Մատչելիության հղումներ

Եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է, բայց շատերը դեռ տեղյակ չեն՝ ինչը հայտարարագրեն


Երկու ամսից քիչ է մնացել աշխատող քաղաքացիների եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետին, բայց «Ազատության» հետ զրույցում շատերը խոստովանում էին՝ տեղյակ չեն կամ էլ չգիտեն՝ ինչը հայտարարագրեն:

Տարեսկզբին վարչապետ Փաշինյանը հետաձգեց եկամուտների հայտարարգրման վերջնաժամետը՝ մայիսից տեղափոխելով նոյեմբերի 1-ը՝ հաշվի առնելով, որ ID քարտերի հերթեր կան, իսկ առանց նույնականացման քարտի հնարավոր չէ եկամտուները լրացնել: Ակնկալում էին, որ այս տարի հայտարարագիր պետք է ներկայացնի ավելի քան 700 հազար Հայաստանում աշխատող քաղաքացի։

Ակնկալվող քանակի մոտ 15 տոկոսն է եկամուտների հայտարարագիր ներկայացրել

«Հայտարարագրի հետ կապված այս պահի դրությամբ [սեպտեմբերի 11-ին է ելույթը-խմբ.]՝ մոտ 92 հազար քաղաքացի է ներկայացրել», - այս մասին հայտարարել է ՊԵԿ նախագահը։

Էդուարդ Հակոբյանը խորհրդարանում այս շաբաթ թվեր հրապարկեց, տոկոսային առումով, սա ակնկալվող քանակի մոտ 15 տոկոսն է, 85 տոկոսը դեռ պետությանը տվյալներ չի հայտնել իր եկամուտների մասին, և ինչպես ամիսներ առաջ ձևակերպում էր Ֆինանսերի փոխնախարարը՝ թույլ չի տվել պետությանը լավ ճանաչել իր քաղքացիներին։ «Ու ամենակարևոր նպատակն այն է, որ ներդրվում է անձի մակարդակով հաշվառման ամփոփ համակարգ, որպեսզի կառավարությունը կարողանա լավ ճանաչել քաղաքացիներին, նրանց ֆինանսական վիճակը, սոցիալական կարիքները, և ըստ այդմ՝ փաստահեն քաղաքականություններ մշակել և հասցեավորված աջակցության գործիքակազմ կիրառել», - հայտարարեց Ֆինանսերի փոխնախարար Արման Պողոսյանը։

Մեզ հանդիպած քաղաքացիներից մեկը վարչապետի խոստումն էր լսել, որ կրթության և առողջապահության համար արված ծախսերի դեպքում՝ կառավարությունը հայտարարագրողներին խրախուսում է մինչև 100 հազար դրամով. «Այո, հայտարարգրել եմ արդեն՝ հաշվի առնելով, որ ուսանող երեխա ունեմ և հետվերադարձի հնարավորություն է լինելու։ Բոլորս էլ գիտենք, որ ուսանող պահելը հեշտ չի և վճարների տարբերակ կա»,- ասաց նա։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Վարուժան Հոկտանյանը ժամանակին մտահոգություն էր հայտել, որ շատերը հայտարարագրման հրավերն ընկալում են որպես հնարավոր ծուղակ, որ ապագայում ոչ միայն եկամուտը կհարկվի, այլև՝ նվերը, օգնությունը և այլն»։

Կառավարությունը բացատրում էր, որ հայտարարագրման նպատակները բոլորովին այլ են, դրանց մեջ չի մտնում մարդկանցից նոր հարկեր հավաքելը, հակառակը՝ ցանկանում են քաղաքացիների սոցիալական վիճակի մասին տեղեկացված լինել։

«Թոշակից բացի բան չունենք գրելու». թոշակառու

ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն էլ այս շաբաթ ամբիոնից տեղեկացրեց, որ առաջիկայում նաև թոշակառուները պետք է պետությանը հաշվետու լինեն՝ ինչքան եկամուտ են ստանում։

«Ազատության» հետ զրույցում թոշակառուների զգալի մասը անտեղյակ էր, մյուսն մասն էլ՝ մտահոգ։

«Ինձ թվում է՝ դա ավելորդ բան է, թոշակառուներն ինչ են ստանում, որ մի հատ էլ գնան...ես բացասական եմ վերաբերվում այդ հարցին։ Ոչ բոլորը կարող են։ Օրինակ՝ ես... դժվար կլինի, որ մի հատ էլ այդ թոշակից փող տամ, որ իմ համար դա գրեն», «Թոշակից բացի՝ բան չունենք գրելու», - ասում էին քաղաքացիները։

«Ես տաղանդիցս բացի հայտարարագրելու ոչինչ չունեմ». Օսկար Ուայլդի այս հնարքը չի գործի. կտուգանվեն՝ նախ 5000 դրամով, իսկ հետո 30 օրվա ընթացքում հայտարարագիր չներկայացնելու դեպքում տուգանքի չափը կկրկնապատկվի։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG