Առանձնապես ծանր հանցագործության կազմակերպման մեջ մեղադրվող, Արցախից տեղահանված Տիգրան Ուլուբաբյանի գործն արդեն դատարանում է։
Ըստ դատարան հասած մեղադրանքի՝ երիտասարդը, որն ահազանգել էր ոստիկանությունում իր խոշտանգման մասին, կազմակերպել է զինված ավազակային հարձակում Վանաձորում ապրող իր բարեկամուհու բնակարանում, որի ընթացքում դիմակավորված անձինք զենքի սպառնալիքով հափշտակել էին շուրջ 800 հազար դրամի ոսկյա զարդեր։ Հանցագործության պահին բնակարանում են եղել Ուլուբաբյանի բարեկամուհին, նրա տարեց մայրն ու մանկահասակ երեխան։ Գործում շեշտված է, որ Տիգրանն իրականում դեպքի վայրում ներկա չի եղել, բայց պլանավորել է հանցավոր խմբի գործողությունները՝ համախմբել իր երեք մտերիմներին, նախնական համաձայնություն ձեռք բերել, բաշխել դերերն ու տեղեկատվություն տրամադրել։
Ըստ իրավապահների՝ 30-ամյա երիտասարդը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել ավազակային հարձակումից տուժած ընտանիքի հետ, որը նույնպես Արցախից տեղահանված է։ Հանցագործության օրն էլ նա հյուր է եղել այդ տանը։
Մինչդեռ գրեթե չորս ամիս բանտում գտնվող Տիգրան Ուլուբաբյանը կտրականապես հերքում է իր առնչությունն այս հանցագործությանը։ Նա դեռ դեպքից անմիջապես հետո բարձրաձայնել էր, թե Լոռու ոստիկաններն իրեն խոշտանգել ու ստիպել են խոստովանական ցուցմունք տալ։
Դրանից հետո իրավապահ կառույցի դիմաց տեղի ունեցան բողոքի ակցիաներ, հարուցվեց քրեական գործ, բայց ոստիկանները հերքեցին խոշտանգման մասին մեղադրանքները, և ամիսներ անց այս մասով քրեական գործը փակվեց:
Ակցիաների ժամանակ Տիգրան Ուլուբաբյանը լրագրողներին պատմել էր. «Առաջին անգամ 14-ին են ինձ տարել հարցաքննել՝ «հեսա մշակում ենք քեզ, պրիզնատ արի, դու ես կազմակերպել», ես էլ ասում եմ՝ եթե ես եմ կազմակերպել ապացուցի, ես կյանքում տենց բան չեմ անի, ես էդքան գողություն կազմակերպողի նմա՞ն եմ»:
Ոստիկանների խոշտանգումների մասին բարձրաձայնած երիտասարդն, ի վերջո, մեղադրվեց ծանր հանցանքի մեջ:
Ուլուբաբյանի փաստաբան Էրիկ Բեգլարյանը չի բացառում, որ Տիգրանի նկատմամբ ծանր մեղադրանքը հաշվեհարդար է բողոքի ակցիաների և իրավապահներին մեղադրելու համար։ Փաստաբանը բազմիցս պնդել է, որ գործում իր պաշտպանյալի մեղքը հիմնավորող որևէ ապացույց չկա։
Ավելի վաղ «Ազատությանը» տված հարցազրույցում նա ասել էր՝ նախաքննությունն ավարտվել է՝ ապացույցների բացակայությամբ։ Միակ ապացույցն ամբաստանյալներից մեկի կնոջ ցուցմունքն է, որը նախ ջարդել էր ամուսնու ծնոտը, հետո հայտնվել ոստիկանությունում։ Հենց այնտեղ էլ հիշել է՝ ինչպես էր ամուսինը Տիգրանին գովաբանում, իբրև թե նա չէր մատնել ավազակներին, «Ազատությանն» ասել էր փաստաբանը:
Ամբաստանյալից բացի, անգամ ավազակային հարձակումից տուժած ընտանիքի անդամներն են մշտապես նշել, թե նույնիսկ չեն կասկածում, որ Տիգրանը կարող էր նման հանցանքի գնալ։
Դեռ նախաքննության ընթացքում տանտերն «Ազատությանն» ասել էր, թե «չնչին կասկած անգամ չունեն» նրա նկատմամբ։
Օգոստոսին Ուլուբաբյանը բանտում գրեթե մեկ ամիս հացադուլի մեջ էր՝ արդարադատություն էր պահանջում։ Միևնույն է՝ իրավապահներն ամբողջ մեղադրական եզրակացությունն այս ուղղությամբ են տարել ու գործն ուղարկել դատարան։
Այս գործով ևս երեք ամբաստանյալ կա, նրանք նույնպես չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքը: