Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր է արագացված կարգով փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում, որոնք նախատեսում են երկրից դուրս գալու արգելք այն քաղաքացիների համար, ովքեր ապօրինաբար որևէ մեկին գույքային վնաս են պատճառել: Օրենքը կտարածվի նաև ֆինանսական հանցագործության համար մեղադրվողների վրա:
Փոփոխությունների համաձայն՝ դատավորն այլևս չի կարողանա որոշել նման արգելքը ներառել դատավճռում, թե ոչ։ Օրենքից կհանվի այն նորմը, որը սահմանում էր այդ արգելքի առավելագույն ժամկետը՝ 16 տարի։
Դատապարտյալին կթույլատրվի սահմանը հատել միայն երկու դեպքում՝ եթե տուժողը չի ցանկանում այդ արգելքը սահմանել, կամ մեղավորը հատուցի վնասը։
Այս օրենքը «Վրացական երազանքն» արդեն խստացրել էր մի քանի շաբաթ առաջ։
Նորացված օրենքը կկիրառվի այն անձանց նկատմամբ, ովքեր մեղավոր են ճանաչվել հետևյալ հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար՝ խոշոր չափի խարդախություն, շորթում՝ խոշոր չափի գույք ստանալու նպատակով, ուրիշի գույքը կամ գույքի իրավունքները խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը և այլն:
Օրինագիծը կտարածվի նաև «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նախկին մերձավոր, անձնական ֆինանսիստ և աջ ձեռքը համարվող Գեորգի Բաչիաշվիլիի վրա, ում Իվանիշվիլին մեղադրում է մոտ 40 միլիոն դոլարի՝ 9 հազար բիթքոին գողանալու մեջ
Բաչիաշվիլին դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: