Մատչելիության հղումներ

Այս տարի բուհեր ընդունված արցախցիները ուսման վճարի փոխհատուցում կստանան. նախարար


Բարձրագույն հաստատություններ ընդունված արցախցիների ուսման վարձն այս ուսումնական տարում էլ կփոխհատուցվի, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այս քաղաքականությունը կշարունակվի. բոլոր նրանք, ովքեր ընդունվել են առաջին կուրս բարձրագույն կրթության մակարդակում, վճարովի համակարգում սովորղները կստանան կրթաթոշակ ուսման վարձի փոխհատուցման համար: Առաջիկայում կլինեն կառավարության որոշումները: Այս հարցը բարձրացնում են, ու տեղին է»,- ասաց նախարարը:

Ըստ նրա՝ խոսքը 240 ուսանողի մասին է:

Արցախցի առաջին կուրսեցիները վերջին օրերին ահազանգում էին, որ լուրեր ունեն՝ կառավարությունը դադարեցրել է ուսման վարձի փոխհատուցումը: «Ազատության» հետ զրույցում Աննա Նազարյանը, որ ընդունվել է Հայ-ռուսական սլավոնական համալսրարան, երեկ պատմել է, որ իր դիմումին պատշաճ չէին արձագանքել ու հիշեցրել էին 2006-ի որոշումը, որով նախատեսվում է առաջադիմության կամ սոցիալական խնդիրների համար նախատեսված աջակցություն:

Ադրբեջանի զինված հարձակումից հետո, երբ մարդիկ բռնի տեղահանվեցին ու տեղափոխվեցին Հայաստան, կառավարությունը որոշումներ ընդունեց նրանց աջակցելու համար: Փոխհատուցման համար հաշվի են առնվում նաև ցուցաբերած առաջադիմությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG