ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին և ապահովել Արցախից տեղահանվածների վերադարձը, հայտնում է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը:
«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր ընդունել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից աջակցվող փոփոխությունը՝ 2026թ․ պետդեպարտամենտի լիազորությունների մասին օրինագծում», որը պարտադրում է պետդեպարտամենտին ապահովել հայ ռազմագերիների ազատ արձակումը, պաշտպանել Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը, աջակցել Արցախի տեղահանված հայերի վերադարձի իրավունքի իրացմանը։ Պատասխանատվության ապահովման ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ էր Թուրքիայի տարածաշրջանային ապակայունացնող գործողությունների վերաբերյալ համապարփակ զեկույցի պահանջը», - ասված է հայտարարությունում։
Կոնգրեսական Գեյբ Ամոնն էլ ասել է. «Հայկական կրոնական և պատմական հուշարձանները շարունակում են ոչնչացվել։ Հայ ռազմագերիները դեռ պահվում են Ադրբեջանում։ Եվ ավելի քան 120.000 հայ փախստականներ դեռ չեն կարող անվտանգ վերադառնալ իրենց տներն Արցախում։ Իմ փոփոխությունը կապահովի, որ մենք շարունակենք խաղաղության ճանապարհով գնալ՝ պարտավորեցնելով պետդեպարտամենտին պաշտպանել հայկական ժառանգությունն ու սրբավայրերը, ապահովել ռազմագերիների ազատումը և փախստականների անվտանգ վերադարձը իրենց տները»։
Ընդունված առաջարկությունն ուղարկվելու է Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի քննարկմանը։
Հանձնաժողովում քննարկվել են նաև Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Բրեդ Շերմանի փոփոխություններ առաջարկները, որոնցից մեկը նպատակ ուներ չեղարկել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը չկիրառելու նախագահական իրավասությունը և վերականգնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակության կոնգրեսական արգելքը։ Առաջարկը մերժվել է երկու ձայնի տարբերությամբ: