«Էրկու ատոմակայան ենք էս ընթացքում ստեղծել առանց աղմուկ-աղաղակի», - հայտարարել է Հայաստանի վարչապետը: Պաշտոնական վիճակագրության համաձայն, սակայն, արևային էներգետիկայի ոլորտը, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, այս տարվա առաջին վեց ամիսներին մատակարարել է Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի 7.8 տոկոսն ընդամենը։
«Իսկ արևային կայաններն աշխատում են, այսպես ասած, արևի ռեժիմով, և արևի ռեժիմով աշխատելով իրենք ամենևին էլ այդքան հեշտ կառավարելի չեն և էդ քանակի էներգիա չեն տալու, ինչքան որ ատոմակայանը կարող էր տալ՝ հզորության, այսպես ասած, հաշվարկով», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց էներգետիկ ոլորտի փորձագետ Հայկ Շեկյանը:
Փորձագետը փաստում է՝ թեև երկրով սփռված մոտ 40 հազար արևային կայան կա, բայց ատոմակայանի հետ համեմատելու եզրեր չկան. - «Դե դրանք տարբեր բաներ են: Եթե, օրինակ, էդ արևային կայանները լինեին կուտակիչներով, ինչը շատ կարևոր խնդիր է, և վարչապետի խոսքում հենց դրա մասին էլ ասում է, որ կան խնդիրներ էդ ամեն ինչը կառավարելու, ՀԷՑ-ին դժվար է, ՏԿԵՆ-ին դժվար է, իսկ կառավարել նշանակում է արևային կայանները հագեցնել կուտակիչ կայաններով՝ ակումուլյատորներով, այսպես ասած, ժողովրդական լեզվով, որը արդեն ռեալ այդ երկու տեխնոլոգիաները համադրելի կդարձնի, և դու կարող ես կուտակել և սպառել արդեն ըստ քո քմահաճույքի, քո սպառման կարիքի, ժամի, օրվա գրաֆիկից կախված: Միայն այդ դեպքում կարելի է դրանք, այսպես ասած, հավասարության նշան դնել»:
Շեկյանը, որի հիմնած «Շտիգեն» ընկերությունն ավելի քան 10 տարի զբաղվում է արևային էներգիայի արտադրությամբ, փաստում է՝ ոլորտում հստակ քաղաքականության պակաս կա, արևը էժան էներգիայի մեծ աղբյուր է՝ քիչ ծախսատար, ներդրումներ չպահանջող, բայց բանալի պետք է ունենաս, դարձնես այն կառավարելի։
Մասնագետի խոսքով՝ այսօր ցերեկային ժամերին էներգիայի ավելցուկ է լինում,
ՀԷՑ-ը չգիտի ինչ անել դրա հետ։ Պարզ թվաբանությունը հուշում է, որ եթե մի բանը շատ է, ապա գինը պետք է իջնի։
«Նույն խնդիրը, ինչ որ ունենք մենք, կա նաև այլ երկրներում՝ նույն, չգիտեմ, Եվրոպայում, Արևմուտքում, Չինաստանում, սակայն կան նաև լուծումներ, և այդ մարտկոցները դրա լուծման տարբերակներից մեկն է՝ կայունացնելու անկայուն և անկառավարելի վերականգնվող էներգետիկայի՝ հողմայինի և արևայինի, արտադրանքը: Բոլոր երկրներում զարգացած դա օգտագործվում է», - ասաց Հայկ Շեկյանը՝ շարունակելով. - «Բացի դա, շատ ավելի մատչելի և քիչ ծախսատար, այսինքն՝ ներդրումներ չպահանջող միջոց է սակագնային քաղաքականությունը, որով որ դու խթանում ես սպառողներին՝ սպառել էլեկտրաէներգիան այն ժամերին, այն ժամանակ, երբ որ կա էներգիայի ավելցուկ»:
«Այսինքն՝ երբ որ դու գնում ես հազարավոր սպառողների վարքագծի վերլուծության և մոդելավորման ճանապարհով, դու հասկանում ես, որ կան էդտեղ Հայաստանում հսկայական չօգտագործված ռեսուրսներ՝ նշածս սակագնային քաղաքականության և պահանջարկի կառավարման այդ գործիքակազմով, որի միջոցով կարելի է էապես բալանսավորել, էապես հավասարակշռել մեր էներգետիկ համակարգը և դրա մեջ ավելի մեծ տեղ տալ, էդտեղ չափերի և տեղերի, դիրքերի մասին է, ավելի մեծ կշիռ տալ արևայինին և հուսով եմ՝ շուտով նաև հողմայինին, որպեսզի մենք ավելի ինքնաբավ լինենք: Եթե նկատել եք, նաև վարչապետի խոսքում կա՝ երկրի անվտանգության, անկախության, պետության անվտանգության, անկախության մասին խոսքեր, րը միանշանակ իրականությանը համապատասխանում է, քանի որ, ի վերջո, մենք դրանով զսպում ենք և նվազեցնում ենք մեր կախվածությունը արտաքին գործոններից», - նշեց փորձագետը:
Երեկ Փաշինյանը Կառավարությանը փորձում էր համոզել, որ չնայած դժվարություններին՝ ապագան, ամեն դեպքում, արևն է, և այս ուղղությամբ պետք է շարժվեն:
«Հասկանում եմ, որ շատ բարդ է, բայց սա լրջագույն տնտեսական, էներգետիկ անվտանգության, այդ թվում՝ մեր պետական անվտանգության և պետական անկախության խնդիր է, և մենք պետք է հետևողականորեն գնանք էս [ճանապարհով]: Էլ չեմ ասում, որ ակնհայտ է, որ ապագան, ապագան է դա», - ասում էր վարչապետը:
Փաշինյանի այս մտքին Շեկյանը համաձայն է, սակայն հարց է բարձրացնում՝ արդյո՞ք պետության քաղաքական և ֆինանսական քայլերը դրան ուղղված են, գրագետ են։ Մի օրինակ է բերում՝ միջազգային կանաչ ինստիտուտները մեծ ծավալի ու մատչելի միջոցներ են առաջարկում, սակայն այսօր Հայաստանի կառավարության անհամաչափ գործողությունների հետևանքով արևային էներգետիկայի ոլորտում ընկերություններից շատերը լուրջ խնդիրների են բախվում. - «Ասենք, գրագետ չենք աշխատում այդ ամենի հետ, ճիշտ է, մեր ներհոսքը կա բավականին մեծ, բայց, օրինակ, վերջին ամիսներին, եթե դուք նկատել եք, հենց արևային էներգետիկայի ոլորտի ընկերություններից շատերը, մեր ընկերությունն էլ՝ այդ թվում, լուրջ խնդիրներ ենք տեսնում և այդ խնդիրների միջով ենք անցնում, որովհետև պետության քաղաքականությունը, ցավոք սրտի, համաչափ չէ այստեղ. կտրուկ քայլեր են առաջանում, նաև ցնցումներ են առաջանում՝ ընկերություններ են փակվում, աշխատատեղեր են փակվում, և այլն, և այլն: Բացի դա, մենք չենք հասնում մեր հիմնական խնդրին՝ էներգետիկ համակարգի կայունացմանը»:
«Երկու խնդիր է այստեղ՝ կայուն էներգետիկ համակարգ, որը վարչապետը նշեց իր խոսքում, բայց ոչ պակաս կարևոր խնդիր՝ վերականգնվող և ներքին ռեսուրսի հաշվին աճող արտադրանք, այսինքն՝ դա և՛ քաղաքական, և՛ աշխարհաքաղաքական և տնտեսական կարևորագույն խնդիր է: Այսինքն՝ եթե մենք այս բոլորի ընկալմամբ մոտենանք, ես վստահեցնում եմ ձեզ՝ ոչ թե էսօր կամ վաղը, այլ երեկ կբացվեր էներգետիկայի նախարարություն, միգուցե՝ գործակալություն, որը այս կարևորագույն խնդրի և՛ պոտենցիալը՝ դրական իմաստով, և՛ սպառնալիքները կկարողանար լավագույնս օգտագործել ի շահ երկրի, ի շահ բնակչության, ի շահ բիզնեսի», - շեշտեց մասնագետը:
Առայժմ Հայաստանն իր էներգետիկայի հիմնական պաշարը ստանում է Մեծամորի ատոմակայանից, որի էներգաբլոկի շահագործման ժամկետը կլրանա 11 տարուց։ Կառավարությունն առայժմ քննարկում է, թե որ երկրի տեխնոլոգիայով և ինչ հզորության նոր միջուկային էներգաբլոկ պետք է կառուցել։
Անցած տարի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր հայտնել, թե ԱՄՆ-ի հետ քննարկում են իրավապայմանագրային դաշտի կարգավորումը, և այս պահին գնդակը Միացյալ Նահանգների դաշտում է։
Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունից էլ ավելի վաղ ասել էին, որ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Հարավային Կորեայի հետ բանակցություններ և քննարկումներ են ընթանում: Նոր մանրամասներ այդ քննարկումներից դեռ չեն հաղորդվել:
Մասնագետների խոսքով՝ նոր ատոմակայանի ծրագրման և կառուցման համար առնվազն մեկ տասնամյակ է անհրաժեշտ, ու ժամանակ կորցնելու դեպքում Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ավարտից հետո՝ նոր ռեակտոր դեռ չունենալու պարագայում, Հայաստանը կարող է կանգնել խնդիրների առջև։