Մատչելիության հղումներ

«Նոան» եվրագավաթային պայքարը շարունակում է. Կոնֆերենցիաների լիգայում կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովա»-ի հետ


Երևանի «Նոան» եվրագավաթային իր պայքարը շարունակում է. Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարում այսօր ուժերը կչափի ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովա»-ի հետ:

Խաղից առաջ «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն «Ազատության» հարցին ի պատասխան ասաց. «Ֆուտբոլիստներն ամբողջովին պատրաստ են խաղին, նրանք լավ պատրաստված են, մոտիվացված, կենտրոնացած։ Ես զգում եմ, որ նրանք անհամբեր սպասում են խաղի մեկնարկին»:


Հարցին, թե այսօրվա խաղում ո՞րն է համարում արդյունքը որոշող գլխավոր գործոնը, Սանդրո Պերկովիչը պատասխանեց, որ ֆուտբոլում ամեն ինչ կարևոր է. «Այսպիսի խաղերում յուրաքանչյուր մանրուքը կարող է մեծ տարբերություն ստեղծել, օրինակ՝ մի նետումը, ստանդարտ իրավիճակը կարող են վճռորոշ լինել խաղի ելքի համար, մենք, սակայն, ցանկանում ենք խաղը կառավարել 90-ից ավելի րոպե։ Մենք կպահպանենք մեր խաղային պլանն ամբողջ 90 րոպեների ընթացքում և կաշխատենք միասին։ Խաղից հետո արդեն կերևա մեր աշխատանքի արդյունքը»։

Ռումինիայում «Ազատությունը» զրուցել է նաև «Նոա»-ի ճապոնացի կիսապաշտպան Տակուտո Օշիմայի հետ, ով, ի դեպ, նախքան «Նոա» տեղափոխվելը հանդես է եկել այսօրվա մրցակից «Ունիվերսիտատեա Կրայովա»-ի կազմում։

Ներկայացնում ենք հարցազրույցից հատված.



«Ազատություն». - Օշիմա՛, նախքան «Նոա» տեղափոխվելը, Դուք խաղացել եք այն թիմում, որի դեմ հիմա մրցում եք։ Քանի որ արդեն ճանաչում եք նրանց, դա Ձեզ համար խաղն ավելի յուրահատուկ կդարձնի՞։

Տակուտո Օշիմա - Իհարկե, սա շատ յուրահատուկ հանդիպում կլինի ինձ համար, քանի որ ես լավ հիշողություններ ունեմ իմ նախկին թիմակիցների, ակումբի և երկրպագուների հետ, այնպես որ ինձ համար շատ յուրահատուկ կլինի խաղալ բոլորի առջև։

«Ազատություն» - Ինչպիսի՞ զգացողություններ ունեք խաղալով ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիայի լիգայում։

Տակուտո Օշիմա- Ես միշտ ցանկացել եմ խաղալ այս մրցաշարում։ Այնպես որ, կփորձեմ անել իմ լավագույնը և պարզապես վայելել այս մրցաշարը։ Եվրոպական մրցաշարում մեր նպատակը խմբային փուլը հաղթահարելն է, այնպես որ փորձում ենք անել մեր լավագույնը։

«Ազատություն» - Եվ Հայաստանի մասին։ Հավանո՞ւմ եք Հայաստանը։ Դժվա՞ր էր հարմարվել նոր երկրին, նոր մշակույթին։

Տակուտո Օշիմա - Այո՛, ինձ իսկապես դուր է գալիս։ Քաղաքը լավն է, մարդիկ՝ շատ բարի և հաճելի։ Ինձ համար դժվար չէր հարմարվելը։ Ես սիրում եմ մշակույթի, նոր մարդկանց հետ ծանոթանալ, դա իմ սիրելի կողմերից մեկն է։


Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն ավելի վաղ սեփական հարկի տակ նվազագույն՝ 1:0 հաշվով առավելության հասավ Խորվաթիայի չեմպիոն «Ռիեկայի» նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG