Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը երեկ այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, «Ազատությանը» հայտնեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Նրա փոխանցմամբ՝ Գարեգին Երկրորդին ուղեկցել են Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ու Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
«Նշենք, որ Վեհափառ Հայրապետը ժամանակին ցանկություն էր արտահայտել այցելելու Միքայել և Բագրատ Սրբազաններին, ինչպես նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանին։ Ցավոք, մերժում էր ստացվել», - հայտնում է Տեր Եսայի քահանան՝ հավելելով, որ «Մայր Աթոռը խստորեն դատապարտում է վերջիններիս նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները և պատվիրված դատավարական գործընթացները»։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի հոդվածով։ Մեղադրանքի հիմքում նրա մեկ տարվա վաղեմության մի հարցազրույց է, որտեղ հոգևորականը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում՝ մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել: Դատախազությունը հիմնավորում է, թե նա այս հայտարարությունն արել է նաև 2025-ի հունիսին։
Մեղավոր ճանաչվելու դեպքում Միքայել Աջապահյանին սպառնում է տուգանքից մինչև 5 տարի ազատազրկում:
Մանրամասները՝ այստեղ