Մատչելիության հղումներ

Իշխող ուժը ձևավորում է առաջիկա ընտրությունների իր ցուցակը նոր ձևաչափով՝ ինքնառաջադրմամբ ու փրայմերիզներով


Ազգային Ժողովի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մտադիր է առաջադրվել հաջորդ տարվա ընտրություններում ՔՊ-ի համամասնական ցուցակում ընդգրկվելու համար: Մամուլում, իշխանական շրջանակներին հղում անելով, հրապարակումներ եղան, թե Քոչարյանը չի լինի հաջորդ խորհրդարանում: Իշխանական խմբակցության պատգամավորն «Ազատությանը» փոխանցեց՝ մյուս շաբաթ ցանկությունն իրականություն կդարձնի:

Իշխող ուժն առաջիկա ընտրություններում իր ցուցակը որոշել է ձևավորել նորամուծությամբ՝ այնտեղ ընդգրկվել ցանկացողները նախ պետք է ինքնառաջադրվեն: Կուսակցականները զուտ դիմումով, իսկ անկուսակցականները ՔՊ ղեկավար կազմից՝ վարչությունից որևէ մեկի երաշխավորությամբ: Եթե այս փուլը հաղթահարեն ու գրանցվեն, պետք է պատրաստ լինեն կլորիկ գումար մուծելու՝ կուսակցական թեկնածուները 500-հազարական դրամ, անկուսակցականները 3 անգամ ավելի՝ 1.5 միլիոն: Բայց սա նրանցից որևէ մեկի տեղը չի երաշխավորի ցուցակում, այն հաստատելուց առաջ կլինեն փրայմերիզներ:

Պատգամավորներից Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց, թե տեխնիկապես դա ինչպես է կազմակերպվելու. «Այսինքն, ըստ վարկանիշային քվեարկության, կուսակցականները պետք է գան ու քվեարկեն: Ամենաշատ ձայն հավաքածը կլինի առաջին համարում, ըստ հերթականության արդեն ձայների, կլինեն 1-ից մինչև, չգիտեմ, 150»:

«Ազատության» դիտարկմանը՝ «իսկ եթե Նիկոլ Փաշինյանը չհավաքի այդ ձայները, Նիկոլ Փաշինյանը չի՞ գլխավորի», Գաբրիելյանը պատասխանեց. «Եղել են դեպքեր, կարծես սա 2-րդ անգամ է, որ վարչության նախագահը լինում է Նիկոլ Փաշինյանը, դրանից առաջ վարչության նախագահ չի եղել, ես այդտեղ խնդիր չեմ տեսնում: Բայց ամեն ինչ հուշում է, վերջերս անցկացրած վարչության ընտրությունները ցույց տվեցին, որ կուսակցությունը այս պահին որպես համամասնական ցուցակի առաջնորդ վստահաբար կտեսնի նաև հենց իրեն»:

Առաջինը, ով իր ինքնառաջադրման մասին հրապարակային հայտարարեց՝ կուսակցության ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր: Նրան հետևեց վարչության անդամ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ապա՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ բոլորը ֆեյսբուքյան գրառումներով: Թե քանի՞ հոգի չի բարձրաձայնել ինքնառաջադրման մասին ու քանիսն են ոչ կուսակցական, դեռ հայտնի չէ:

Խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ուզում է հաջորդ խորհրդարանում էլ լինել. «Եթե նպատակ ունեմ կրկին պատգամավոր դառնալ, բնականաբար կուզենամ անցողիկ տեղում լինել, դա շատ տրամաբանական է»:

Ի տարբերություն Սարգիս Խանդանյանի, ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը դեռ մտածում է. «Միանշանակ է այն, որ ես ինձ տեսնում եմ իմ թիմի հետ, ինչ կարգավիճակում թիմի հետ, դա արդեն այլ հարց է: Այսինքն՝ այնպես չի, որ կասկածներ են, չէ, ուղղակի դու քո ֆունկցիոնալությունը պետք է գնահատես, քո հնարավորությունները և հասկանաս»:

Ազգային ժողովի կրթության հանձնաժողովը ղեկավարող Սիսակ Գաբրիելյանը հակված է ինքնառաջադրվել: Կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը պնդում էր՝ մտածելու ժամանակ չի ունեցել. «Չեմ մտածել այդ մասին, եթե անկեղծ: Կարծում եմ՝ դա առաջին հերթին կուսակցականներին է վերաբերում, քանի որ ինքս կուսակցական չեմ, չեմ մտածել»:

Ինչո՞ւ են այսքան շուտ սկսել, Խանդանյանը իրենց բարձր պատասխանատվության, ժողովրդին պատշաճ ներկայանալու ցանկությամբ էր բացատրում վաղ մեկնարկը: Որպես հերթական ընտրությունների անցկացման օր պաշտոնյաները հունիսի 7-ն են նշում:

Քաղաքական մեկնաբանը չի բացառում՝ իշխանությունը չի հրաժարվել արտահերթի գնալու գաղափարից

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, ընտրություններից 7 ամիս առաջ սկսած նախընտրական այս թոհուբոհին նայելով չի բացառում՝ իշխանությունը չի հրաժարվել արտահերթի գնալու գաղափարից:

«Զգալիորեն ստատուս քվո է փոխվել, օրինակ, Սամվել Կարապետյանի մուտքով, ու այստեղ ամենևին բացառված չէ նաև, որ Նիկոլ Փաշինյանը կարող է մտածել այս հարցում ևս հնարավորինս առաջ անցնելու մասին, քանի դեռ Կարապետյանն ամբողջապես չի կազմավորել իր ընտրական ուժը: Այսինքն՝ ընդդիմությանն անակնկալի բերելու հաշվարկը ևս կարող ենք դիտարկել Փաշինյանի արտահերթի մոտիվացիան բարձրանալու տրամաբանության շրջանակում», - ասաց Բադալյանը:

Իսկ եթե ամեն ինչ տանում է հերթական ընտրությունների, ըստ Բադալյանի, իշխանության դիրքերն այնպիսին են, որ ՔՊ-ի համար երբեք շուտ չէ ինտենսիվ քարոզչությամբ զբաղվելը. «Մենք գիտենք անվտանգության արտաքին հարցերում գործնականում ոչ մի ձեռքբերում չկա բացի օգոստոսի 8-ի հիման վրա ընդամենը քարոզչական մակարդակում խաղաղության հարցը խաղարկելուց: Ներքին առումով էլ, եթե օրինակ դուրս ենք բերում ասֆալտապատման ու դպրոցների շինարարության հանգամանքը, այն էլ պետական պարտքի աստղաբաշխական աճի պայմաններում, ապա ներքին հարցերում ևս մենք տեսնում ենք, որ ոչ մի այլ ձեռքբերման մասին խոսք չի կարող գնալ»:

Փաշինյանի թիմակիցները մինչդեռ կարծում են, որ հաջորդ ընտրություններում ևս մեծամասնություն են ստանալու:

Չնայած հերթական ընտրություններին մոտ 7 ամիս է մնացել, բայց արտահերթ ընտրություններ անցկացնելու իրավական խոչընդոտ այսօր չկա: Իշխանությունն այս ընթացքում մեկ անգամ չի հավաստիացրել, որ չեն պատրաստվում արտահերթ զարգացումների: Իսկ արտահերթ կարող է անցկացվել, եթե ԱԺ-ն արձակվի: 2021-ին Փաշինյանի իշխանությունը գնաց այդ ճանապարհով. վարչապետը հրաժարական տվեց, ԱԺ-ը 2 անգամ վարչապետ չընտրեց, նշանակվեց արտահերթ ընտրություն:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG