Մատչելիության հղումներ

Բեռնատարների վարորդները հայտարարում են՝ բողոքի ակցիաները վերսկսում են


Բեռնատարների վարորդների ակցիան կառավարության շենքի դիմաց, 20-ը հոկտեմբերի, 2025թ.
Բեռնատարների վարորդների ակցիան կառավարության շենքի դիմաց, 20-ը հոկտեմբերի, 2025թ.

Բեռնատարների վարորդները բողոքի ակցիաները վերսկսում են․ ՌԴ-ն խոստացել է լուծում առանց ժամկետների, կառավարության հայտարարությունը չի գոհացրել:

Այսօր Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում քննարկվել է նաև հայ վարորդների Ռուսաստանում մնալու սահմանափակման հարցը։ Նիստին Հայաստանից տեսակապով մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ըստ պաշտոնական Երևանի՝ ռուսական կողմը տեղեկացրել է, որ հասկանում է խնդրի հրատապությունը և աշխատում է հարցի լուծման ուղղությամբ, և որ Ռուսաստանի պատկան մարմիններում հիմա շրջանառվում է գործող օրենքում փոփոխություններ կատարելու մի նախագիծ։

Բողոքի ակցիաները դադարեցրած բեռնատարների վարորդները, որոնցից մի քանիսին կառավարությունում էին վերջերս ընդունել, կառավարության կարճ հաղորդագրությունում չեն գտել իրենց հարցերի պատասխանները։

«Կառավարությունը մեզ խոսք է տվել, որ իրենք ամսի 24-ին հարցին լուծում են տալու։ Մեզանից խնդրեցին, որ մենք ճանապարհները բացենք։ Հարցի լուծումի պատասխանը այսօր 24-ն է, արդեն օրվա վերջ է։ Մենք ոչ մի պատասխան չենք ստանում։ Ուրեմն մեր ակցիաները շարունակվելու են», - ասաց վարորդներից մեկը։

Կառավարության կայքում հրապարակված այս տեղեկությունը նորություն չէ, ասում էին վարորդները։ Ի դեպ, երեք օր առաջ այս նույն տեղեկությունն Ազգային ժողովում հայտնել էր նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որն այսօր համառորեն հրաժարվեց մեր հարցերին պատասխանել։

Արտաքսման վտանգի առաջ կանգնած բեռնատարների վարորդները մի քանի անգամ բողոքի ակցիաներ էին արել կառավարության, հետո Ռուսաստանի դեսպանատան առջև։ Ապա փակել էին Հայաստան մտնող սահմանային երեք անցակետեր տանող ճանապարհները։

Բեռնատարների վարորդները շարունակում են պահանջել, որ տարվա ընթացքում Ռուսաստանում մնալու 90 օրը կրկնապատկվի։

«Մեր անհնազանդության ակցիաները նորից սկսվելու են, ու մենք նորից փակելու ենք այս անգամ ոչ միջպետական սահմանները, այլ բոլոր քաղաք մտնող, ելնող ճանապարհները արգելափակելու ենք, կատվածահար ենք անելու երկիրը», - ասաց բեռնատարի վարորդ Ռազմիկ Գվարգիզյանը։

«Ազատության» հարցին՝ իսկ դուք ի՞նչ պատասխան էիք ակնկալում այսօր լսել, վարորդը պատասխանեց. «Այն, որ ասում էր՝ լավ հույսեր ունենք, ասել են, որ լավ է լինելու։ Որ այսօր իրենք նիստից հետո չեղյալ էին անելու այդ օրենքը կամ ներքին կարգով ուկազ էին տալու իրենց ոստիկանությանը, որ չարգելափակել վարորդներին ֆուռի»։

Պահանջում են, որ Հայաստանը բանակցի Ռուսաստանի հետ, որ տեղի միգրացիոն խստացումները չտարածվեն իրենց վրա։ Ասում են՝ մեկ տարվա ընթացքում Ռուսաստանում գտնվելու 90 օրը քիչ է, դրա կեսն իրենք Լարսի հերթերում են անցկացնում։ Եթե անգամ մի քանի օրում գերազանցում են այդ ժամկետը, տուգանվում են, հետո ձերբակալվում ու արտաքսվումսկսվում Ռուսաստանից վերադարձի երեքից հինգ տարվա արգելքով։

«Մենք չենք սպասելու, որ բոլոր Հայաստանի ֆուռի վարորդներին դեպարտացիա անեն։ Այսօր նորից ևս վեց վարորդի դեպարտացիա են արել։ Եթե այսպես մնա, ովքեր չեն գնա, չեն ընկնի դեպարտացիայի տակ, իսկ եկողները, ով գալու է, հիմա ընկնելու են զապրետի տակ»։

XS
SM
MD
LG