Մատչելիության հղումներ

Եվրամիությունը Վրաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բազմաթիվ եղանակներ ունի


Եվրամիության և Վրաստանի դրոշները Թբիլիսիում
Եվրամիության և Վրաստանի դրոշները Թբիլիսիում

Եվրամիության դիվանագետները անցյալ շաբաթ առաջին անգամ քննարկեցին դաշինքի դիվանագիտական կորպուսի՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) առաջարկը՝ պատժամիջոցներ կիրառել վրացական երկու կառավարամետ հեռուստաալիքների՝ «Իմեդիի» և «ՊՈՍՏՎ»-ի նկատմամբ՝ ռուսական քարոզչություն տարածելու համար:

«Իմեդի» հեռուստաընկերությունը համարվում է երկրի ամենաշատ դիտվող հեռուստաալիքը և պատկանում է գործարար Իրակլի Ռուխաձեին, ում դեմ արդեն իսկ պատժամիջոցներ են սահմանել Լիտվան և Ուկրաինան։ «Transparency International»-ը վերջերս բացահայտել էր, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին որոշ ժամանակ ֆինանսավորել է հեռուստաալիքը:

Պատժամիջոցները, որոնք կնշանակեն դաշինքում ունեցած ակտիվների սառեցում, ալիքների սեփականատերերի նկատմամբ վիզային սահմանափակումներ և ԵՄ-ում հեռարձակման լիցենզիաների կասեցում, կներառվեն Բրյուսելի կողմից անցյալ տարվա վերջին սահմանված պատժամիջոցների փաթեթում, որը նախատեսված է ռուսական հիբրիդային գործունեության դեմ պայքարելու համար:

Սա առաջին դեպքը չէ, երբ Բրյուսելը փորձում է պատժամիջոցներ կիրառել Թբիլիսիի նկատմամբ։

Հունվարին էլ թիրախում էին «Վրացական երազանք»-ի պատգամավորները, ինչպես նաև դատավորներն ու ՆԳՆ պաշտոնյաները՝ 2024 թվականի հոկտեմբերի վիճահարույց խորհրդարանական ընտրություններից հետո բողոքի ցույցերը ճնշելու համար։ Այդ ժամանակ Հունգարիան և Սլովակիան վետո դրեցին պատժամիջոցների առաջարկին, և, կարծես, նրանք կարող են կրկին նույնը անել։ Հարցին ծանոթ մի քանի դիվանագետների խոսքով՝ այս երկու երկրները Բելգիայի, Իտալիայի և Հունաստանի հետ միասին կրկին թերահավատություն են հայտնել պատժամիջոցների արդյունավետության հարցում։

Վերջիններս իրենց դիրքորոշումը արդարացնելու համար երկու փաստարկ են բերում՝ մտահոգություններ խոսքի ազատության սահմանափակման վերաբերյալ և մտավախություն, որ Թբիլիսին կարող է ԵՄ-ին մեղադրել կրկնակի ստանդարտներ կիրառելու մեջ, քանի որ Բրյուսելը քաղաքական և ֆինանսական աջակցություն է տրամադրում վրացական մի շարք լրատվամիջոցների, միևնույն ժամանակ փորձում է լռեցնել քննադատական ձայները։ Բանավեճի մյուս կողմում են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը և Նիդեռլանդները և Չեխիան, որը Վրաստանի իշխող վարչակազմին քննադատող ամենաակտիվ երկրներից է։

Բայց քանի դեռ միության անդամներից որևէ մեկը համաձայն չէ, որոշումը չի կարող ընդունվել։ Առանձին անդամ պետությունների հնարավոր վետոներից բացի, կա ևս մեկ հնարավոր խոչընդոտ. պատժամիջոցների հարցում միանշանակ չէ նաև ԵՄ Խորհրդի իրավաբանական ծառայության դիրքորոշումը, կառույցը, որը քննում է պատժամիջոցների առաջարկները և ստուգում, թե արդյոք դրանք կարող են դիմանալ Եվրոպական դատարանում (ԵԴ), եթե հակառակ կողմը որոշի բողոքարկել։

Ուսումնասիրելով Վրաստանի դեմ պատժամիջոցների առաջարկը՝ ԵՄ իրավաբանական ծառայությունը նշել է, որ ներկայացված ապացույցները բավարար չափով չեն ապացուցում վրացական հեռուստաալիքների՝ «Իմեդի»-ի և «ՊՈՍՏՎ»-ի կապը Ռուսաստանի կառավարության հետ։ ԵՄ դիվանագիտական մարմինը այժմ կշարունակի աշխատել ավելի շատ ապացույցներ հավաքելու և փաստերն ամրապնդելու ուղղությամբ։

Ֆինլանդիան, Գերմանիան, Սլովենիան և Շվեդիան քաղաքական աջակցություն են հայտնել պատժամիջոցներին, եթե իրավական փաստարկը ամրապնդվի։ Բուլղարիան, Ֆրանսիան և Ռումինիան նույնպես նշել են, որ կարող են աջակցել այդ քայլին, բայց հավելել, որ նրանց ավելի շատ ժամանակ է հարկավոր դրա հետևանքներն ուսումնասիրելու համար։

Արդյո՞ք ԵՄ-ն կկասեցնի Վրաստանի ազատ վիզային ռեժիմը

Հոկտեմբերի 7-ին Եվրամիությունը հաստատել է նոր կանոններ, որոնք կհեշտացնեն ազատ վիզային ռեժիմի կասեցումը ԵՄ այցելել ցանկացող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Այս միջոցառումը հիմնականում ուղղված է Վրաստանին՝ Թբիլիսիի կողմից ժողովրդավարական բարեփոխումներից շեղվելու և Մոսկվայի ազդեցության ոլորտ վերադառնալու նշանների ֆոնին։
Եվրախորհրդարանը հավանություն տվեց համապատասխան օրենսդրությանը։ Սպասվում է, որ ԵՄ անդամ պետությունները նոյեմբերի 17-ին կհետևեն դրա օրինակին, և նոր կանոնները ուժի մեջ կմտնեն արդեն դեկտեմբերին։

Այս միջոցառումները կկիրառվեն բոլոր 61 երկրների համար, որոնք օգտվում են ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմից, այդ թվում՝ Արևմտյան Բալկաններում ԵՄ-ին միանալու հույս ունեցող բոլոր երկրների, ինչպես նաև Մոլդովայի և Ուկրաինայի համար։ Սակայն եվրոպացի դիվանագետները խոստովանում են, որ առաջարկվող կանոնները, գոնե մասամբ, ուղղված են մեկ այլ երկրի, որը դեռևս օգտվում է ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմից՝ Վրաստանին։

Հարավկովկասյան այս հանրապետությունը երկար ժամանակ է, ինչ բռնել է Բրյուսելի հետ պոտենցիալ բախման ճանապարհը՝ ընդունելով ինչպես սեռական փոքրամասնությունների դեմ ուղղված օրենսդրություն, այնպես էլ «օտարերկրյա գործակալների» մասին օրենք։ Նմանատիպ օրենսդրություն Կրեմլն օգտագործել է խոսքի ազատությունը և քաղաքացիական հասարակությունը ճնշելու համար՝ անցյալ տարի Եվրամիության կողմից եկող խիստ քննադատության ֆոնին։

Հարաբերությունները ավելի են վատթարացել անցյալ տարվա հոկտեմբերին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց ընթացքում երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վիճահարույց կերպով պահպանեց իշխանությունը, ապա որոշեց դադարեցնել ԵՄ անդամակցության բանակցությունները՝ միաժամանակ շատերի, այդ թվում՝ Բրյուսելի կարծիքով որդեգրելով ռուսաստանահաճո քաղաքականություն։


Իրավիճակը հանգեցրեց զանգվածային ցույցերի, որոնք բռնի կերպով ճնշվեցին իշխանությունների կողմից։ Անցյալ կիրակի Վրաստանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո, որոնցում «Վրացական երազանքը» ամրապնդեց իր իշխանությունը, ցույցերը վերսկսվեցին։ Ոստիկանական հատուկ ուժերն արձագանքեցին ջրցան մեքենաների կիրառմամբ՝ ցրելու այն, ինչը պաշտոնյաները ներկայացնում են որպես «օտարերկրյա հետախուզական ծառայությունների կողմից պլանավորված հեղաշրջման փորձ»։

2024 թվականի հոկտեմբերի ընտրություններից ի վեր ԵՄ-ն ձեռնպահ է մնացել Վրաստանի հետ բարձր մակարդակի քաղաքական շփումներից, սակայն մինչ օրս Բրյուսելին չի հաջողվել պատժամիջոցներ կիրառել վրացի բարձրաստիճան քաղաքական գործիչների նկատմամբ, քանի որ Հունգարիան և Սլովակիան բազմիցս վետո են դրել այդ քայլի վրա, որի համար անհրաժեշտ է 27 անդամ պետությունների միաձայնությունը։

Դրա փոխարեն դաշինքը դիտարկել է երկրի 2017 թվականից գործող ազատ վիզային ռեժիմը թիրախավորելու հնարավորությունը, քանի որ դա կոնսենսուս չի պահանջում։ Եվրահանձնաժողովը հուլիսին նամակով զգուշացրել էր Վրաստանի կառավարությանը այս մասին՝ խնդրելով մի շարք պարզաբանումներ մինչև օգոստոսի վերջ։ Թբիլիսին արձագանքել է, սակայն, ըստ մի քանի ԵՄ պաշտոնյաների, Բրյուսելը տպավորված չէր այդ արձագանքից։

Կա մեկ այլ փոփոխություն, որը հատուկ ուղղված է Վրաստանին․
նոր կանոնների համաձայն՝ ողջ բնակչությունը, այսինքն՝ հասարակ քաղաքացիները կարող են և չտուժել, և ազատ վիզաների սահմանափակումը կարող է տարածվել միայն բարձրաստիճան պաշտոնյաների ու ժողովրդավարության հետընթացի համար պատասխանատուների վրա։

Սա կարևոր է Վրաստանի պարագայում, քանի որ Բրյուսելում շատերը զգուշանում են հարվածի տակ դնել հասարակությանը՝ իշխանության գործած քայլերի համար։ Ըստ այդմ, հասարակ քաղաքացիները կտուժեն միայն այն դեպքում, եթե երեք տարուց հետո Բրյուսելի մատնանշած բացթողումները չշտկվեն, և երկիրը վերջնականապես դուրս մնա ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմ ունեցող երկրների ցանկից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG