Մատչելիության հղումներ

FlyOne-ն ու ընկերության գլխավոր գործադիր տնօրենը՝ Մոլդովայի հետախուզական ծառայության հատուկ ցանկում


FlyOne ընկերությունն ու դրա գլխավոր գործադիր տնօրենը հայտնվել են Մոլդովայի հետախուզական ծառայության հատուկ ցանկում՝ միջազգային պատժամիջոցների տակ հայտնված անձանց հետ ենթադրյալ կապի պատճառով։

Ընկերությունից իշխանությունների որոշումն անհիմն են համարում՝ հայտարարելով քաղաքական հետապնդման մասին։

«FlyOne ընկերության ներառումը նման ցուցակում՝ իբր պատժամիջոցների տակ ընկած սուբյեկտների հետ կապ ունեցող անձանց շարքում, ամբողջովին անհիմն է, զուրկ է ապացույցներից և ունի քաղաքական հետապնդման բնույթ ինչպես ընկերության, այնպես էլ դրա գործընկերների նկատմամբ։ Հետևաբար, Մոլդովայի Հետախուզության և անվտանգության ծառայության 2025թ․ օգոստոսի 21-ի №53 որոշումը վիճարկվել է դատարանում, և Գլխավոր դատախազություն ներկայացվել է քրեական հայց», - հայտարարել են FlyOne-ից։

FlyOne-ի գլխավոր գործադիր տնօրենը Վլադիմիր Ցեբոտարին է։ Նա եղել է Մոլդովայի արդարադատության նախկին նախարարը։ Ըստ մոլդովական լրատվամիջոցների՝ Ցեբոտարին «Մոլդովայի ժամանակակից ժողովրդավարական» կուսակցության հիմնադիրներից և ղեկավարներից մեկն է։ Ընդդիմադիր այս ուժը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել փաստաթղթեր 2028 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:

Մոլդովայի Հետախուզության և անվտանգության ծառայության փաստաթղթի համաձայն՝ FlyOne ընկերության գլխավոր գործադիր ղեկավարը փոխկապակցված է մոլդովացի օլիգարխ, Դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ, մեծահարուստ Վլադիմիր Պլախոտնյուկի գործունեության հետ, որը այս ամիս ձերբակալվել էր Հունաստանում։

Ընկերությունից, ի դեպ, հերքում են տեղեկությունները, թե FlyOne-ը հատուկ ցուցակում է հայտնվել դեպի Ռուսաստան չվերթներ իրականացնելու համար։ Այդ չվերթները հայաստանյան FlyOne Armenia-ն է իրականացնում։

Ընկերությունից պարզաբանել են, որ հետախուզական ծառայության ցուցակում ներառվելը չի նշանակում, թե ընկերության գործունեությունը որևէ կերպ սահմանափակվում է։ Ավելին՝ կեղծ են որակում, հերքում են լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, թե ավիաընկերությունը պատժամիջոցների տակ է հայտնվել։

«Ոչ մի սահմանափակում կամ արգելք չի կիրառվում այն անձանց նկատմամբ, ովքեր իբր կապ ունեն պատժամիջոցների տակ հայտնված սուբյեկտների հետ։ Միակ գործնական հետևանքները վերաբերում են վերահսկողության միջոցների խստացմանը՝ գործարքների իրականացման ժամանակ, օրինակ, ապրանքների վաճառք, բաժնետոմսերի փոխանցում, դիվիդենտների վճարում», - նշված է հայտարարությունում։

FlyOne -ից վստահեցնում են, թե ընկերությունը շարունակում է իր բնականոն գործունեությունը։ Իսկ FlyOne-ի հայաստանյան ընկերությունից՝ FlyOne Armenia-ից էլ հերքել են, թե Մոլդովայի հետախուզական ծառայության ցանկում FlyOne -ի ներառումը կարող է ազդեցություն ունենալ՝ հայաստանյան ընկերության գործունեության վրա։

FlyOne Armenia-ն չվերթներ է իրականացնում ոչ միայն Ռուսաստան, այլ նաև Եվրամիության երկրներ՝ Հայաստանը ԵՄ սև ցուցակում հայտնվելուց հետո։ Հայաստանն այս ցանկում 2020 թվականին է հայտնվել, սակայն, մինչ այս պահը ավիացիոն իշխանությունները չեն պարզաբանում՝ երբ դուրս կգա հայաստանյան օդանավերը Եվրոպա թռիչքներ իրականացնելու արգելքից։





XS
SM
MD
LG