Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գտնվում է Եվրամիության պատժամիջոցների ցանկում, և նրա ակտիվները դաշինքում ենթակա են սառեցման, սակայն ԵՄ մուտք գործելու արգելքը չի տարածվում ո՛չ ՌԴ նախագահի, ո՛չ էլ արտգործնախարարի վրա, այս մասին «Ազատության» ուկրաինական ծառայության հարցմանն ի պատասխան՝ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Անիտա Հիփերը։
Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները առաջիկայում պլանավորում են հանդիպել ԵՄ անդամ Հունգարիայի մայրաքաղաքում՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղիները։
Հարցին, թե արդյոք ռուս բարձրաստիճան պաշտոնյաներին տեղափոխող օդանավին թույլատրվելու է մուտք գործել ԵՄ օդային տարածք, հաշվի առնելով, որ պատժամիջոցների համաձայն՝ այն փակ է Ռուսաստանի քաղաքացիական ավիացիայի՝ մասնավորապես չարթերային չվերթների համար, եվրոպացի պաշտոնյան նշել է, որ այդ հարցը թողնված է ԵՄ առանձին անդամ պետությունների հայեցողությանը: