Մատչելիության հղումներ

Բուդապեշտում Թրամփ-Պուտին հանդիպում «կարող է տեղի չունենալ»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Անքորիջում, Ալյասկա, 15-ը օգոստոսի, 2025թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Անքորիջում, Ալյասկա, 15-ը օգոստոսի, 2025թ.

Ռուսական զինուժը զանգվածային հարձակում է գործել Կիևի և Ուկրաինայի այլ շրջանների վրա, կա առնվազն վեց զոհ, որից երեքը՝ Կիևում: Խարկովում ռուսական անօդաչուն հարվածել է մանկապարտեզի, սպանվել է մեկ, վիրավորվել` ինը մարդ:

«Երեխաները շատ էին վախեցել, լաց էին լինում [...] Մի աղջիկ աննշան վերքեր ուներ։ Առաջին բուժօգնություն ցուցաբերեցի։ Երեխաներին տարհանեցինք ապաստարան և հանգստացրինք», - ասում է Խարկովի բնակչուհի Ալոնան:

«Չգիտեմ՝ ինչպես արձագանքեմ սրան։ Երեխաների վրա կրակելը թերևս լավ բան չէ, չէ՞», - ասում է երեխաների ծնողներից Ալեքսանդր Հուսենկովը:

«Տեսա, որ տանիքն այրվում էր, ներսում ամեն ինչ այրվում էր։ Անկեղծ ասած, փրկարարների միջով անցա՝ երեխային հասնելու համար։ Ամեն ինչ հասկանում եմ։ Բայց, գիտեք, մայրը կցատկի և կհանի իր երեխային կրակի միջից», - ասում է մեկ այլ ծնող՝ Քսենյա Կալմիկովան:

Ռուսական հարվածներից վիրավորներ կան նաև Զապորոժիեում, Սումիում: Մեկ տասնյակից ավելի վիրավոր կա նաև Կիևում:

«Ժամը 7:20 պայթյուն տեղի ունեցավ, և դեմքիս ցավ զգացի: Չէի հասկանում, թե ինչ է կատարվում, [...] բայց արյունահոսում էի։ Ի՞նչ հրադադարի մասին է խոսքը, երբ մարդիկ հենց այնպես մահանում են», - ասում է Կիևի բնակչուհի
Նադյա Զինչուկը:

«Հարձակումից հետո շրջեցինք թաղամասով, և շատ շենքերի պատուհաններ են կոտրվել։ Սարսափելի էր», - ասում է Օլենա Տկաչենկոն:

Ռուսական զինուժը հայտնել է, որ ևս երկու բնակավայր է վերցրել: Ուկրաինական զինուժն, իր հերթին, Բրյանսկում հարվածել է քիմիական, Մորդովայում՝ զենքի գործարանի:

Շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին անորոշ է մնում Ուկրաինայում խաղաղություն հաստատելու հեռանկարը: Արևմտյան մի շարք լրատվամիջոցներ հայտնել են, որ Բուդապեշտում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների հանդիպումը, ինչի մասին Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը պայմանավորվել էին անցած շաբաթ, կարող է տեղի չունենալ:

Սպիտակ տան աղբյուրը Reuters-ին և CBS News-ին ասել է, որ «մոտ ապագայում» հանդիպում չի նախատեսվում: Պատճառը, ըստ աղբյուրի, Ռուսաստանի դիրքորոշումն է, որը կտրականապես հրաժարվում է հրադադար հաստատել, նաև մեծ պահանջներ է առաջ քաշում. - «Կարծում եմ՝ ռուսները չափազանց շատ բան էին ուզում, և ամերիկացիների համար պարզ դարձավ, որ Թրամփը չի կարող գործարք կնքել Բուդապեշտում»:

Ըստ Reuters-ի՝ անցած շաբաթավերջին Մոսկվան Վաշինգտոնին է փոխանցել ոչ պաշտոնական մի փաստաթուղթ, որում ներկայացված է խնդրի կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը, որը բացարձակապես չի փոխվել. Մոսկվան պնդում է, որ Ուկրաինան պետք է զիջի ամբողջ Դոնբասը:

Հունգարիայի վարչապետը, այդուհանդերձ, հայտարարել է, որ հանդիպման նախապատրաստումը շարունակվում է: Նույնն է ասել նաև Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, որը չի հաստատել, որ նման փաստաթուղթ է փոխանցվել Վաշինգտոնին:

Թրամփը կարծում է, որ կողմերը բավականաչափ պատրաստ չեն բանակցություններին, որպեսզի առաջ շարժվեն, NBC News-ին ասել է Սպիտակ տան աղբյուրը: ԱՄՆ նախագահն էլ հստակեցրել է՝ չի ցանկանում գնալ հանդիպման, որն արդյունք չի տալու. - «Ոչ, չեմ ուզում, որ հանդիպումն ապարդյուն անցնցի։ Չեմ ուզում ժամանակ վատնել։ Այնպես որ, տեսնեմ, թե ինչ կլինի, [...] որոշում չենք կայացրել»։

Կրեմլի խոսնակը հայտարարել է՝ խնդրի կարգավորման շուրջ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել, նախագահների հանդիպմանը պետք է լավ պատրաստվել, իսկ ամսաթիվ դեռ չի որոշվել:

«Ոչ ոք չի ուզում ժամանակ վատնել՝ ոչ նախագահ Թրամփը, ոչ էլ նախագահ Պուտինը։ Երկու նախագահներն էլ սովոր են արդյունավետ աշխատել [...] Սակայն արդյունավետությունը միշտ պահանջում է նախապատրաստություն», - ասել է Դմիտրի Պեսկովը:

Ուկրաինայի նախագահն, իր հերթին, հայտարարել է՝ Մոսկվան օգտվում է առիթից և հակված չէ բանակցել, քանի որ ԱՄՆ-ն Ուկրաինային չի վաճառում Tomahawk հրթիռներ, որոնցով Կիևը կարող է հարվածել Ռուսաստանի խորքերին:

«Ռուսաստանը կրկին ամեն ինչ անում է դիվանագիտությունից խուսափելու համար։ Այն պահից, երբ երկրորդ պլան մղվեց Ուկրաինային մեծ հեռահարության զենքեր տրամադրելու հարցը, Ռուսաստանը գրեթե ինքնաբերաբար սկսեց պակաս հետաքրքրված լինել դիվանագիտությամբ., - պնդել է Վլադիմիր Զելենսկին:

Նորվեգիայում էլ Զելենսկին այսօր հայտարարել է՝ առաջնագիծը սառեցնելու Թրամփի առաջարկը լավ փոխզիջում է: «Բայց վստահ չեմ, որ Պուտինը կդադարեցնի պատերազմը», - հավելել է նա:

Tomahawk հրթիռների շուրջ որոշում չկա, բայց ԱՄՆ Սենատն այսօր նախատեսում է միանգամից երեք օրինագիծ ընդունել Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու համար։ Դրանցից մեկով նախատեսվում է վերաբաշխել ԱՄՆ-ում պահվող ռուսական սառեցված ակտիվները, որոնք ի վերջո կտրամադրվեն Ուկրաինային:

Եվրոպան էլ Ուկրաինայի հետ խաղաղության 12-կետանոց ծրագիր է պատրաստում, որով նախատեսվում է աստիճանաբար հանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ապասառեցնել սառեցված ակտիվներ՝ պայմանով, որ Մոսկվան մասնակցի Ուկրաինայի վերականգնմանը։

Հրադադարից հետո կողմերը պարտավորվում են կանգ առնել առաջնագծում, Մոսկվան պետք է վերադարձնի ուկրաինացի առևանգված երեխաներին, նաև գերիների փոխանակում կլինի: Կողմերը պետք է բանակցեն օկուպացված տարածքների կառավարման շուրջ, և դա չի նշանակի, որ Կիևը ճանաչում է դրանց բռնակցումը: Ըստ Bloomberg-ի՝ փաստաթուղթը, որը վերջնական չէ և կարող է փոփոխվել, կներկայացվի Թրամփի վարչակազմին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG