Մատչելիության հղումներ

«Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են». Մայր Աթոռ


Մայր Աթոռը հայտարարում է՝ հետամուտ է լինելու օրինական բոլոր ճանապարհներով Հովհաննավանքի նկատմամբ իր իրավունքների վերականգնմանը՝ նշելով. «Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից չընդհատվող հալածանքները վերջին օրերին արտահայտվեցին անօրինակ նոր դրսևորումներով։

«Արագածոտնի թեմի Հովհաննավանքում Սուրբ Պատարագի նվիրական անվան ներքո իրականացված սրբապիղծ բեմականացումից հետո իրավապահների անմիջական մասնակցությամբ և խոչընդոտող խմբերի ներգրավմամբ, բռնազավթված է Հովհաննավանքը, որի հետևանքով խաթարվում է տեղում ծառայության նշանակված Տեր Սարգիս քհն․ Սարգսյանի և Տեր Մանուկ քհն․ Զեյնալյանի հոգևոր ծառայությունը։ Միաժամանակ խոչընդոտող խմբերի կողմից սպառնալիքներ ու բռնության կոչեր են հնչում ծառայության նշանակված հոգևորականների նկատմամբ», - նշված է հայատարարությունում։

Մայր Աթոռը արձանագրում է, որ «իշխանությունների հովանավորմամբ Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք և անվավեր են, իսկ Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման»։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետամուտ է լինելու օրինական բոլոր ճանապարհներով Հովհաննավանքի նկատմամբ իր իրավունքների վերականգնմանը, խղճի ազատության դեմ ոտնձգությունների հետևանքների վերացմանը, հավատացյալների հոգևոր-կանոնական կյանքի պաշտպանությանը և եկեղեցականների բնականոն ծառայության ապահովմանը։

Մայր Աթոռի կողմից կարգալույծ արված նախկին քահանան ոստիկանների մշտական պաշտպանության ներքո շարունակում է տնօրինել Հովհաննավանքի եկեղեցական կյանքը: Նախկին քահանան շարունակում է պնդել՝ չի պատրաստվում լքել խորանը, շարունակելու է Աստծուն ծառայել այստեղ՝ որքան ստացվի:

Նախորդ կիրակի Հովհաննավանքում պատարագ մատուցեց կարգալույծ հռչակված քահանա Սեր Արամը, որին մասնակցեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մայր Աթոռը հոկտեմբերի 21-ին է Տեր Արամին կարգալույծ հռչակել ու արգելել եկեղեցական ծեսեր կատարել, իսկ կիրակնօրյա պատարագի անցկացումը «հոգեկործան նախաձեռնություն» անվանեց՝ հայտարարելով, թե այն Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցին պառակտելու փորձ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG