Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՊՆ-ը հայտնել է, որ սեղմում է օղակը Պոկրովսկում ուկրաինական զորքի շուրջ


Ռուսաստանը հայտարարել է, որ սեղմում է օղակը ուկրաինական զորքի շուրջ Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքում, որը փորձում է գրավել արդեն մոտ մեկ տարի: Ըստ Պաշտպանության նախարարության՝ ուկրաինական զորքին դուրս են հանել քաղաքի 35 շենք-շինություններից:

Ըստ տարբեր աղբյուրների, ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Պոկրովսկի մեծ մասը, նաև հարակից գյուղեր։ Զորքերի տեղաշարժին հետևող ուկրաինական DeepState նախագծի թարմացված քարտեզը ևս հաստատում է, որ ռուսական զորքը շարունակում է առաջխաղացումը:

Ուկրաինական հետախուզությունն այսօր, սակայն, հրապարակել է լուսանկարներ, տեսանյութեր, որոնք ենթադրաբար արվել են Պոկրովսկի մոտ, որտեղ այժմ թեժ մարտեր են: Նշվում է, որ հատուկ նշանակության ուժերի համար ստեղծվել է ցամաքային միջանցք, և նրանց միացել են լրացուցիչ ուժեր:

Ռազմական փորձագետ Պավել Լակիյչուկը «Ազատության» «Նաստոյաշեե վրեմյա» հեռուստաալիքին ասել է, որ Պոկրովսկը շատ կարևոր կետ է, քանզի այդտեղով են անցնում տրանսպորտային կապուղիներ, նաև այն ապահովում է պաշտպանական գծի ամրությունը: Ու եթե ռուսական զորքը գրավի քաղաքը, դա ուղիղ ճանապարհ կբացի դեպի հարակից քաղաքներ:

«Եթե մենք կորցնենք Պոկրովսկն ու Միրնոգրադը, ապա ռուսական զորքն ուղղություն կվերցնի դեպի Կոնստանտինովկա, Դրուժկովկա և Կրամատորսկ», - նշել է փորձագետը:

«Ռազմաճատակի բոլոր մարտերի մոտ 30 տոկոսը տեղի է ունենում Պոկրովսկում». Զելենսկի

Ուկրաինայի նախագահը, երեկոյան անդրադառնալով Պոկրովսկում իրավիճակին, հայտնել է, որ ռուսական զորքը մեծ ուժեր է կուտակել այնտեղ և ինտենսիվ հրետակոծում է քաղաքը, որտեղ, ուկրաինական կողմի գնահատականներով, ներթափանցել է մոտ 300 զինվոր: Չնայած դրան՝ ռուսական զորքը վերջին օրերին հաջողություններ չունի այնտեղ, ասել է Վլադիմիր Զելենսկին:

«Ռազմաճակատի բոլոր մարտերի մոտ 30 տոկոսը տեղի է ունենում Պոկրովսկում։ Ռուսաստանի կիրառած կառավարվող ռումբերի մոտ 50 տոկոսը բաժին է ընկնում Պոկրովսկին։ Այսինքն՝ հասկանում եք, թե որքան դժվար է մեր տղաների համար», - ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ դժվար իրավիճակ է նաև հարևան Դոբրոպիլիայում, թեև այստեղ, ըստ նրա, ռուսական զորքն ամբողջությամբ կորցրել է նախաձեռնությունը: Այսօր արդեն Զելենսկին այցելել է Դոբրոպիլիա, պարգևատրել զինվորականներին:

Գերագույն ռադայի ընդդիմադիր պատգամավոր Մարիանա Բեզուգլան Զելենսկին մեղադրել է Պոկրովսկում և Կուպյանսկում իրավիճակի մասին բացահայտ ստելու համար. «Եթե այս սուտը նրա կողմից տեղեկատվական մտածված գործողություն լիներ, իսկ որոշումները կայացվեին իրական, ստուգված տեղեկությունների հիման վրա... Բայց մեզ մոտ որոշումները կայացվում են նույն այս փտած ստերի հիմա վրա»:

Ռուս ռազմական վերլուծաբան Յան Մատվեևը «Ազատության» «Նաստոյաշեե վրեմյա» հեռուստաալիքին ասել է, որ առայժմ ոչինչ չի վկայում, որ ռուսները վերահսկում են Պոկրովսկի մեծ մասը: Ըստ նրա՝ նախկինում ռուսները մեծ քաղաքներ գրավելիս դրոշներով լուսանկարվում էին քաղաքի տարբեր մասերում, տեսանյութեր պատրաստում փողոցներում, ինչը վկայում էր, որ այդ տարածքները համեմատաբար անվտանգ են նրանց համար: Մինչդեռ հիմա այդպիսի տեսանյութեր չկան, իսկ հրապարակվածներն արված են անօդաչուներից, ինչը չի վկայում, որ ռուսները վերահսկում են քաղաքի մեծ մասը:

«Միակ տեսանյութը, որ կա, ըստ ամենայնի հարավային ծայրամասերում է արված, որտեղ ռուս զինվորականները երկու-երեք խաղաղ բնակչի են ինչ-որ տեղ տանում: Իսկ որ նրանք դիրքավորվել են հարավային թաղամասերում, դա մինչ այդ էլ հասկանալի էր», - ասել է Մատվեևը:

Ռուսական և ուկրաինական կողմերը գիշերը շարունակել են հարվածել միմյանց

Այս ընթացքում կողմերը շարունակել են հարվածել միմյանց: Ուկրաինական զինուժը գիշերը հարվածել է Բաշկորտոստանի Ստերլիտամակ քաղաքի քիմիական գործարանին, նաև Կուրսկի մարզի Ռիլսկ քաղաքի էլեկտրակայանին, մոտ 16,000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Ուկրաինական անօդաչունների պատճառով ռուսական մի շարք քաղաքների օդանավակայանները գործում են սահմանափակումներով:

Ռուսական զինուժի հարվածներից Դնեպրոպետրովսկում սպանվել է մեկ, վիրավորվել 11 մարդ, վեց մարդ էլ վիրավորվել է Խարկովում: Ռուսական զորքը հարվածել է նաև Օդեսայի էներգետիկ և նավահանգստային ենթակառուցվածքներին:

Օդեսայում անվտանգությունից ելնելով տեղի ուղղափառ եկեղեցու քահանա հայր Դմիտրի Կրասնոբաևը 25 մետր խորությամբ գտնվող ռմբապաստարանում եկեղեցի է հիմնել, որտեղ պարբերաբար աղոթում են մի խումբ հավատացյալների հետ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG