Մատչելիության հղումներ

Այսօր ակնկալվում է Միքայել սրբազանի գործով դատարանի վճիռը


Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատարանում, Երևան, սեպտեմբեր, 2025թ.
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատարանում, Երևան, սեպտեմբեր, 2025թ.

Ազատությո՞ւն, թե՞ ազատազրկում. հենց այսօր, ամենայն հավանականությամբ, դատարանը կորոշի՝ իշխանության զավթման կոչի համար մեղադրվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղավո՞ր է, թե՞ անմեղ։

Արդեն երեք ամիս ճաղերի ետևում գտնվող սրբազանի դատավարությունն ընթանում է շատ արագ. ընդամենը մեկ ամսվա ընթացքում դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ հետազոտվեցին ապացույցները, հնչեցին մեղադրական և հինգ պաշտպանական ճառերը, վերջին խոսքով հանդես եկավ ինքը՝ Շիրակի թեմի առաջնորդը։ Այսօր էլ պաշտպանական թիմի արձագանքներին կհաջորդի դատավորի վճիռը։

62-ամյա Աջապահյանը մեղադրանքը չի ընդունում, նախորդ նիստում պնդել էր, որ սա քաղաքական պատվեր է. - «Քաղաքական պատվեր է, քաղաքական հետապնդում այսօրվա իշխանությունների կողմից, բացահայտ և անթաքույց, որը նաև մտնում է ընդհանուր եկեղեցական, եկեղեցահալած իրենց թվացյալ այս քաղաքականության մեջ»:

Մեղավոր ճանաչվելու դեպքում Շիրակի թեմի առաջնորդին սպառնում է տուգանքից մինչև 5 տարվա ազատազրկում։ Փաստաբանական թիմն ամբողջ դատավարության ընթացքում կասկածում էր, թե դատավորը կարող է արդար վերդիկտ հրապարակել, պնդելով, որ ամբողջ ընթացքը՝ խուզարկումից մինչև ձերբակալություն ու դատավարություն անցել է բազմաթիվ խախտումներով։

Մեղադրանքի հիմքում մեկ տարվա վաղեմության մի հարցազրույց է, որտեղ Շիրակի թեմի առաջնորդը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում, մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել: Դատախազությունը հիմնավորում է, թե նա այդ միտքը կրկնել է հաջորդիվ՝ մի քանի անգամ:

Սրբազանը դատավարության ընթացքում հռետորական հարց էր ուղղել մեղադրող կողմին ու դատավորին՝ արդյո՞ք հեղաշրջման անհրաժեշտության մասին իր խոսքերից հետո որևէ մեկը գնացել և փորձել է զավթել իշխանությունը. «Երեք միլիոն վարչապետերից որևիցե մի վարչապետ գնացել վարչապետի աթոռը քաշե՞լ է տակից, ասելով՝ այ, սրբազանը որ ասել է, այդ պատճառով աթոռը տուր, իմն է»։

Շիրակի թեմի առաջնորդը ձերբակալվեց իշխանություն-եկեղեցի հակասությունների ֆոնին։ Իրավիճակն ավելի սրվեց, երբ գարնանը վարչապետ նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումներով պահանջում էր Կաթողիկոսի և այլ բարձրաստիճան հոգևորականների հրաժարականը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG