Մատչելիության հղումներ

Ադրբեջանի պատվիրակությունը չի մասնակցի Եվրանեսթ ԽՎ երևանյան նիստին


Եվրանեսթում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Թահիր Միրկիշիլի, արխիվ
Եվրանեսթում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Թահիր Միրկիշիլի, արխիվ

Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 28-30-ը Երևանում։ Այս մասին APA-ին հայտնել է Եվրանեսթում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Թահիր Միրկիշիլին։

Եվրախորհրդարանի փաստաթղթերն ու հայտարարությունները, որոնք Եվրանեսթ ԽՎ գործունեության մի մասն են, ըստ ադրբեջանական պատվիրակության ղեկավարի, հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

«Այս հայտարարությունները նաև չեն աջակցում տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, հակառակը՝ տարածաշրջանում թշնամանքի շարունակմամբ շահագրգռված ուժերի ջրաղացին ջուր են լցնում։ Միլլի Մեջլիսը բազմիցս բողոքել է դրա դեմ», - հայտարարել է Միրկիշիլին՝ շարունակելով. - «Այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև կայացած խաղաղության հանդիպումից հետո Եվրախորհրդարանի ոչ կառուցողական հայտարարությունը կրկին խաթարեց ադրբեջանական պատվիրակության վստահությունը Եվրանեսթ ԽՎ-ի շրջանակրում այս կազմակերպության հետ համագործակցության օգուտների նկատմամբ։
Այս պատճառներով մենք չենք մասնակցի Երևանում կայանալիք լիագումար նիստին։ Մենք մեր առարկությունները փոխանցել ենք նաև կազմակերպության ղեկավարությանը»։

«Ցանկանում եմ նշել, որ այս որոշումը կապված չէ այն փաստի հետ, որ միջոցառումն անցկացվում է Հայաստանում։ Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն իսկ ապահովված է, և գործնական քայլեր են ձեռնարկվում հարաբերությունները կարգավորելու համար», - ասել է Եվրանեսթում ադրբեջանական պատվիրակության ղեկավարը։

Եվրախորհրդարանը մասնավորապես օգոստոսի 11-ի հայտարարությամբ բարձր էր գնահատել Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների վճռականությունը՝ վերջ դնելու երկարատև հակամարտությանը, ինչպես նաև Միացյալ Նահանգների նշանակալի ներդրումը նման դրական արդյունքի հասնելու գործում։ Միաժամանակ, Եվրոպական խորհրդարանը ողջունել է առաջնորդների անվերապահ հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, ինչպես նաև միջազգային սահմանների անձեռնմխելիության և տարածք ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքներին։

Եվրախորհրդարանը հայտարարությունը եզրափակել էր վստահությամբ, որ այս մոտեցումը կնպաստի սահմանազատման գործընթացում հետագա առաջընթացին և մոտ ապագայում Ադրբեջանի զինված ուժերի լիակատար դուրսբերմանը Հայաստանի տարածքից։ Կառույցը նաև ընդգծել էր Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և տեղահանված Ղարաբաղի հայերի չլուծված խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG