Հայաստանի գլխավոր դատախազի հրամանով Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Դատախազության հաղորդագրության համաձայն՝ Աննա Վարդապետյանի մեկ այլ հրամանով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Սևակ Պողոսյանը փոխադրվել է Արմավիրի մարզի դատախազի պաշտոնին:
Ըստ նույն աղբյուրի՝ գլխավոր դատախազի օգոստոս-սեպտեմբեր ամիսների հրամաններով Դատախազության համակարգում կատարվել են մի շարք այլ կադրային փոփոխություններ ևս:
Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրում սեպտեմբերի 23-ին սպանվեցին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը՝ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը: Այդ դեպքից հետո արդեն պաշտոնանկ էին արվել Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետերը: