Մատչելիության հղումներ

Երևանի Արաբկիր, Էրեբունի ու Կենտրոն վարչական շրջաններում երկու օր ջուր չկար


Սևան Շահբազյանը Կոմիտաս 50 հասցեում վարսահարդարման փոքրիկ սրահ ունի: Ասում է՝ երեք տարի շարունակ «Վեոլիա Ջրի» պատճառով վարսահարդարի իր ծառայությունները հաճախ կիսատ է մատուցում:

«Մի հատ բոչկա ունեմ, ջուր եմ լցնում, ներսը օգտվում եմ: Ամառներն էլ գիշերվա 11:30-ից մինչև առավոտվա 6-ը Կոմիտաս հենց էս թաղամասը ջուր չկա՝ ընդհանուր, երրորդ տարին ա արդեն: Էս արդեն երրորդ տարին ա՝ ես ամառները ջուր չունեմ, ինքս էլ վարսավիրանոց ունեմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Շահբազյանը:

Արաբկիր, Էրեբունի ու Կենտրոն վարչական շրջաններում երկու օր է ջուր չկար: «Վեոլիա Ջրից» ասում են՝ հնարավոր բոլոր տարբերակներով մարդկանց տեղեկացրել են՝ պլանային ջրանջատումներ են. այս երեք համայնքներում մատակարարումը հաճախ անջատվում է, որովհետև «Կորեայի ձորում» ժայռաբեկորների թափման, սողանքների ու շինարարական աղբ թափելու հետևանքով պարբերաբար վթարվում է այս համայնքները սնուցող «Արզնի 2 - Երևան» խոշոր ջրատարը:

Բնակիչները, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցներում պատմեցին.

«Տանից գիտե՞ք ինչ հոտ ա արդեն գալիս՝ հազար ներողություն, տուալետի հոտն ու կեղտոտ ամանների հոտերը խառնված իրար, ոչ մի բան չի փրկում, այ էդքան վատ ա: Էս շենքում համենայն դեպս ջուրը ոնց որ շահովի լինի: Ամբողջ ամառ՝ կարար քնիցդ վեր կենայիր, բացեիր ջուրը՝ տեսնեիր ջուր չունես»:

«Վերջին մի քանի տարում արդեն անտանելի են դարձել: Հատկապես էս անգամ՝ երեկվա ժամը 10-ից ջուր չունենք»:

«Էս էրկու օր ա ջուր չկա, էլի»:

«Դրանից մի օր առաջ էլի կտրեցին ջրերը՝ էրկուշաբթի չկար, էրեկ չկար, էսօր չկա»:

«36 ժամը շատ շատ ա, ինձ թվում ա»:

«10-ից էին գրել, բայց 8:30 վեր կացա՝ արդեն չկար, առավոտյան»:

Երկու օր է՝ Արաբկիրի մի շարք դպրոց-մանկապարտեզներում աշխատանքը դադարեցված է, կամ կես օրով են աշխատում: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանն «Ազատությանն» ասաց՝ պատճառը ջրանջատումներն են, բացն անպայման կլրացնեն:

«Ամբողջ ուսումնական պրոցեսի ընթացքում որոշներում մի քանի ժամով և որոշակիորեն փորձել են կազմակերպել կամ կրճատ ժամերով դասապրոցես, և նաև մանկապարտեզներում ևս նախաճաշից հետո կամ երեկոյան ճաշիկից անմիջապես հետո երեխաներն ուղարկվել են տուն: Խոսքը գնում է և՛ դպրոցների, և՛ չորս մանկապարտեզների մասին: Մեզնից կախված է թերևս այն, որ պարտավորվում են դպրոցները լրացնել, և փորձում ենք տեղում սանիտարահիգիենիկ պայմաններից ելնելով հնարավորինս պատշաճ և ամբողջ աշխատանքային օրով կազմակերպել դասապրոցեսը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունից վստահեցնում են՝ մասնագետներն ամբողջ գիշեր աշխատել են, որ կառուցված շրջանցող ջրագիծը շուտ շահագործվի, հայտարարված 36 ժամից էլ շուտ ջրամատակարարումը կվերականգնվի: Ջրատարի լվացման և ախտահանման աշխատանքները շուտով կավարտվեն, ու մի քանի ժամից արդեն ջուր կլինի, ասացին ընկերությունից:

