Բաքվի դատարանում ամիսների կեղծ դատաքննությունը ցույց տվեց, որ անգամ ադրբեջանցիների տված ցուցմունքների հետ որևէ կապ չունեն հայ ռազմագերիները, ամբաստանյալի աթոռին հայտնված հայերին վերագրվող արարքները չեն ապացուցվել, «Ազատությանն» ասաց Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը:
«Նախ նույնանման բովանդակության ցուցմունքներ էին հնչեցվում, և բոլորը նաև վերահաստատում էին, որ անձամբ չեն ճանաչում, չեն առնչվել ամբաստանյալի կարգավիճակ ունեցող հայերին։ Սա շատ կարևոր արձանագրում է՝ ցույց տալու համար, որ ապացույցները որևէ օբյեկտիվ կապեր չեն ստեղծել վերագրվող արարքների հետ և իրադարձությունների վերարտադրում չեն հանդիսանում», - նշեց նա:
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու մյուս գերիների գործով դատաքննությունն ավարտվել է: Ըստ ադրբեջանական պետական լրատվամիջոցի՝ հաջորդ շաբաթվանից մեղադրական ճառերը կհնչեն:
«Գործ ունենք վերացական արարքների հետ, սակայն կոնկրետ ամբաստանյալներին վերագրվող արարքներ, տուժողների և անձանց միջև կապեր, մեղադրյալների և իրադարձությունների միջև կապեր ուղղակի չձևավորվեցին», - հավելեց Սահակյանը։
Դատական նիստերն ընթացան առանց անկախ լրատվամիջոցների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների: Դատերի մասին պատմող միակ աղբյուրը ադրբեջանական պետական «Ազերթաջ»-ն է:
Իրավապաշտպան Սահակյանը պնդում է՝ այս ամբողջը ձևական գործընթաց է եղել, ճառերն էլ դատավճիռներն էլ նախապես գրված են. «Իհարկե, մեզ համար կանխատեսելի են դատավճիռները, մեղադրական դատավճիռները և խստագույն պատժատեսակները, որոնք, ըստ էության, հենց քաղաքական պատվերի արդյունք են»։
Բաքվում հայ ռազմագերիների դատավարության շինծու լինելու ցուցիչներից մեկն էլ այն է, որ մեղադրական ճառի համար պահանջեցին երկու օր, մինչդեռ այդ ծավալով դատական գործընթացի համար անհրաժեշտ կլինեին շաբաթներ, շեշտեց իրավապաշտպան Սահակյանը: Նա կանխատեսում է, որ մինչեւ տարեվերջ դատավճիռներն էլ կլինեն:
«Ինչպես անել, որ այդ ապօրինությունները արձանագրվեն, որից հետո դրանք պատշաճ միջազգային արձագանք ունենան, այդ թվում՝ միջազգային դատական ակտերի տեսքով: Խնդիրը իրավական համակարգից այդ ապօրինի դատավճիռները վերացնելը, չեզոքացնելն է, որի միակ ճանապարհը վերազգային դատական կամ ... դատական ատյաններում այդ պրոցեսը վիճարկելն է։ Միջազգային ատյանները ուսումնասիրեն այն խախտումները, որը մենք բազմիցս արծարծել ենք նաև հանրային դաշտում և տան դրա իրավական ամրագրում՝ ճանաչելով դատական ակտերը ոչ լեգիտիմ»։
Արդյոք Փաշինյանի կառավարությունը, որ ձգտում է հասնել հայ-ադրբեջանակլան խաղաղության ստորագրմանը, կբողոքարկի՞, արդյոք Կառավարությունը ձգտո՞ւմ է միջազգային ատյաններում հասնել նրան, որ արդար դատաքննության իրավունքի խախտումով ադրբեջանական վճիռները ոչ լեգիտիմ ճանաչվեն, Սահակյանն ասաց. «Եթե տեղի ունենան զարգացումներ, ինչպիսին կարող է լինել միջպետական գանգատներից հրաժարումը, կարծում եմ՝ ընտանիքները պետք է ինքնակազմակերպվեն և հանձնառեն սեփական միջոցներով ինքնուրույնաբար իրավունքների պաշտպանություն»։
Վարդանյանի դատավարությունը ևս շուտով կմոտենա ավարտին. իրավապաշտպան
Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը շարունակվում է: Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ մի քանի շաբաթից էլ նրա դատավարությունն ավարտական փուլի կհասնի: Ռուբեն Վարդանյանը հայ գերիներից միակն էր, որ սեփական միջոցներով ադրբեջանցի փաստաբան ուներ: Տասն օր առաջ նա հրաժարվեց իր պաշտպանից՝ հայտարարելով, որ դատավարությունը ֆարս է, ինքը զրկված է պաշտպանության իրավունքից:
Արցախի նախկին պետնախարարը ամերիկացի պաշտպան էլ ունի, բայց նրան թույլ չեն տալիս մտնել Բաքու: Հայ գերիները զրկված են անկախ պաշտպաններից ու միջազգային կառույցների ներկայացուցիչների այցելություններից: Միջազգային կարմիր խաչը գերիների հետ կապի միակ խողովակն էր, Բաքվում սա էլ փակեցին:
«Նոյեմբերի 4-ը ժամկետն է, երբ Ադրբեջանի կառավարությունը պետք է հաշվետվություն ներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, գերիների վիճակի պահման պայմանների և այլ հանգամանքների վերաբերյալ, ուստի մենք սպասում ենք վերջնաժամկետը լրանալուն, որից հետո տեսնենք, թե ինչ փաստաթղթեր է տրամադրել, և դրանց ուսումնասիրության արդյունքում ինչ հետևությունների կարող ենք հանգել», - ընդգծեց իրավապաշտպանը։
Բաքվի բանտում պահվող հայ գերիները, որ 23-ն են, մեղադրվում են ծանր հոդվածներով: Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները վստահեցնում են, թե ամեն ինչ անում են, որ նրանց հայրենիք վերադարձնեն, բայց այդ հարցը չներառվեց օգոստոսի 8-ին ստորագրված հայ-ադրբեջանական համաձայնագրում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը խոստացավ 23 քրիստոնյա գերիների հարցով դիմել Ադրբեջանի նախագահին: Որևէ քայլ արել է հայտարարությունից հետո՝ պաշտոնական տեղեկություն չկա: