Ֆեյսբուքյան կոշտ գրառման համար մեկ շաբաթ առաջ կալանավորված փաստաբանի գործը Քննչական կոմիտեն քննեց ուղիղ մեկ շաբաթում, ավարտեց նախաքննությունն ու ուղարկեց դատախազին:
Ալեքսանդր Կոչուբաևին դատական նիստից հետո ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել էին գետնին տապալելով: Նրան մեղադրում են հոգևորականներին կալանավորելուց հետո դատախազների, քննիչների ու դատավորների հասցեին արատավոր տեղեկություններ տարածելու հոդվածով:
«Կարելի է տարբեր կերպ անվանել՝ վիրավորանք, թերևս կգտնվեն մարդիկ, որ կանվանեն դա հայհոյախոսություն, ամեն ինչ, բացի տեղեկությունից, տեղեկությունը մենք բոլորս ողջամտորեն ենթադրում ենք՝ ինչ է, դա ինֆորմացիան է փաստի վերաբերյալ պնդումն է», - այսօր ասուլիսին ասաց նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
Ընդդիմադիրների գործերով հայտնի փաստաբանի գործընկերները հայտարարեցին՝ «Վարդաշենի» բանտում պահվող Կոչուբաևի հետ կատարվածն անհամաչափ, պատժողական մի գործողություն էր, իրավական տեռոր:
Նրա փաստաբանի խոսքով՝ Կոչուբաևին դատում են իր գրառման համար: Ընդ որում, նրան վերագրում են մի արարք, որը գրառմամբ չի արել. «490-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված պատժի սպառնալիքով արարքի մեղսագրումը Կոչուբաևին, մեր համոզմամբ, հետապնդում էր բացառապես Ալեքսանդր Կոչուբաևին կալանավորելու հնարավորություն ստեղծելու և այդ միջոցով նաև նրան պատժելու, ուրեմն, ակնկալիք»։
Հոգևորականների կալանավորումից զայրացած փաստաբանը Ֆեյսբուքում դատախազներին ու դատավորներին անվանել էր «վիժվածքներ», «հոգին սատանային վաճառածներ», «շան տղաներ»: Նրան ձերբակալելուց հետո իրավապահները խուզարկել են նրա բնակարանը, գրասենյակը, առգրավել են հեռախոսը, համակարգիչը, կրիչներ, որոնց մեջ կան փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններ, այսօր իր մտահոգությունը հայտնեց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը:
«Սա անթույլատրելի երևույթ է, դուք գիտեք, որ նաև առկա իրավակարգավորումներով և միջազգային պրակտիկայով արգելվում է առգրավել փաստաբանի անձնական կրիչները, որովհետև այդտեղ ունենք փաստաբանական գաղտնիք և առնչվում է մի շարք վստահորդների շահերին», - ասաց նա։
Չնայած Փաստաբանների պալատի նախագահը Կոչուբաևի գրառումը տեղին չի համարում, բայց և պնդում է՝ դա ամենեևին չի նշանակում, որ փաստաբանի հետ այդպես պետք է վարվեին. «Ողջունելի չէ, տեղին չէ նմանատիպ գրառումներ կատարելը փաստաբանին, բայց հարցը դա չէր, հարցն այն էր, թե այդ ենթադրյալ արարքի կապակցությամբ իրավապահ մարմինների արձագանքն ինչպիսին էր: Ձերբակալման ժամանակ Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառում են անհամաչափ միջոցներ»:
Սահմանափակվել է Ռուբեն Մխիթարյանի մասնագիտական գործունեությունը. փաստաբան
Փաստաբանների պալատում մտահոգված են նաև մեկ ուրիշ փաստաբանի՝ «Մեր ձևով» շարժման Գյումրիի համակարգող Ռուբեն Մխիթարյանի կալանավորմամբ:
Նա մեղադրվում է զանգվածային անկարգությունների մասնակցելու և արդարադատությանը խոչընդոտելու համար:
«Պարոն Մխիթարյանը առաջին անգամ, երբ ժամանում է համայնքապետարան, ոստիկանների հետ բանակցում է, որպեսզի ներս մտնի համայնքապետարան, հաշվի առնելով, որ ինքը փաստաբան է և ներսը ունի վստահորդներ, որոնց պիտի իրավաբանական օգնություն տրամադրի», - ասաց Վարազդատ Հարությունյանը, որ նաև Մխիթարյանր փաստաբանն է:
Երկու ամսով կալանավորված փաստաբանին իրավապահները մեղադրում են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու ժամանակ քաղաքապետարանի մոտ ոստիկանների հետ տեղի ունեցած բախման համար. «Ռուբեն Մխիթարյանն արդեն համայնքապետարանից դուրս գալուց հետո անկախ իր ցանկությունից հայտնվում է մի իրադրության մեջ, երբ երկուստեք ցուցարարները և ոստիկանները ինչ-որ հրմշտոցի և ինչ-որ խառը իրավիճակի մեջ է լինում։ Ռուբեն Մխիթարյանը, ձեռքերը վեր պարզած, ոստիկանների և ցուցարարների միջև կանգնած, փորձում է հանդարտացնել իրավիճակը»։
Փաստաբանն ընդգծում է՝ Մխիթարյանի մասնագիտական գործունեությունն է սահմանափակվել, ոչ թե նա է խոչընդոտել այդ պահին իրավապահների գործողություններին: Նա այնտեղ էր, որպեսզի պաշտպանի քաղաքացիներին, ասում են փաստաբաններն ու ահազանգում՝ չեն պատրաստվում լռել փաստաբանների նկատմամբ ոտնձգությունների մասին և ահազանգելու են նաև միջազգային գործընկերներին: