Մատչելիության հղումներ

Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր դռնփակ անցավ


Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստ, արխիվ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստ, արխիվ

Ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի համար մեղադրվող Բագրատ Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր սկսվելուց հետո փաստաբաններից Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ հրատապ կարևոր միջնորդություն ունի ներկայացնելու իր պաշտպանյալի վերաբերյալ, այն էլ՝ գաղտնի, փակ ռեժիմով։

«Պատահական չեմ նշում, եթե ասում եմ՝ անհետաձգելի բնույթի միջնորդություն ունեմ, այնպիսի հանգամանքով պայմանավորված, որը ոչ դատարանին, ոչ հանրային մեղադրողներին, ոչ էլ նույնիսկ իմ գործընկերներին դատավարության մասնակից հայտնի չի եղել, իսկ պաշտպանյալիս էլ հայտնի է եղել ամբողջ մանրամասներով հենց նիստի ընթացքում», - ասաց Վարդևանյանը:

Բայց պարզվեց, որ մեղադրյալներից մեկը չի եկել՝ առողջական խնդիրների պատճառով, և դատախազները հայտարարեցին, որ նիստը պետք է առհասարակ այսօր հետաձգվի, քանի որ օրենքով՝ եթե մեղադրյալներից մեկը չի ներկայանում, ապա դատական նիստը չպետք է շարունակվի. - «Քրեական դատավարության օրենսգրքով ուղղակիորեն ամրագրված է, որ մեղադրյալի չներկայանալու դեպքում դատական նիստը հետաձգվում է, եթե այլ բան նախատեսված չէ։ Այս պարագայում այլ բան նախատեսված չէ, և դատական նիստը ենթակա է հետաձգման՝ մեղադրանքի կողմի դիրքորոշումն այդ է»։

Արամ Վարդևանյանը պնդեց, որ իր միջնորդությունը շատ կարևոր է, անմիջապես առնչվում է իր պաշտպանյալին, և եթե անգամ դատախազները լսեն, թե ինչի մասին է խոսքը, ապա համաձայն կլինեն իր միջնորդության հետ։ Բայց թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, մեղադրյալ Արթուր Սարգսյանի որ խնդրին է վերաբերում, փաստաբանը չմանրամասնեց, նշելով, որ դա գաղտնի է։

«Քանի որ պաշտպանը հասկանալիորեն չի կարողանում այս պահին հայտնել, թե ինչի վերաբերյալ է իր միջնորդությունը, իսկ դռնփակ նիստի անցնելու միջնորդությունը ևս քննվում է դռնփակ, հնարավոր է մեղադրանքի կողմը դիրքորոշում փոխի դռնփակ նիստի անցնելու դռնփակ միջնորդությունը քննարկելու ընթացքում», - ասաց դատախազը:

Դրանից հետո դատավորը հայտարարեց, որ նիստը փակ ռեժիմով կանցկացնեն, ինչից հետո մասնակիցները, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, դուրս եկան դատարանից։

Տավուշի թեմի նախկին առաջնորդը և նրա 17 համախոհները մեղադրվում են ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի համար, մեղքը
չեն ընդունում։ Հունիսին էր, որ իրավապահները հայտարարեցին ահաբեկչության փորձի բացահայտման մասին։ Դրանում մեղադրեցին Բագրատ Գալստանյանին և նրա թիմակիցներին։ Քննչական կոմիտեն տարածեց, իր բնորոշմամբ, տարբեր ապացույցներ, այդ թվում՝ ձայնագրություններ, որոնցում լսվում էին որոշակի ձայներ։ Իրավապահները պնդում են՝ այնտեղ լսվում է նաև Բագրատ սրբազանի ձայնը, ով խոսում է «գյուլլելու, սպանելու» մասին։ Դրանից օրեր անց գլխավոր դատախազը Հանրայինի եթերում հայտարարեց ծանրակշիռ ապացույցների մասին և նշեց, որ այդ խումբը պետք է հասներ ընդհուպ վարչապետին:

Ինչպես ի սկզբանե, այնպես էլ քրեական գործի նախաքննության ավարտից հետո, փաստաբանները հիմա էլ շարունակում են կասկածներ հայտնել, որ այդ ձայնագրությունները կեղծ են, մոնտաժված են։ Դատախազությունը հերքում է այդ ապացույցների կեղծ, մոնտաժված լինելու մեղադրանքները։

Սակայն փաստաբանները պնդում են, որ ոչ միայն մոնտաժված են սղագրությունները և ձայնագրությունները, անգամ չեն համապատասխանում իրար, իսկ «գյուլլելու» մասին արտահայտությունն էլ, ըստ նրանց, չի վերաբերում այս իշխանություններին, վերաբերում է լրիվ այլ իրավիճակի։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG