Երևանի քաղաքապետարանը առաջարկում է սահմանափակել բջջային հեռախոսների և այլ էլեկտրոնային սարքերի օգտագործումը դպրոցներում։ Այս հարցը քննարկվել է այսօր քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ ծնողների մեծ մասը աջակցում և խրախուսում է նախաձեռնությունը։
Ըստ առաջարկի՝ 1-6-րդ դասարանցիներին արգելվելու է դասաժամերին, միջոցառումների և նույնիսկ դասամիջոցների ընթացքում ունենալ միացված հեռախոս։ Անհրաժեշտության դեպքում աշակերտը կարող է բերել այն դպրոց, սակայն դասի սկզբում կհանձնի դասղեկին և կվերցնի միայն ավարտին։ 7-12-րդ դասարանների համար նախատեսվում է սահմանափակված օգտագործման կարգ։ Սահմանափակումները վերաբերում են ոչ միայն հեռախոսներին, այլև պլանշետներին, խելացի ժամացույցներին և այլ թվային սարքավորումներին։
Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանի խոսքով՝ ծրագիրը նախնական փուլում կգործարկվի 15 դպրոցներում։ Առաջիկա 2 օրերին ծրագիրն արդեն կուղարկվի և տարեվերջին կգնահատվի աշակերտների ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական ցուցանիշներն ու առաջադիմության որակը։
«Հնարավոր է, որ աշակերտները սկզբնական շրջանում դժգոհեն այս սահմանափակումներից, սակայն համոզված եմ՝ դրանք դրական ազդեցություն կունենան կրթության որակի, առօրյայի և նույնիսկ երեխաների երջանկության վրա», – հայտարարել է Տիգրան Ավինյանը։