Մատչելիության հղումներ

Վանաձորի դատարանում դանակահարության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Լրացված

Դանակահարած 16-ամյա տղան դեռ փախուստի մեջ է

Վանաձորի դատարանում դատական նիստի ընթացքում տեղի ունեցած դանակահարության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի, ինչպես նաև պաշտոնեական անփութության հատկանիշներով, հայտնում են Քննչական կոմիտեից:

Երեկ դատական նիստին ներկաներից մեկը, որ «Ազատության» տեղեկություններով,16-ամյա պատանի է, դանակահարել էր դաժան սպանության մեջ մեղադրվող ամբաստանյալին ու դիմել փախուստի: Քննչականից ասացին, որ դանակահարողը դեռ փախուստի մեջ է, նրան չեն հայտնաբերել:

Թե ինչպես է 16-ամյա տղան կարողացել սպանության փորձի համար նախատեսված դանակը նիստերի դահլիճ հասցնել, ինչպես է կարգադրիչների ներկայությամբ դանակահարել ամբաստանյալին, կարողացել հեռանալ դատարանի շենքից ու անհետացել: Մինչ իրավապահները կպարզեն, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն ասում է՝ դատարանը պետք է պաշտպանված տարածք լինի: Այստեղ դատական նիստերին հավաքվում են նաև մարդիկ, որոնք ունեն կորստի ցավ ու պետք է, որ լիարժեք անվտանգային պայմաններ լինեին դատարանում:

«Մահվան դեպքի պարագայում, երբ տեղի է ունենում սպանություն, այդ ցավի հաղթահարման պրոցեսը շատ ավելի բարդ է ու այդտեղ լուրջ մասնագիտական աջակցության կարիք կա: Որպես այդպիսի նման մասնագետներ չեն ներգրավվում վարույթի շրջանակներում, բացի դրանից մենք պետք է դիտարկենք, որ այդ տրավմատիկ իրողության պայմաններում դատարանների վերահսկողությունն ու դատարանում ապահով տեղեր ստեղծելը դատավարության համար հույժ կարևոր է: Այստեղ անվտանգային պայմաններն, իհարկե, բավարար չեն եղել», - նշեց Հովհաննիսյանը:

«Ազատության» տեղեկություններով՝ դանակահարություն կատարած պատանին անցած տարի Լոռի բերդ համայնքում սպանված 21-ամյա Հայկ Մաղաքյանի եղբայրն է, դանակահարվողը իր եղբոր սպանության մեջ մեղադրվող չորս ամբաստանյալներից մեկն է՝ Էրիկ Դադիվանյանը, որ ըստ դատական գործի, պայմանագրային զինծառայող է: Քննչական կոմիտեից հաստատեցին՝ դատական նիստը, որի ընթացքում տեղի է ունեցել դանակահարությունը, վերաբերել է հենց մեկ տարի առաջ Լոռի բերդում տեղի ունեցած դաժան սպանությանը:

Անցած տարի Քննչական կոմիտեն հայտնել էր, որ հայտնաբերել են ավելի վաղ սպանված ու տևական ժամանակ փնտրվող երիտասարդի մարմինը։ Կոմիտեն դեպքից մանրամասներ էր հաղորդել. «2024-ի հուլիսին 4 ընկերներով, որոնցից մեկն անչափահաս էր, Լոռի բերդ բնակավայրի տներից մեկում առաջացած վիճաբանության ժամանակ սպանելու դիտավորությամբ բութ, կոշտ, ինչպես նաև կտրող առարկաների գործադրմամբ առնվազն 5 հարվածներ են հասցրել Ստեփանավանի բնակիչ Հայկ Մաղաքյանին: Այնուհետև ավտոմեքենայով Հայկ Մաղաքյանի դին տեղափոխել և թաքցրել են նույն բնակավայրի «Գառադոկ» կոչվող հանդամաս, մասամբ այրել դիակի հագուստներն ու դին ծածկել հողով և քարերով»։

Դանակահարված ամբաստանյալի կյանքին վտանգ չի սպառնում

Այրված ու թաղված դիակն իրավապահները գտել էին երեք ամիս անց: Սպանության մեջ կասկածվող 4 անձինք հայտնաբերվել ու կալանավորվել էին: Նրանցից երեքը մեղադրվում են մի խումբ անձանց կողմից կատարված սպանության, իսկ անչափահաս անձը՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու համար:

Այս տարվա մարտից գործը քննում է Վանաձորի առաջին ատյանի իրավասության դատարանը: Դատական տեղեկատվական համակարգից երևում է, որ յոթ ամսվա դատաքննության ընթացքում դեռ բուն գործին չեն հասել: Այս բոլոր ամիսներին միայն խափանման միջոցի ու բացարկի միջնորդություններ են քննել:

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն ասում է՝ դատաքննությունների երկարաձգումը ևս լուրջ խնդիրներ է առաջացնում և տուժածներին ու նրանց հարազատներին հուսահատության է հասցնում:

«Մարդիկ այնքան են սպասում արդարադատության, և այդ երկարատևության պրոցեսը տալիս է բավական բացասական արդյունքներ: Փորձում են այդ երկարատևությունը կոմպենսացնել ինքնադատաստանով, չհավատալով արդարադատությանը փորձում են իրենք իրենց ուժերով որևէ քայլ ձեռնարկել իրենց պատկերացրած արդարությանը հասնելու համար», - ընդգծեց իրավապաշտպանը

Երեկ դատարանում կրծքավանդակի շրջանում դանակի հարվածից վիրավորված ամբաստանյալը Վանաձորի բժշկական կենտրոնում վիրահատվել է: Բժշկական կենտրոնից հայտնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG