ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը և Չինաստանը, իրականացրել են ստորգետնյա միջուկային փորձարկումներ, և որ Միացյալ Նահանգները կհետևի նրանց օրինակին։
«Ռուսաստանի փորձարկումը, Չինաստանի փորձարկումը: Բայց նրանք դրա մասին չեն խոսում: Դուք պարտադիր չէ, որ իմանաք, թե որտեղ են նրանք փորձարկումներ անում։ Նրանք ստորգետնյա փորձարկումներ են անցկացնում և մարդիկ ճշգրիտ չգիտեն, թե ինչ է կատարվում փորձարկման հետ: Ես ասում եմ, որ մենք փորձարկելու ենք միջուկային զենք, ինչպես անում են այլ երկրները», - CBS-ի «60 րոպե» ծրագրում ասել է ԱՄՆ նախագահը:
«Ես չեմ ուզում լինել միակ երկիրը, որը փորձարկում չի անում», - ասել է Թրամփը՝ Հյուսիսային Կորեան և Պակիստանը ավելացնելով այն երկրների ցանկին, որոնք, ենթադրաբար, փորձարկում են իրենց զինանոցները։
ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո՝ Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հերքեց Չինաստանի կողմից միջուկային զենքի փորձարկման մասին լուրը:
Նախորդ շաբաթավերջին ԱՄՆ նախագահը Պենտագոնին հրամայեց սկսել միջուկային զենքի փորձարկումներ՝ հավասարվելով Չինաստանին և Ռուսաստանին։ Իսկ այս հայտարարությունից առաջ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ Մոսկվան հաջողությամբ փորձարկել է «Պոսեյդոն» գերտորպեդոն, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր միջուկային շարժիչ ունեցող «Բուրեվեստնիկ» անսահմանափակ հեռահարության թևավոր հրթիռի հաջող փորձարկման մասին, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շեշտել էր՝ Վլադիմիր Պուտինը պետք է պատերազմը դադարեցնի, ոչ թե հրթիռներ փորձարկի: