Մատչելիության հղումներ

Վահան Քերոբյանը կրկին ձերբակալվել է. նա անցնում է կոռուպցիոն գործով


Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը կրկին ձերբակալվել է: Նրա տանն այսօր իրավապահները խուզարկություն են իրականացրել:

Ձերբակալությունը, սակայն, կապ չունի Քերոբյանի պաշտոնավորման ժամանակահատվածի հետ: Այս անգամ Էկոնոմիկայի նախկին նախարարը անցնում է շուրջ 17 տարի առաջ տեղի ունեցած կոռուպցիոն գործով: Վահան Քերոբյանին մասնավորապես մեղսագրվում է հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեղադրանքներ:

Ըստ Քննչականի՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ ստեղծվել է հանցավոր կազմակերպություն, որը կեղծ փաստաթղթերով 2008-ից մինչև 2014 թվականը հափշտակել է Երևան համայնքին պատկանող շուրջ 74 հեկտար մակերեսով հողատարածքներ: Կոմիտեն հաղորդում է, որ հանցավոր կազմակերպության անդամները այդ անշարժ գույքերը իրենց հետ փոխկապակցված ընկերությունների միջոցով տարբեր ժամանակահատվածներում գրավադրել են բանկերում՝ ստանալով 10 մլն և ավելի ԱՄՆ դոլարի վարկեր:

Թե Վահան Քերոբյանը կոնկրետ ինչպես է հանցավոր կազմակերպությանը մասնակից դարձել և ներգրավվել փողերի լվացման գործում, Քննչականը չի հստակեցնում: Այդ տարիներին Քերոբյանը «Սթար Դիվայդ» ՓԲԸ գործադիր տնօրենն էր:

Ըստ Քննչականի, հանցավոր կազմակերպությունը ստեղծել են գինու-կոնյակի գործարանի սեփականատեր Հ.Մ.-ն, որը ըստ «Ազատության» տեղեկությունների՝ Էրեբունու Գինու-Կոնյակի գործարանի սեփականատեր Հովհաննես Մարգարյանն է, Կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը, ինչպես նաև մի քանի ընկերությունների սեփականատեր Գ. Ա. -ն: Վերջինս, մեր տեղեկություններով, գործարար Գևորգ Աֆանդյանն է, նախկին «Սթար» սուպերմարկետների ցանցի և «Արզնի» հանքային ջրերի գործարանի և այլ ընկերությունների սեփականատերը: Աֆանդյանը նույնպես ձերբակալված է:

Այս գործով ընդհանուր առմամբ 12 անձի ձերբակալելու որոշում կա: 9-ն արդեն իսկ ձերբակալված են, այդ թվում՝ Վահան Քերոբյանը, ով, փաստաբան Տիգրան Եգորյանի փոխանցմամբ, մեղադրանքը չի ընդունում: Էկոնոմիկային նախարարին Քննչական կոմիտեն կալանավորելու միջնորդություն է ներկայացրել:

«Բնականաբար, պարոն Քերոբյանը մեղադրանքը չի ընդունում, այլ մանրամասներով հիմա չենք կարող հանդես գալ ու մեկնաբանություններով հանդես գալ, դրանց մասին կխոսենք կալանքի նիստից հետո», - նշեց փաստաբանը:

«Ազատության» հարցին՝ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է Քերոբյանն այս գործի ետևում, Եգորյանը պատասխանեց. «Բոլոր հարցերի ու դրանց համապատասխան մանրամասների վերաբերյալ այնքանով, որքանով կհամարենք անհրաժեշտ՝ էլի կալանքի նիստից հետո»:

Հարցին՝ կալանավորման որոշումը կա՞, նա արձագանքեց. «Ուղարկել են որոշումը, սպասում ենք դատարանը նիստ նշանակի, կալանքի որոշումը Քննչականը կայացրել է»:

50-ամյա Վահան Քերոբյանը վարչապետ Փաշինյանի առաջարկությամբ Էկոնոմիկայի նախարար նշանակվեց 2020 -ին:

Չորս տարի անց՝ 2024 -ին, նա ազատվեց պաշտոնից և անմիջապես կալանավորվեց: Նախկին նախարարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով։ Ըստ Քննչականի՝ 2023-ին Էկոնոմիկայի նախարարությունը մրցույթին մասնակցող ընկերությունների միջև ընտրություն էր կատարել ավելի բարձր գին առաջարկած «Սիներջի»-ի օգտին։ Մինչդեռ, Քերոբյանը չի ընդունում մեղադրանքն ու շարունակում է պայքարել արդարացման համար։ Այս գործն արդեն դատարանում է:

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը ստանձնելուց առաջ Քերոբյանը տարիներ շարունակ բիզնեսով է զբաղվել: 2012-2020 -ը «Menu Group» -ի հիմնադիր տնօրենն էր: 2006-2012 թվականները Քերոբյանը «Սթար Դիվայդ» ՓԲԸ գործադիր տնօրեն էր: Հենց այս ընկերության գործունեության շրջանակներում էլ Քերոբյանը ձերբակալվել է:

Առայժմ պարզ չէ, արդյոք ձերբակալված գործարար Գևորգ Աֆանդյանին պատկանող նախկին «Սթար» առևտրային ցանցը և Վահան Քերոբյանի «Սթար Դիվայդ» ընկերությունը փոխկապակցված են եղել միմյանց հետ, թե՝ ոչ:



XS
SM
MD
LG