Մատչելիության հղումներ

Կառավարությունը մասնակի կփոխհատուցի կարկուտից տուժած այն հողօգտագործողներին, որոնց վնասը կազմել է 40-100 տոկոս

Լրացված

Կառավարությունը մասնակի կփոխհատուցի 2024-25 թվականների կարկուտի վնասները՝ ընդհանուր մոտ երկու միլիարդ դրամի չափով: Որոշումն ընդունվեց այսօր, երբ պարզ դարձավ տարիներ շարունակ ստեղծված ապահովագրական համակարգը գործնականում չի գործում։

Փոխհատուցման չափը կախված կլինի վնասվածության աստիճանից՝ ըստ մշակության համար արված ծախսերի, այսօր հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը.
«Եթե այգին վնասվել է 100 տոկոսով, ապա ծիրանի դեպքում՝ 31,840 դրամ, կարտոֆիլի՝ 446,950 դրամ, բանջարաբոստանային մշակաբույսերի՝ 130,900 դրամ, աշնանացան ցորենի՝ 55,328 դրամ»։

Ընդհանուր տուժել է 13 հազար հեկտար հողատարածք 2024-ին և ավելի քան 11 հազար 800 հեկտար այս տարի՝ միլիարդավոր վնասներ, որոնք տեսականորեն պետք է ծածկեր ապահովագրությունը։ Գևորգ Պապոյանը խոստովանեց համակարգի ձախողումը. «Վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ վնասաբերության բարձր մակարդակով պայմանավորված՝ ապահովագրական ընկերությունները խուսափում են ապահովագրական պայմանագրեր կնքել»։

Բայց հենց գյուղատնտեսական ապահովագրության համակարգը խրախուսելու համար կառավարությունն աջակցությունը 2025-ին զգալի մեծացրել էր, ապահովագրավճարի 70-80 տոկոսը սուբսիդավորել, 200 տոկոս գերազանցող վնասաբերությունը հենց ինքը պատրաստ էր փոխհատուցել, որպեսզի ընկերությունները համարձակվեն գնալ ապահովագրության: Մինչդեռ Պապոյանի խոսքերից երևում է՝ նույնիսկ սա չօգնեց։

«Հատկանշանական է նաև, որ կառավարությունն աջակցություն է ցուցաբերում նաև կարկտապաշտպան ցանցերի ներդրմանը վարկային և փոխհատուցման բաղադրիչնեորով, սակայն նկատելի է, որ հիմնականում ինտենսիվ այգեգործության ծրագրի շրջանակում են կիրառվում կարկտապաշտպան ցանցերը», - ասաց նա:

Օձունցի հողագործ Եզեկ Աղվանյանը հիշում է՝ վարչապետ Փաշինյանը տարիներ առաջ էր այցելել իրենց գյուղ, կարկուտից տուժած գյուղացիներին խոստացել էր կարկտապաշտպան ցանցերի համար սուբսիդիա։ Բայց, ասում է, օգտվողներ չեղան։

«Լոռին այն տարածաշրջանը չէ, որ կարողանաս կայուն բերք ստանալ ու կայուն այդ բերքի մի մասը տաս այդ վարկը փակելուն: Ես մեկ հեկտար մալինա ունեմ, անցյալ տարի շատ լավն էր բերքը, այս տարի՝ շատ վատը», - «Ազատությանն» ասաց նա:

Մեկ հեկտար ազնվամորու այգու տերը նկատեց՝ իրենց խնդիրը ապահովագրությունը չէ, այլ իրացումը։ Մեկ օր գնորդ չունենալը նշանակում է կես տոննա բերքի կորուստ, նշեց նա:

Կարկուտից տուժած հողօգտագործողները փոխհատուցման համար դիմելու ընդամենը երեք շաբաթ ժամանակ ունեն՝ մինչև հոկտեմբերի վերջ: Եթե վնասներն արդեն արձանագրված են, պետք է դիմել համայնքապետարան, որը տվյալները կներկայացնի մարզային հանձնաժողով։ Բացառություն կա՝ գարնանացանի համար արդեն իսկ աջակցություն ստացած գյուղատնտեսները փոխհատուցում չեն ստանա։

Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռադիոռեպորտաժում.

Ուղիղ հղում
XS
SM
MD
LG