Օրվա վերջում արդեն Արաբկիրում ջրամատակարարումը վերականգնվեց, բայց «Ազատությանը» հանդիպած բնակիչները դեռ դժվարանում են հավատալ, որ այս վթարի վերականգնումից հետո ջրանջատումների մասին կարող են մոռանալ: Նշում են՝ աչքը տեսածին պետք է հավատա, իսկ նախորդ տարիների տեսածը հույս չի ներշնչում.

«Չեմ հավատում, որովհետև «Վեոլիա Ջուր»-ը արդեն քանի տարի ա ղեկավարում Հայաստանում ջրային ցանցը, և որ ասեմ որևէ բարեփոխում եմ նկատել՝ չէ: Հատկապես էս ամառվա ջրանջատումները սոսկալի էին ուղղակի. երևանյան շոգին երեկոյան 11:30-ից ջուր չկար, ահավոր ա»:

«Ես Երևանի ուրիշ թաղամասում էլ եմ ապրել, չեմ կարծում, որ կարելի ա վստահել»:

Արաբկիրցի մի կին հետաքրքրվեց՝ «Վեոլիա Ջուր»-ը ե՞րբ ՀԷՑ-ի ճակատագրին կարժանանա. - «Ես ուզում եմ իմանամ՝ էդ «Վեոլա»-ի՞ն երբ պետք ա ազգայնացնի, որ էս էլ լրիվ հավասարացնեն գետնին, ու հանգիստ երջանիկ ապրենք»:

Ամիսներ առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն էր պատասխանել այս հարցին: Պաշտոնյան ասել էր, որ ի տարբերություն ՀԷՑ-ի՝ «Վեոլիա» -ն ոչ ոռոգման, ոչ էլ ջրամատակարարման համակարգի սեփականատերը չէ, համակարգը պետական է և տարիներ առաջ մաշված վիճակում փոխանցվել է ֆրանսիական ընկերության կառավարմանը։ Ըստ նրա՝ ջրամատակարարման հետ կապված բողոքները սեզոնային բնույթ են կրում, բայց ՀԾԿՀ նախագահն ընդունել էր, որ դրանք ահագնանում են:

Մեսրոպյանի խոսքով՝ վերջին տարիներին ներդրումների արդյունքում ջրի կորուստները 80 տոկոսից նվազել են՝ հասնելով 55-ի, ընդգծել էր՝ պետությունը պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերի համակարգի վերականգնման համար։

«Մեծ անելիք ունի պետությունը առաջնահերթ: Երբ որ կհասնենք էդ կետին, որ կկարողանանք համապատասխան ենթակառուցվածքները նորոգել, ջրագողությունները կրճատել, կորուստները կրճատել և նոր ջրածավալներ հասցնել Երևան և կունենանք այսպիսի պատկեր, երբ որ կհասնենք այդ կետին, միանշանակ, դա կդառնա օրակարգի հարց», - հայտարարել էր ՀԾԿՀ նախագահը:

Վերջին ամիսներին ջրի որակի ու ջրամատակարարման ժամկետի կրճատումներից է խոսում նաև արդարադատության նախկին նախարար, իրավաբան Արփինե Հովհանիսյանը: Նա փորձաքննության էր տարել ջուրն ու հայտարարել՝ ջրի որակը չի համապատասխանում թույլատրելի չափանիշներին: Ընկերությունից արձագանքել են՝ բնակիչներից բողոքներ չեն ստացել: Նախկին նախարարի ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերում օգտատերերը շարունակում են գրել՝ ջուրը պղտոր է, խմելու բան չէ, և այլն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG