Այս ձմեռային զորակոչին բանակ գնացողները կծառայեն ոչ թե երկու, այլ մեկուկես տարի, այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետը:
«Որոշել ենք, որ օրենքն ավելի շուտ ուժի մեջ մտնի՝ 2026 թվականի հունվարի 1-ից։ Այսինքն՝ 2026 թվականի ձմեռային զորակոչից ՀՀ-ում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1,5 տարի», - այսօր հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Պաշտպանության նախարարությունը սեպտեմբերին էր շրջանառության մեջ դրել զինծառայության ժամկետը կես տարով կրճատելու նախագիծն այն հիմնավորմամբ, որ պայմանագրային զինծառողների թիվն է աճել, գրավիչ քայլեր են արել այդ ուղղությամբ:
Շարքայինների ծառայության ժամկետը կրճատելու նախաձեռնությունը ընդդիմադիրներն ի սկզբանե էին քննադատել, և նրանց համար հիմք էին նաև հենց Պաշտպանության նախարարության պաշտոնյաների հայտարարությունները: Օրինակ՝ փոխնախարար Արման Սարգսյանը հայտարարել էր՝ բանակը համալրման խնդիր ունի, այդ պատճառով են վարժական հավաքի մասնակիցներին սահման մարտական հերթապահության տանում:
«Ցանկալի չէ այս ամբիոնից հնչեցնել, որ զորքի թվաքանակը չի հերիքում, դրա համար վարժական հավաքներին ներկայացնում են մարդկանց նաև մարտական հերթապահության», - ասել էր նա:
Եթե զորքի թվաքանակը բավարար չէ, ինչո՞ւ է կրճատվում զինծառայության ժամկետը. ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը կարծում է՝ որովհետև առաջիկայում ընտրություններ են, իսկ սա շատ հաճելի է լուր է:
«Իշխանությունը փորձում է հասարակությանը կամ առնվազն նրա մի հատվածի ականջին հաճո նախաձեռնություններ ունենալ. մի կողմից՝ սա նախաձեռնություն է, որ կարող է էմոցիոնալ առումով մարդկանց մոտ առաջին հայացքից դրական ֆոն ձևավորել, բայց սա երկրի անվտանգությունը կասկածի և ռիսկի ենթարկող նախաձեռնություն է՝ հաշվի առնելով զինված ուժերում առկա իրավիճակը և հատկապես համալրվածության հետ կապված մակարդակը», - «Ազատության» հետ զրույցում նշեց Աբրահամյանը:
Պատգամավորը վստահ է՝ այս որոշման հետևում նաև ադրբեջանական պահանջն է ապառազմականացման վերաբերյալ: Ապառազմականացումը ոչ միայն բանակի ծախսերը նվազեցնելն է, այլ նաև անձնակազմը կրճատելը:
2026-ից զինծառայությունը կդառնա 1.5 տարի. ընդդիմությունը մտահոգություններ ունի