Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի առաջնորդները օգոստոսի 27-ին կայցելեն Մոլդովա, որտեղ մեկ ամսից տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։
Եվրոպացի առաջնորդների Քիշնև այցի նպատակը Եվրամիության անդամի թեկնածու երկրին աջակցություն հայտնելն է, հայտարարել է Ելիսեյան պալատը: Ըստ պաշտոնական Փարիզի, այցը տեղի է ունենում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հրավերով՝ «երկրի անկախության 34-ամյակի առթիվ»:
Ուկրաինային և Եվրամիությանը սահմանակից նախկին խորհրդային հանրապետություն Մոլդովայի եվրոպամետ առաջնորդ Սանդուն Մոսկվային մեղադրում է քաղաքական միջամտության մեջ, անցած ամիս նա հայտարարեց, թե Ռուսաստանը փորձում է խառնվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ ապատեղեկատվական արշավների, կիբերհարձակումների և վճարովի «բռնի» բողոքի ցույցերի միջոցով։