Մատչելիության հղումներ

Երեք տարի առաջ`ոչ պիտանի, այսօր՝ պիտանի


Երեք տարի առաջ զինծառայության համար պիտանի չէր, այսօր՝ պիտանի է։ Լոռու մարզի Կուրթան գյուղից 21-ամյա Էդգար Մագթաղյանի մոտ նույն հիվանդությունները նույն հանձնաժողովը տարբեր կերպ է գնահատել: Արդյունքում՝ 7 տարեկանում ստացած թևի կոտրվածքն ու սուր ալերգիան 2021-ին զորակոչից ազատվելու պատճառ էին, այս տարի՝ այլևս ոչ։

«Երևան ուղարկեցին մի անգամ՝ երեք տարի առաջ, էլի, որպեսզի հաստատվի, երկրորդ անգամ էլ ուղարկեցին՝ ուրիշ հիվանդանոց, որ իրանց դիագնոզը հաստատվի, հաստատվելուց հետո իրան հետ գցեցին երեք տարի: Նույնիսկ Էդգարն ասել էր՝ «եթե տանելու են երեք տարի հետո, հիմա գնամ», ասել են՝ «չէ, երեք տարի հետո նույնիսկ եթե չազատեն էլ, ամենաքիչը հինգ տարի հետ կընկնես»: Ու էդ խնդիրը կորավ, չգիտես ինչ պատճառով կորավ», - պատմեց մայրը՝ Հայարփի Հակոբյանը:

14 տարի շարունակ ձեռքի ամեն շարժումի հետ խրթխրթոց է լսվում։ Ծանր ֆիզիկական աշխատանք անել դժվար է։ Ալերգիան եղնջացանով ու շնչահեղձությամբ է ուղեկցվում։ Բայց զինվորական բժշկական հանձնաժողովի կարծիքով՝ այս ամենը զինծառայությունից ազատելու պատճառ չէ։ Մայրն ասում է՝ որևէ բան չի փոխվել, ինչպե՞ս այս դեպքում հանձնաժողովի կարծիքը փոխվեց:

«Ինքը կոկորդը, բգերն ուռչում ա, որ ալերգիա ա տալի: Ես իրանց ասում եմ՝ «դուք ուշադիր ե՞ք ըլնելու ընդեղ, եթե ինքը ալերգիա տա, դեղը անմիջապես տալու ե՞ք», ծիծաղում են իմ վրա, ասում են՝ «ո՞ր զինվորին են կարում անմիջապես օգնություն ցույց տան»: Ասում եմ՝ «բա տանիլ տեք սպանեք, ասեք՝ ինքնասպան ա էղե՞լ»: Ես ամեն ձևով հետները զրուցել եմ, ամեն ձևով, բայց իրանք իրանցն են առաջ տանում, որովհետև օրենքն իրանց ձեռն ա, մեր ձեռը ոչինչ չկա: Բայց ես մինչև վերջ պետք ա գնամ», - ասաց մայրը:

Էդգարը բողոքարկել է հանձնաժողովի եզրակացությունը։ Սեփական միջոցներով փորձել է հետազոտություն անցնել։ Բայց մերժել են: Թե՛ պետական, թե՛ մասնավոր կլինիկաներում նույն պատասխանն են տվել՝ զորակոչի տարիքի անձանց չեն ստուգում։

«Ասում եմ՝ «ստուգեք, իմ էրեխային ռենտգեն արեք», ասում ա՝ «մեզ վերևներից թույլ չեն տալիս»: Մեր գումարով, այո, մեր գումարով չէին անում, ոչ մի ստուգում չէին անում; Մի ուրիշ մասնավոր հիվանդանոց էլ տարանք, որ մեր գումարով կատե անեն, չարեցին, ասին, քցեցին կամպյուտեր, անուն, ազգանունն ուզեցին, ասեցին՝ «ինքը վայեննի բիլետ չունի, մենք իրան չենք կարա ստուգենք»: Ըտեղ էլ էլի ջղայնացա, ասի՝ «ո՞նց, ով չունի, նրան չեք ստուգո՞ւմ», ոչինչ չասեցին: Այսինքն՝ վերևից թույլ չեն տալիս իրանց», - նշեց Հայարփի Հակոբյանը:

Իրավապաշտպան Նազելի Մովսեսյանն օրեր առաջ բարձրաձայնել էր հենց այս խնդրի մասին։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ դիմած քաղաքացիների բողոքներն ամփոփելով պարզել էր՝ զորակոչիկներն անկախ բժշկական հետազոտություն անցնելու հնարավորություն չունեն։ Բժշկական հաստատություններում ասում են՝ «վերևից հրահանգ կա»։

«Բուժհաստատությունները ակնհայտորեն հրաժարվում են, հղում են անում ինչ-որ հրաման... նույնիսկ չեն ասում՝ ինչ-որ կոնկրետ հրաման, ասում են, որ հրահանգված է զորակոչային տարիքի անձանց չհետազոտել առանց ուղեգրի: Կարող ենք ենթադրել, որ կա ներքին համաձայնություն, որովհետև այլ բանի մասին դա չի խոսում», - «Ազատության» հետ զրույցում ասել էր Մովսեսյանը:

Պաշտպանության նախարարությունը հերքում է՝ նման հրաման չկա, սահմանափակում լինել չի կարող:

«Բժշկական փորձաքննության ընթացքում հանձնաժողովները գնահատում են նաև զորակոչիկների կողմից ներկայացված՝ սեփական նախաձեռնությամբ իրականացված հետազոտությունների տվյալները: Եթե այդ տվյալներն էապես տարբերվում են զինկոմիսարիատի ուղեգրով իրականացված հետազոտությունների տվյալներից և կարող են բերել նրանց պիտանելիության վերաբերյալ կայացված կամ կայացվող եզրակացությունների փոփոխության, զորակոչիկները նշված հանձնաժողովների եզրակացության հիման վրա ուղեգրվում են լրացուցիչ հետազոտության, և նրանց պիտանելիության վերաբերյալ վերջնական եզրակացություն կայացվում է անհրաժեշտ բոլոր հետազոտությունների տվյալներն ստանալուց հետո», - «Ազատությանը» փոխանցել են նախարարությունից:

Բայց փաստերն այլ բան են ցույց տալիս։ Հայարփի Հակոբյանն ասում է՝ մի կողմից՝ զինկոմիսարիատում հորդորում են սեփական միջոցներով ստուգվել, մյուս կողմից՝ բուժհաստատություններում մերժում են։ Եթե անգամ հնարավոր է լինում հասնել բժշկական հետազոտությանը, այն վերջնական եզրակացության համար հիմք չի դառնում.

«Կարող ա՞ պետությունը ձեր վրա գումար ծախսի», - էդպես են ասել, - «որ իրա թերությունը, ասենք, խնդիրը տենան, ու ինքը հետ ընկնի կամ ազատվի»: Մենք իրանց ասում ենք, իրանք ասում են՝ «քու վրա փող չենք ծախելու»: Մեր գումարով էլ չեն անում, որ անեն էլ, ճիշտը չեն գրում»:

Ընտանիքը մտադիր է բողոքը տանել մինչև վերջ։ Համոզված են՝ կհասնեն արդարության։ Մայրը պնդում է՝ երբևէ մտադրություն չեն ունեցել ուռճացնել տղայի առողջական խնդիրներն ու դրա միջոցով նրան ազատել բանակից։

«Ես էն ծնողներից եմ, որ պետք ա մինչև վերջ գնամ, որովհետև հնարած չի մեր խնդիրը, իսկապես կա ու շատացել ա: Ինձ թվում ա՝ էլի մի քիչ արդարություն կլնի», - ասաց Հայարփի Հակոբյանը:



XS
SM
MD
LG