Մատչելիության հղումներ

Դոնեցկի դատարանի վճռի հիման վրա Հայաստանում կալանավորվել է Վրաստանի քաղաքացին


Ինքնահռչակ Դոնեցկի դատարանի վճռի հիման վրա Հայաստանում կալանավորել են Վրաստանի ևս մեկ քաղաքացու։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Վանո Սաբաշվիլիին իրավապահները հենց վրաց-հայկական սահմանը հատելիս են ձերբակալել:

36-ամյա տղամարդը 2023-ից հետախուզվում է Ռուսաստանի Դաշնության կողմից։ Նրան ինքնահռչակ պետության դատարանը տարիներ առաջ դատապարտել է Ուկրաինայի կողմից վարձկանության մեղադրանքով: Սաբաշվիլիի շահերի պաշտպանությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Անի Չատինյանն է զբաղվում։

«Դոնեցկի ժողովրդական հանրապետություն միավորման դատական վճռի կողմից 15 տարվա ազատազրկման է դատապարտված արդեն իսկ, հետևաբար դատական ակտն ի կատար ածելու պայմանով արտահանձնում է, ամենայն հավանականությամբ, ուզում անել Ռուսաստանի Դաշնությունը», - «Ազատությանն» ասաց նա։

Հայաստանի արդարադատության նախարարությունը պետք է որոշի՝ արտահանձնել Վանո Սաբաշվիլիին, թե մերժել ռուսաստանցի իրավապահների խնդրանքը։

Վրաստանի 36-ամյա քաղաքացին 40-օրյա կալանքի մեջ է։ Նրա կինն այսօր «Ազատությանը» փոխանցեց՝ ամուսինը բեռնափոխադրող ընկերությունում վարորդ է և Հայաստան հենց աշխատանքի բերումով է եկել։ Մինչ այդ չի իմացել, որ հեռավար 15 տարվա ազատազրկման է դատապարվել ու հետախուզվում է ռուս իրավապահների կողմից։

Կինն անհեթեթ է որակում Սաբաշվիլիի մեղադրանքը։ Ասում է՝ ամուսինն Ուկրաինայի համար չի կռվել. «Ամուսինս Ուկրաինա էր գնացել իր մահացած ընկերոջը փնտրելու։ Նա Ուկրաինայում 1 ամիս է մնացել ու այդ ընթացքում մարդասիրական աշխատանքներում է ներգրավվել՝ օգնելով կանանց ու երեխաներին»։

Մինչև Արդարադատության նախարարությունը որոշում կկայացնի Վանո Սաբաշվիլիիի արտահանձնման վերաբերյալ, նախօրեին ազատ է արձակվել շաբաթներ առաջ դարձյալ Դոնեցկի ինքնահռչակ դատարանի վճռի հիման վրա կալանավորված Գիորգի Կինոիանին: Վրաստանի քաղաքացիություն ունեցող 29-ամյա երիտասարդը ևս մեղադրվում է Ուկրաինայի կողմից վարձկանություն իրականացնելու համար։

«Իրապես որոշումը ցույց է տալիս այն բոլոր կետերն ու այն բոլոր հիմքերը, որոնցով առաջնորդվելով կայացվել է որոշում, որ արտահանձնման դեպքում Կինոիանին կենթարկվի խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի և բռնության, հատկապես այն համատեքստում նաև, որ Ռուսաստանը փորձում է դուրս գալ միջազգային բոլոր կոնվենցիաներից, որոնց ինքը անդամագրվել է նախկինում, խոշտանգումների դեմ կոնվենցիայից։ Ճիշտ է, դեռևս Հայաստանի Հանրապետությունը չի լուծել այն հարցը, և այդպես էլ բաց մնաց այն հարցը, թե Դոնեցկի այդ ժողովրդական հանրապետություն ինքնահռչակ միավորման դատական ակտի շրջանակներում է հետապնդումը և այլն», - նկատեց իրավապաշտպանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն խնդրահարույց է համարում Դոնեցկի ինքնահռչակ դատարանի դատավճռի հիման վրա օտարերկրացիների կալանավորման դեպքերը, կենտրոնի իրավապաշտպան Անի Չատինյանը, որը դատարանում ներկայացրել է նաև Գիորգիի շահերը, կարծում է՝ հայաստանցի իրավապահները պետք է հրաժարվեն Ռուսաստանի պահանջով ու Դոնեցկի ինքնահռչակ դատարանի դատավճռի հիման վրա մարդկանց ձերբակալություններից։ Այդ որոշումները հայաստանցի իրավապաշտպանները ապօրինի են որակում, շեշտում՝ Դոնեցկի, այսպես կոչված հանրապետության գոյությունը չի ճանաչում Երևանը։

«Եվ այս ապօրինի պահանջների շրջանակներում մի ամբողջ համակարգ է աշխատում, ռեսուրսներ են ծախսվում, որոշումներ են ընդունվում և այլն, ու այս ամենն ուղեկցվում է, բնականաբար, իրավունքների և ազատությունների սահմանափակմամբ, որովհետև անձինք պահվում են անազատության մեջ, մինչև որ այդ բաղձալի որոշումը կամ կընդունվի, կամ չի ընդունվի», - շեշտեց Չատինյանը:

Արդարադատության նախարարությունից Դոնեցկի ինքնահռչակ դատարանի դատավճռի հիման այլ երկների քաղաքացիներին ձերբակալելու ու նրանց կալանավորելու դեպքերը հիմնավորում են Հայաստանի վավերացրած համաձայնագրերով։ Բացատրում են, թե պետությունը պարտավորվում է ձերբակալել իր տարածքում հայտնաբերված հետախուզվող անձին՝ նրա հանձնման հարցը քննարկելու և դրա արդյունքում համապատասխան որոշում կայացնելու նպատակով: Տվյալ դեպքում Ռուսաստանի Դաշնությունն է հետախուզում հայտարարել:

«Վրաստանի քաղաքացի Վանո Սաբաշվիլի նկատմամբ Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի կողմից ժամանակավոր կալանավորում խափանման միջոցի կիրառումը բխում է ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված պահանջից՝ նպատակ ունենալով մինչև հետախուզվող անձի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկության ձեռքբերումը հետախուզումը նախաձեռնած պետությունից ձեռնարկել վերահսկողության միջոցներ՝ տվյալ անձի փախուստը կանխելու համար («Հանձնման մասին» 1957թ. եվրոպական կոնվենցիայի բացատրական զեկույց, 16-րդ հոդված)», - նշել են գերատեսչությունից:

Իրավապաշտպան Անի Չատինյանը կարծում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի ԱՊՀ-ի ու Ռուսաստանի հետ կնքված այն համաձայնագրերից, որոնք պարտադրում են իրավական փոխօգնություն հետախուզվող անձնանց փոխանակման համար։

Վերջին տարիներին Հայաստանում Ռուսաստանի պահանջով Ուկրաինայի դեմ կռվելուց հրաժարված մի քանի ռուսաստանցիներ են ձերբակալվել: Եղել են և՛ արտահանձնման, և՛ արտահանձնումը մերժելու դեպքեր: Ըստ Արդարադատության նախարարության՝ միայն այս տարի ՌԴ-ին է հանձնվել մեկ հետախուզվող անձ։ Գերատեսչությունից, սակայն, չեն բացահայտում՝ ով է նա և ինչի համար է Ռուսաստանի կողմից հետախուզվել: Հետախուզվող ևս երկու հոգու էլ Ռուսաստանն է արտահանձնել Հայաստանին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG