Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Գյումրիի քաղաքապետի որդին. Վարդան Ղուկասյանն իր վարկածն ունի

Լրացված

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան, արխիվ
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան, արխիվ

Այսօր առավոտյան իր մեկուկես տարեկան երեխային մանկապարտեզ տանելիս իրավապահները ձերբակալել են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն: Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել հարկադրանքի եղանակով շորթման համար:

Վարդան Ղուկասյանը պնդում է՝ որևէ ծանուցում չեն ստացել, իսկ որդուն բերման են ենթարկել, երբ մի երեխան գրկին է եղել, մյուսը՝ մեքենայի մեջ:

«Եթե մարմինս կոտրես, հոգիս չես կոտրի, դու պտի սիրով ապրես, ես քեզ ասեցի՝ բռնել տալով երկիր չեն պահում, պատին ծեփելով, ասֆալտին փռելով՝ դրանով ավելի մարդկանց հանում ես քո դեմդ», - հայտարարեց քաղաքապետը ասուլիսի ժամանակ:

«Հիմա ես ուղղակի ինձ վատ եմ զգում, թե թոռներիս երեսը ոնց պտի նայեմ, որ, ասենք, ոնց որ ես եմ պատճառը դառնում», - նշեց Վարդան Ղուկասյանը:

Քաղաքապետի ձեռքի տակ մոտ մեկուկես տարի առաջ հարուցված քրեական գործն է, որի հիման վրա էլ, ասում է, ձերբակալել են որդուն:

«Փաստաբանները, ուրեմն, սրանց էդ մեղադրական եզրակացությունն են վերցրել, մեջը գրված է, որ 24 քառակուսի մետր խիբարի համար՝ խիբար, 24 քառակուսի, իրենք իրենց կազմել են, որ դա ընդամենը 90 հազար դրամ է, չորս երեխայի հորը էդպես բռնում կալանավորում են», - ասաց Վարդան Ղուկասյանը:

Պնդում է՝ քրեական վարույթի մասին նոր են իմացել, չգիտի՝ քննիչները ումից ինչ շորթելու համար են կասկածում որդուն: Իսկ թե ինչու մեկուկես տարի անց հիշեցին այս գործն ու, ըստ քաղաքապետի, 90 հազար դրամի համար տղային ձերբակալեցին, Ղուկասյանն իր վարկածն ունի. - «Երբ որ եպիսկոպոսի (Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի. - խմբ.) դատին գնաց մասնակցեց, ինձ մարդիկ ասեցին, թե «պարոն Ղուկասյան, իրեն կկալանավորեն»: Ասի՝ «ինչի՞», բա՝ «էդպես է»: Ու չէի հավատում, ճիշտն ասած, իրոք չէի հավատում, բայց էսօր ցայտուն երևաց, որ շատ հիշաչար մարդանց հետո գործ ունենք: Ուղեղիս մեջն էլ չի մտնում, թե ինչի համար, ոնց»:

Վարդան Ղուկասյանը չբացառեց, որ ինքը ևս կմասնակցի Շիրակի թեմի առաջնորդի գործով դատական նիստերին:

Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը, որ ինքն էլ մեղադրյալ է փողերի լվացման ու պաշտոնական լիազորությունների չարաշահման հոդվածներով, իշխանություններին է դիմում՝ եթե հարց ունեն իր հետ, ինչո՞ւ են ընտանիք մտնում. - «Երևանից էլ զորք եք բերե էստեղ, ինչ-որ տղեն տանում է իրա երեխային մանկապարտեզ, ճանապարհին թափվում եք վրեն, էս սկզբունքով, սրանով ի՞նչ եք ուզում ասած լինել: Երբ որ հայրենիքը վտանգի մեջ է, իմ արյունը և իմ կաթը ինձ չի թողնում, որ ես լռեմ»:

«Դուք մտածում եք, որ կարող է ես գլուխ կախեմ ձեր դիմա՞ց, կամ գամ ձեզ հետ բանակցե՞մ, կամ ստուկաչ դառնամ մյուսների պես, որ վլաստը գա՝ գլխարկը փոխեմ «Հարսանիք Մալինկովկայո՞ւմ»: Իմ գլխարկս երբեք չի փոխվի, իմ գլխարկիս վրա խաչ է, Հայկ Նահապետն է, Թորգոմն է, Շարան է, և իմ հերս ու պապս, իրանց գերեզմանին ղուրբան: Այսինքն՝ մենք նմանատիպ բաներով ոչ վախ ունենք, մենք ավելի դառնում ենք առյուծ: Ինչի՞ եք խառնում իրար, հանգիստ ապրեք, էլի, թողեք քաղաք կառուցենք, բան անենք, ի՞նչ եք ուզում», - ասաց Վարդան Ղուկասյանը:

ՏԻՄ ընտրություններում պարտության հետ չեն հաշտվում, պնդում է Ղուկասյանը, ու չի հասկանում, թե ինչու են այսքան ցավոտ տանում:

Իշխանության շարքերից առայժմ չեն արձագանքել Ղուկասյանի պնդումներին, նախկինում էլ հայտարարել են, որ ընտրության արդյունքներն ի գիտություն են ընդունում և Գյումրիում որպես ընդդիմություն են դիրքավորվել:

Մինչ այդ, Գյումրիի քաղաքապետը պնդում է՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ճնշումներն իր նկատմամբ հակառակ էֆեկտը կտան:

Իրավապահները ՏԻՄ ընտրությունների նախաշեմին էլ հենց Վարդան Ղուկասյանին էին բերման ենթարկել ոստիկանություն, որտեղ մի քանի ժամ պահելուց հետո ազատ արձակեցին: Հիշեց, որ ընտրությունների նախօրեին էլ իրեն քաղաքապետ դառնալուն պակասող ձայն ապահոված «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար Մարտուն Գրիգորյանի որդուն ձերբալակեցին ու հիմա դատում են:

Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին՝ Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն են ներկայացրել դատարան: Քննությունը հավանաբար երեկոյան կսկսվի: Նրան առաջադրված՝ հարկադրանքի եղանակով շորթման հոդվածով նախատեսված է մեկ ամսից մինչև չորս տարվա ազատազրկում:

2007 թվականին Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության գործով Սպարտակ Ղուկասյանը մեկուկես տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ խուլիգանության հոդվածով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG