Մատչելիության հղումներ

Երևանի և Բաքվի միջև շփումները տարբեր հարցերով են, տեմպը վատ չէ. Արայիկ Հարությունյան


Հայաստանն ու Ադրբեջանը ինտենսիվ շփումների մեջ են տարբեր հարցերով, հայտարարում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ մանրամասնելով, թե խոսքը որ կառույցների մասին է:

«Սահմանագծման օրակարգով Մհեր Գրիգորյանն է իր ուղղությամբ աշխատում, Արտաքին գործերի նախարարությունը համապատասխան իրենց օրակարգով է աշխատում, Անվտանգության խորհուրդը և Արմեն Գրիգորյանն իր գործընկերոջ հետ է աշխատում՝ կլինեն հումանիտար հարցեր, մնացած բոլոր հարցերը», - հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում ձեռք բերած համաձայնություններից հետո հայտարարում են՝ խաղաղությունը հաստատված է: Այն դեպքում, երբ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը դեռ ստորագրված չէ, սահմանազատման գործընթացը մեկուկես տարի է՝ տեղից չի շարժվում, թեև անցած տարի Տավուշի հատվածում այն տևեց մոտ մեկ ամիս: Սահմանազատման կանոնակարգը չհաստատված՝ հայկական վերահսկողության տակ եղած չորս գյուղերը վերադարձվեցին Ադրբեջանին: Լուծված չեն նաև հումանիտար խնդիրները: Վարչապետի աշխատակազմի ղեկավարն այսօր ասաց՝ հայ-ադրբեջանական ակտիվ շփումներից, եթե արդյունքներ լինեն, հանրությունը կտեղեկանա: Եղածից էլ Արայիկ Հարությունյանը դժգոհ չէ. «Կարծում եմ, որ այն տեմպը, որ կա Հայաստան-Ադրբեջան գործնթացում, հարաբերություններում վատը չէ: Ադրբեջանի կողմից իր մասով օրինակ՝ հայկական բեռների շրջափակման արգելքի հանումը», - ընդգծեց Հարությունյանը:

Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագրի ստորագրմանը հայ պաշտոնյաները վերջին ամիսներին շատ չեն անդրադառնում, Ադրբեջանից են պարբերաբար հիշեցնում՝ այն ստորագրելու համար Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը:

Հայաստանում ծրագրում են ընդունել նոր Սահմանադրություն, բայց պնդում են, թե դա ներքին որոշում է և կապ չունի Բաքվի պահանջի հետ: Արայիկ Հարությունյանից այսօր հետաքրքրվեցինք՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցը կողմերն այժմ քննարկո՞ւմ են, հնարավո՞ր է՝ առաջիկայում հասնել դրան, Հարությունյանը պատասխանեց. «Երկկողմ շփումներում այդ հարցն անընդհատ կա և պետք է փորձենք նաև ընդհանուր եզրեր գտնել, որպեսզի օր առաջ այդ փաստաթուղթը ստորագրվի»:

Արդյոք Երևանի և Բաքվի շփումների արդյունքում կհաջողվի առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության հասնել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Հայ պաշտոնյաները միայն նշում են, թե Մայր օրենքի վերաբերյալ Ադրբեջանի մեկնաբանությունները հիմնավոր չեն: Բաքվից պնդում են՝ Սահմանադրությունը, որում հղում կա Անկախության հռչակագրին, տարածքային պահանջներ է պարունակում իր նկատմամբ: Վարչապետը ևս կարծում է՝ նոր Սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում չպետք է լինի: Նիկոլ Փաշինյանի մեկնաբանմամբ՝ դրա բովանդակությունն այն մասին է, որ Հայաստան չի կարող գոյություն ունենալ: Այս կարծիքին է նաև Արայիկ Հարությունյանը. «Ես կարծում եմ, որ Անկախության հռչակագրում կան որոշակի խնդիրներ»։

Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է՝ խորհրդարանական ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» կլծվի նոր Սահմանադրության ընդունման գործին: Թե երբ կլինի հանրաքվեն, վարչապետի աշխատակազմի ղեկավարն ասաց՝ ժամկետների շուրջ քննարկում չկա: Պաշտոնյան այսօր դարձյալ պնդեց՝ իրենք պատրաստվում են ոչ թե արտահերթ, այլ հերթական ընտրությունների. «Գործընկերներ ունենք, որոնք նաև արտահերթի մասին են խոսում, և դա պետք է գնահատվի, մենք գնահատել ենք, որ դրա կարիքը չկա, և, ուրեմն, գնում ենք հերթական ընտրությունների, խնդրում եմ ավելորդ ինտրիգներ չփնտրել, շտաբի ձևավորումը կապված է այն բանի հետ, որ առաջին անգամ իշխանությունը ուզում է առանց տարբեր հարցերում՝ ցայտնոտների, շտապողականության, ճիշտ կազմակերպի իր աշխատանքը», - ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության վերջին երկու նիստերի օրակարգում ընտրություններն են եղել: Արդեն հայտնի է, որ նախընտրական շտաբը ղեկավարելու է Արայիկ Հարությունյանը, իսկ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը իրականացնելու է շտաբի պետի քարոզչության գծով տեղակալի աշխատանքը:


XS
SM
MD
LG