Մատչելիության հղումներ

ՀԷՑ-ի տնօրենի նախկին պաշտոնակատարը հրապարակում է արբիտրաժային որոշման վերաբերյալ պաշտոնական գրագրությունը


Դավիթ Ղազինյան, ՀԷՑ-ի տնօրենի նախկին պաշտոնակատար, 27 օգոստոսի 2025թ.
Դավիթ Ղազինյան, ՀԷՑ-ի տնօրենի նախկին պաշտոնակատար, 27 օգոստոսի 2025թ.

Կառավարությունն ընդունել է՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բռնագանձման հետագա քայլերն արգելող Ստոկհոլմի արբիտրաժի հրատապ որոշումը պետք է պարտադիր կատարվի, այս մասին հայտարարում է ընկերության տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը:

Նրա ձեռքի տակ է կառավարության ու կարգավորող հանձնաժողովի արբիտրաժային որոշման վերաբերյալ պաշտոնական գրագրությունը:

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի ուղարկած նամակում սևով սպիտակի վրա գրված է. «Որպես կանոն արբիտրաժային վճիռը կողմերի կողմից ենթակա է պարտադիր կատարման»:

Թե ինչպես է այս գրագրությունը հայտնվել ՀԷՑ-ի նախկին ղեկավարի ձեռքում, նա չհստակեցրեց. «Գնդակը հանձնաժողովի նախագահի դաշտում է, և հանձնաժողովի նախագահը այդ ամբողջ ինֆորմացիան ստանալուց հետո տնօրենների խորհրդի նախագահին պատասխանում է, որ մեր իրավասությունների դաշտում չէ, հանձնաժողովի նախագահը գործում է օրենքներով: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այդ դեպքում դիմել կառավարությանը, որպեսզի ստանա պարզաբանում»:

Անցած ամիս Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը կառավարությունից պահանջել էր ձեռնպահ մնալ ընկերության ակտիվներն առգրավելուց, չփոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամներին ու կանոնադրությունը:

Կառավարությունը, սակայն, որոշմանը չհետևեց. հայտարարեցին՝ պարտադիր դառնալու համար որոշումը պետք է անցնի ներպետական դատարանով:

Ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը ոչ միայն շարունակում է պաշտոնավարել, այլև կադրային փոփոխություններ է իրականացնում ղեկավար պաշտոններում՝ այդ թվում ՔՊ-ականների նշանակելով. «Իմ կարծիքով, հանձնաժողովի նախագահն ընդամենը իր որոշումով պետք է կասեցնի կառավարչի գործունեությունը և վերջ: Օրենքով էլ չէ, կառավարության տված պարզաբանմամբ», - ասում է ՀԷՑ-ի տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը:

Այս ամենին զուգահեռ սեփականատիրոջ, կարգավորող հանձնաժողովի ու կառավարության միջև գրագրություն է սկսվում: Նախ կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ «Տաշիր կապիտալ»-ի գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանն է դիմում հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին՝ խնդրելով կասեցնել «ՀԷՑ»-ում հարուցված վարույթն ու չեղարկել Ռոմանոս Պետրոսյանի նշանակումը:

Այնուհետև, հանձնաժողովի նախագահը, որի որոշմամբ էլ ժամանակավոր կառավարիչ է նշանակվել, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին է նամակ ուղարկում ու խնդրում արբիտրաժային որոշման վերաբերյալ կառավարության դիրքորոշումը հայտնել: Պատասխանում է միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարն ու պարզաբանում՝ որպես կանոն արբիտրաժային վճիռը ենթակա է պարտադիր կատարման:

Գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանն ընդունում է՝ Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնավարումը հակասում է արբիտրաժային որոշմանն ու արձանագրում՝ որոշումը կատարելու համար բավարար է կասեցնել ժամանակավոր կառավարչի գործադիր մարմնի լիազորությունները: Գրասենյակի ղեկավարն, այդուհանդերձ, ընդգծում է՝ եթե արբիտրաժային վճիռը կամովին չի կատարվում, պետք է ներպետական դատարան դիմել:

Անցած շաբաթ էլ Նարեկ Կարապետյանը ստանում է հանձնաժողովի նախագահի արձագանքը: Ռոմանոս Պետրոսյանի լիազորությունները դադարեցնելու հարցին ի պատասխան՝ Մեսրոպ Մեսրոպյանն իր մեկ ամիս առաջ արված մի խճճված հայտարարություն է հիշեցնում, որտեղ նա պնդել էր, թե ինքն իրավասու չէ գնահատել արբիտրաժային որոշման կատարման հարցը:

Այսպիսով գրագրությունն ավարտվում է և, ըստ էության, փակ շղթա է ստեղծվել. «Ես համոզված եմ, որ հանձնաժողովի նախագահն անկախ չի, բայց թե ինչո՞ւ է իր վրա վերցրել ասպիսի բեռ, չեմ կարող ասել», - ասում է ՀԷՑ-ի տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը:

ՀԷՑ-ի տնօրենի նախկին պաշտոնականատարն այսօր նաև պնդեց, որ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից հետո շուրջ 50 մարդ կորցրել է իր աշխատանքը. «Կան շատ դիմում գրողներ, ովքեր տարբեր ճնշման միջոցներով նաև դիմում են գրել: Իր նշանակվելուց հետո մինչև այսօր բոլոր դիմում գրողներն անգամ հեռացվածի կարգավիճակ պետք է ունենան, որովհետև տարբեր ճնշումներով չեն դիմացել, դիմում են գրել, թողել ու գնացել են: Դուք կարող եք ասել, որ 6800-ի մեջ այդ թիվը շատ քիչ է, ես կարող եմ ասել հակառակը, քանի որ ազատվել են հիմնականում ղեկավար պաշտոնյաներ»:

Ինքը՝ Ղազինյանն, աշխատանքից հեռացվեց Ռոմանոս Պետրոսյանի առաջին իսկ աշխատանքային օրը, ՀԷՑ-ի գլխավոր մասնաշենքի շեմին ժամանակավոր կառավարիչը հայտարարեց, թե «նա ձև չունի մնալու»:

Իշխանությունները «Հայաստանի էլեկտրական ցանցերը» պետականացնելու մասին հայտարարեցին Սամվել Կարապետյանի կալանավորմանը զուգահեռ:

Չկատարված արբիտրաժային որոշումն, ըստ էության, հայցի ապահովման միջոցի նշանակություն ունի, բուն քննությունը նոր է սկսվում: Հիմնական հայցով Կարապետյանները «ՀԷՑ»-ի համար կառավարությունից 500 միլիոն դոլար են պահանջում: Արբիտրաժային հայցից պաշտապնվելու համար գործադիրը որոշել է հարկատուների հաշվին 3.2 միլիոն դոլարծախսել: Կառավարության շահերը կներկայացնի Միացյալ Նահանգներում գործող մի փաստաբանական ընկերություն:

XS
SM
MD
LG