Մատչելիության հղումներ

«Չենք կիսում ընկալումը, թե մեր Սահմանադրությունում Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա». Միրզոյան

Լրացված

«Մենք չենք կիսում ընկալումը, թե մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա», - ադրբեջանցի լրագրողի հարցին ի պատասխան հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք չենք կիսում ընկալումը, թե մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա: Հետևաբար մենք չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ և չենք բանակցում սրա շուրջ: Խաղաղությունը հաստատված է, մի շարք հարցերի շուրջ համաձայնությունները ձեռքբերված են, հրապարակված է, ստորագրված է: Բայց կան նաև հարցեր, որ երկու երկրները չեն համաձայնվում: Սա այդպիսի հարցերից մեկն է: Մենք չունենք անգամ համաձայնություն այն մասին, որ Հայաստանի սահմանադրությունը կամ Ադրբեջանի սահմանադրությունը, որն ըստ մեզ ենթադրում է որոշակի ակնարկներ կամ սպառնալիքներ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, չունենք համաձայնություն, որ սա բանակցային օրակարգի մաս է», - «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում նշեց Միրզոյանը:

Արտգործնախարարը նաև հավելեց. «Մենք դեռ 2018 թվականին հանրային ասել ենք, որ մենք խնդիր ունենք մեր Սահմանադրությունը փոխելու, բայց սա այս դահլիճի հայաստանյան հատվածին է վերաբերում, նախևառաջ ներհայաստանյան և միայն գուցե ներհայաստանյան օրակարգի մաս է»:

Բաքուն շարունակում է պահանջել ՀՀ Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագիրը, որտեղ հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի մասին: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի հարևան երկրից, ինչը, ըստ Ադրբեջանի, ամրագրված է Սահմանադրության տեքստում:

Հայաստանի իշխանությունները նաև հայտարարել են նոր Սահմանադրություն ընդունելու մասին, սակայն շեշտելով, որ դա չեն անում Բաքվի պահանջը կատարելու համար:

Կարս-Նախիջևան երկաթուղու մասին

Անդրադառնալով Կարս-Նախիջևան երկաթուղու վերաբերյալ հարցին, Միրզոյանն ասաց՝ բազմաթիվ տեխնիկական բաներ կան, որ դեռ պետք է հաստակեցվեն. «Հիմա մենք այդ պրոցեսի մեջ ենք Միացյալ Նահանգների հետ»:

«Մենք այսօր էլ ամերիկյան կողմի հետ քննարկում ենք այն տեխնիկական լուծումները, իրավական ձևակերպումները, պայմանագրերը: Այո, Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների ղեկավարները եկել են համաձայնության հիմնական սկզբունքների շուրջ, բայց կան բազմաթիվ տեխնիկական լուծումներ՝ ընդհուպ այդ ընկերության ձևավորումը վերջացրած հավանաբար էլեկտրոնային սկաներներով, որոնք կտեղադրվեն: Գործընթացը շատ ինտենսիվ է ընթանում, բայց չեմ կարող ասել՝ որ ամսաթվին կավարտվի, որ ամսաթվին կհիմնվի ընկերությունը, որ ամսաթվին կհրավիրվի շինարարական ընկերությունը, որ ամսաթվին կգնա առաջին գնացքը», - նշեց Միրզոյանը՝ հավելելով՝ «մենք շահագրգռված ենք, որ դա տեղի ունենա օր առաջ»:

Հայաստանի արտգործնախարարը ընդգծեց, որ շատ կարևոր է նաև Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկումը:

«Նաև այդ ճանապարհով կապահովվի Հեռավոր արևելեք և Միացյալ Թագավորություն կամ Պորտուգալիա ապրանքների շարժն ու տեղափոխությունը»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG