Այսօր Դատական ակտերի հարկադիր կատարման գրասենյակը Վանաձորի ավագանու վրա դրված արգելանքը վերացնելու որոշում է կայացրել, այն ուղարկել համայնքապետարանի աշխատակազմին ու պարտավորեցրել կատարել այն:
Սա նշանակում է, որ ավագանին պետք է տասն օրվա ընթացքում համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով նիստ հրավիրի և երկշաբաթյա ժամկետում ղեկավար ընտրի: Եթե չհաջողվի, ապա արդեն չորս տարի ընտրովի ղեկավար չունեցող Վանաձորի ավագանին կցրվի և արտահերթ ընտրություններ կնշանակվեն:
Անցած 4 տարիներին դատարանները մի քանի անգամ վերջնական վճիռներ են կայացրել, ըստ որոնց՝ պետք է ավագանու վրա դրված արգելանքը վերացվեր ու համայնքի ղեկավար ընտրելու հնարավորություն տրվեր, բայց այդ վճիռները բողոքարկվել են նույնիսկ այն դեպքում, որ դրանք բողոքարկման ենթակա չեն եղել ու վերջնական էին կատարման համար: Այժմ թեև պաշտոնական տեքստում նշված է, որ ԴԱՀԿ-ի այս որոշումը բողոքարկման ենթակա է, բայց այս գործընթացին հենց սկզբից հետևած «Ուղղակի ժողովրդավարություն» կազմակերպության ղեկավար Գևորգ Քոթանջյանը պնդում է՝ բողոքարկելու որևէ հիմք չկա. «Հարկադիր ծառայությունը ենթակա է Արդարադատության նախարարությանը և այս դեպքում ուղղակի արհեստական արգելանք ստեղծելը փաստացի նշանակում է ուղիղ ուղղորդում կառավարության և արդարադատության նախարարի կողմից, որը որևիցե կերպ չի կարող համարվել ժողովրդավարական պետության բնորոշ գործելակերպ»:
Անցած շաբաթ ԴԱՀԿ էր դիմել Վանաձորի ավագանու երկու անդամից բաղկացած «Հայրենիք» խմբակցությունը, պահանջել դեռ երկու տարի առաջ Վճռաբեկ դատարանի կայացրած որոշման հիման վրա կարճելու վարույթն ու ավագանուն հնարավորություն տալու համայնքի ղեկավար ընտրել: «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն ասում է՝ ԴԱՀԿ-ի այս մի որոշումն արդեն հիմք է ավագանու 5 խմբակցություններով քաղաքական քննարկումներ սկսելու՝ արդյոք կգնան ավագանիով համայնքի ղեկավար ընտրելու, թե՞ արտահերթ ընտրությունների ճանապարհով:
Եթե այժմ գործող ավագանու կազմից համայնքի ղեկավար ընտրեն, նրա լիազորությունները կշարունակվեն մինչև հաջորդ տարվա վերջ: Գործող ավագանին ընտրվել է 2021-ի դեկտեմբերին:
« Մենք չենք հասել այն փուլին, որ քաղաքական սեփական ամբիցիաներ խաղարկենք վանաձորցու հաշվին, և պետք է բոլոր խմբակցությունները ազնվորեն հայտնեն իրենց դիրքորոշման մասին։ Եթե նույնիսկ հրապարակայնորեն չեն ուզում հայտնել, ես պատրաստ եմ սիրով բոլոր խմբակցությունների հետ հանդիպել և քննարկել», - ասում է Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը:
Այսօր կարճված վարույթը պետք է վերացված համարվեր դեռ 2023-ի սեպտեմբերի 1-ին, երբ Վճռաբեկ դատարանը վերջնական վճիռ էր կայացրել 2021-ի ավագանու ընտրությունների արդյունքների վերաբերյալ ու նշել, որ վճիռը բողոքարկման ենթակա չէ: Միևնույնն է՝ ավագանին լիարժեք գործունեության հնարավորություն չէր ստացել՝ հետագա բողոքարկումների պատճառով, որ ձգվել էին շուրջ չորս տարի:
Ինչո՞ւ դեռ երկու տարի առաջ կայացրած դատարանի վճռի հիմքով միայն այսօր է ԴԱՀԿ-ն ավագանու վրա դրված արգելանքը հանելու որոշում կայացնում: Վանաձորում գործող «Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության ղեկավար Գևորգ Քոթանջյանն ասում է՝ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի անգործության հետևանք է:
«Փաստացի անգործություն, որի արդյունքում 2 տարի Վանաձոր համայնքի բնակչությունը զրկված է եղել համայնքի ղեկավար ունենալու և դրանով իրավական կոլապսը վերացնելու հնարավորությունից», - ընդգծում է իրավապաշտպանը:
Արդյո՞ք քաղաքական ուժերն այս իրավիճակում ավագանու կազմից համայնքապետ ընտրելու, թե՞ ավագանու արտահերթ ընտրությունների կգնան, գոնե այս պահին հստակ չէ: Շատ բան կախված է ավագանիում ամենաշատ թվով՝ 16 մանդատ ունեցող «Մամիկոն Ասլանյան» դաշինքից, որի ղեկավարը՝ Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը հստակություն դեռ չի մտցրել: Այսօր շեշտեց՝ անցած տարիներին առնվազն երեք անգամ վերջնական որոշումներ եղել են, որոնք պետք է որոշիչ լինեին ու ավագանին համայնքի ղեկավար ընտրեր, բայց հակառակի առաջ են կանգնել: Այժմ էլ քանի դեռ համայնքի ղեկավարի ընտրությունը ավագանու օրակարգ չի մտել, «Ասլանյան» դաշինքը դիրքորոշում չի հայտնում:
Մամիկոն Ասլանյան. - «Թո՛ղ, 10 օրից կլինի, 7 օրից կլինի, 2․5 օրից, թե էլի 4 տարուց հետո, էդ ժամանակ մենք մեր վերաբերմունքը կասենք, հաստատ մենք չենք փախնի, հեռախոսները չենք անջատի, չենք թաքնվի։ Կամ կորոշենք գնալ ավագանու նիստին, կամ կորոշենք չգնալ և գնալ արտահերթ ընտրություններ։
«Ազատություն». - Դուք հակվա՞ծ եք որպես թեկնածու առաջադրվել
Մամիկոն Ասլանյան. - Ես չեմ կարող այս պահին ասել:
Վանաձորի ավագանիում 21-ի ընտրություններով «Մամիկոն Ասլանյան» դաշինքը 15 մանդատ է ստացել, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 9, ՀԱՍԿ կուսակցությունը՝ 5, իսկ «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունները՝ երկուական: Լուսավոր Հայաստանին ընդամենը 10 քվե էր պակասել ավագանի անցնելու համար: Հենց այս կուսակցությունն էլ դիմել դատարան ու սկսված դատական գործընթացի պատճառով 4 տարի այստեղ ընտրովի ղեկավար չեղավ: Համայնքը ղեկավարում է վարչապետի նշանակած պաշտոնակատարը: