ֆրեգատ է ուղարկում Գազա ուղևորվող միջազգային օգնության նավատորմին աջակցելու համար, այն բանից հետո, երբ ակտիվիստները հայտարարել են, որ իսրայելական դրոնները թիրախավորում են իրենց նավերը։
Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոսետտոն հավաստիացրել է, որ երկրի ռազմածովային ուժերի Fasan նավը կօգնի ցանկացած փրկարարական գործողության։
Մոտ 50 նավակներ այս պահին գտնվում են հունական Կրետե կղզու մոտ և նպատակ ունեն ճեղքել Իսրայելի կողմից Գազայի հատվածի ծովային շրջափակումը՝ մարդասիրական պարագաներ հասցնելու համար։ Նավի վրա գտնվող ակտիվիստները հայտարարել են, որ իրենց թիրախավորել են «կայծակնային ռումբերով, պայթուցիկ լուսարձակներով և կասկածելի քիմիական նյութերով»։ Նավատորմի մամուլի խոսնակը հայտնել է, որ առնվազն երկու նավակ վնասվել է, տուժածներ չկան։
Իսրայելի արտգործնախարարությունը սպառնացել է «կանխել [նավատորմի] մուտքը մարտական գոտի»։ Գերատեսչությունը մարդասիրական բեռներ փոխադրող նավերն անվանել է «Համաս»-ի նավատորմ», պահանջելով օգնությունը բեռնաթափել Աշկելոնում՝ Իսրայելի քաղաքում, որը գտնվում է Գազայի հատվածից մի քանի կիլոմետր դեպի հյուսիս։
Նավերում են գտնվում Իտալիայի ձախակողմյան ընդդիմության երկու օրենսդիրներ։ Իտալիայի արտգործ նախարար Անտոնիո Տայանին կոչ է արել Իսրայելին չխախտել միջազգային իրավունքն ու առավելագույն զգուշություն ցուցաբերել։