Մատչելիության հղումներ

Վարկածը շարունակում է մնալ այն, որ Մերձավանում սպանությունը փետրվարին տեղի ունեցածի շարունակությունն է. ՆԳՆ խոսնակ


Վարկածը շարունակում է մնալ այն, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ու նրա ընկերոջ սպանությունը այս տարվա փետրվարին տեղի ունեցածի շարունակությունն է, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

«Ըստ քննության արդյունքների այս պահին առկա տվյալների՝ վարկածը շարունակում է մնալ, որ սա շարունակությունն է այս տարվա փետրվարին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի հետ, որի ընթացքում սպանվել է այս գործով ձերբակալվածի հարազատ եղբայրը», - ասաց Սարգսյանը:

Փետրվարին ՔՊ-ական նախկին վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ սպանվել էր նրա ազգականը՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը։ Այս գործով մեղադրյալներից է նաև սպանված Վալոդյա Գրիգորյանի եղբայրը։ Նա տնային կալանքի տակ է։

Նարեկ Սարգսյանն ընդգծեց. «Փետրվարյան միջադեպից հետո ոստիկանությունը ձեռնարկել է մի շարք գործողություններ լարված հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ: Տասնյակից ավելի անգամներ ոստիկանության Վաղարշապատի բաժնում, ինչպես նաև Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել են տեղեկություններ, որ X ժամի X հատվածում պետք է հավաքվեն ու հերթական անգամ պարզեն հարաբերություններ: Անմիջապես բոլոր կողմերից անձինք հայտնաբերվել են, ներկայացվել են բաժին, բացատրական աշխատանքներեն տարվել»:

Քննչականն այսօր ավելի վաղ հայտնել է, որ Մերձավանում Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ու նրա ընկերոջ՝ Արարատի ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանության սպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG