Բռնության սպառնալի՞ք, թե՞ քաղաքական հայտարարություն են միմյանց ապտակելու՝ ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների վերջին օրերի հայտարարությունները: Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն էր երեկ ֆեյսբուքյան գրառմամբ դիմել ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ի քարտուղար, Հանրապետական Տիգրան Աբրահամյանին:
«Բնից դուրս արի, Տիգրան, հել դիմացներս, ինչքան շուտ հելնես, էտքան քո բաժին չափալախը շուտ կստանաս», - բարձրաստիճան պաշտոնյան այսպես էր արձագանքել պատգամավորի՝ մեկ շաբաթ առաջ հարցազրույցում Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար ու առաջիկա ընտրություններում իշխանության թեկնածու Արգիշտի Մեխակյանին ապտակելու ցանկությանը:
«Սերժ Սարգսյանի մասին այնպես էր խոսում, անկեղծ եմ ասում՝ դեմս լիներ, չափալախ կտայի...որ ասում եմ՝ դեմս լիներ, ուրիշ բան էլ կլիներ իր հետ, էդ իրենց ոստիկանություն, ԱԱԾ, ՔՊ-ի նոր ընկերներ, իրեն չէին փրկի», - ասել էր Աբրահամյանը:
Պատգամավորն, իր հերթին, այսպես պատասխանել էր Արգիշտի Մեխակյանի խիստ քննադատությանը, այդ թվում՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին. «Բերել, բացել մի իշխանության վրա, թողնել, մեկ գիշերում թռնել պատասխանատվությունից...»:
Արմավիրի մարզպետ, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Վահրամ Խաչատրյանն այսօր պնդեց, որ պատգամավորին հասանելիք ապտակի մասին գրառումը բռնության սպառնալիք չէ:
«Բռնության կոչ, իհարկե, չի կարող: Ես էլի եմ ասում՝ եթե փորձի շարունակել նույն ձև, կստանա: Տիգրան Աբրահամյանն էլ է նույն բանն ասել, ի՞նչ է նշանակում՝ Արգիշտի Մեխակյանը հելնի դեմս, կչափալախեմ», - ասաց Խաչատրյանը:
Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ է հավաստիացնում, որ Արգիշտի Մեխակյանին ապտակելու ցանկությունը միայն տեսական է, նա նաև մարզպետի՝ իր հասցեին ասածը բռնության ուղիղ սպառնալիք չի համարում:
«Ով փորձում է իր խնդիրներն անձնական ձևով լուծել՝ Ֆեյսբուքում չի գրում, կոնկրետ գնում է և մարդկանց հետո փորձում է կարգավորել: Սա դիտարկում եմ ավելի շատ քաղաքական տիրույթում, և իմ գնահատականները, որոնք հնչեցնելու եմ, բացառապես այդ տիրույթում են:
Ես մինչև այդ բավական երկար խոսում եմ նրանց ընտանիքի նկատմամբ եղած ապտակի, մեր տարիների կապի մասին, և այդ պահին իր նկատմամբ արտահայտվածը զուտ եղել է զայրույթի արտահայտություն», - պնդեց պատգամավորը:
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը բռնության սպառնալիք տեսնում է թե՛ պատգամավորի, թե՛ մարզպետի հայտարարարություններում, ընդ որում լրիվ չափելի, իրատեսական:
«Կոնկրետ ինչ գործողություն է կատարվելու, եթե դիմացը լինի, ագրեսիան կկարողանա զսպել, թե ոչ: Անշուշտ, պատրաստ է հարվածին», - ասաց նա:
Բայց իրավապաշտպանը կասկածում է, որ իրավապահները կգնան այս հայտարարությունների հետևից նույն հետևողականությամբ, ինչ, օրինակ, եկեղեցեկանների դեպքում է կամ երեկ կալանավորված փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի: