Մատչելիության հղումներ

Իշխանությունը մտադիր է կես տարով կրճատել պարտադիր զինծառայությունը

Լրացված

ՀՀ ԶՈՒ նորակոչիկներ, արխիվ
ՀՀ ԶՈՒ նորակոչիկներ, արխիվ

Իշխանությունը մտադիր է 6 ամսով կրճատել պարտադիր զինվորական ծառայությունը։ Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է դրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որի ընդունվելու դեպքում երկու տարվա փոխարեն մեկուկես տարվա պարտադիր ծառայություն կանցնեն զինվորները: Ռազմական գերատեսչությունը հիմնավորում է, թե պայմանագրային զինծառողների թիվն է աճել, և թվարկում, թե ինչ գրավիչ քայլեր են արել ու անում պայմանագրային զինվորական ծառայությունն ընդլայնելու համար։

«Այդ կապակցությամբ՝ նպատակահարմար է գտնվել շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի ամառային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18-ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն», - գրված է նախագծում։

«Այն հիմնավորումներ՝ չակերտավոր, որ դրված են այս նախագծի հիմքում որևէ կապ չունեն իրականության հետ», - հայտարարեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը:

Ընդդիմադիր պատգամավորը հակադարձում է՝ ուսումնասիրությունները ճիշտ հակառակի մասին են խոսում: Նախ, նրա պնդմամբ, պարտադիր և պայմանագրային ծառայությունը մեկը մյուսով չեն կոմպենսացվում, հետո՝ հարցեր են առաջանում՝ եթե զինծառայողների թվի խնդիր չկա, ինչո՞ւ մարտական հերթապահություն են այսօր իրականացնում վարժական հավաքի մասնակիցներն ու 60-ն անց երկրապահները:

«Իրավիճակը արդեն իսկ խոսում է մարտական հերթապահության և մարտական այլ խնդիրների լուծման համատեքստում Զինված ուժերում համալրվածության բավականին մեծ խնդիրների մասին», - ասաց Աբրահամյանը՝ շարունակելով. - «Ի դեպ, մի քանի ամիս առաջ պաշտպանությանը վերաբերող տարբեր քննարկումների, հրապարակային քննարկումների ժամանակ էլ և՛ Պաշտպանության նախարարության, և՛ նաև իշխող ուժը ներկայացնող պատգամավոորերի կողմից նաև հստակ հնչել է համալրվածության հետ կապված լուրջ խնդիրների մասին»:

Ուշագրավ է, որ բանակում զինվորների համալրման խնդրի մասին տևական ժամանակ խոսում է իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը, որ բազմիցս նախաձեռնություններով է հանդես գալիս՝ գումարի դիմաց քիչ ծառայելու օգտին։

«Վերջին առնվազն 15 տարիների ընթացքում ամեն տարի ունեցել ենք ավելի քիչ թվով զորակոչիկներ, ժակետային զինծառայողներ, քան նախորդ տարի, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս», - հայտարարում էր Սարգսյանը:

«Ինչ-որ մեկը եթե ասում է, որ երկու-երեք ամսվա ընթացքում, մեկ տարվա ընթացքում շեշտակի փոփոխություն է եղել, որ մենք, մի կողմից, ծանր համալրվածության հետ կապված խնդիրներն ենք լուծել և ստեղծել ենք հնարավորություն՝ ըստ էության գնալու բանակի կրճատմանը, անձնակազմի կրճատմանը, դա որևէ ձևի պարզապես տրամաբանական չէ», - այսօր ընդգծեց Տիգրան Աբրահամյանը:

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ իշխանական վերնախավը շատ լավ գիտակցում է այս ամենը։ Իսկ թե ինչու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գնում այս փոփոխություններին, Աբրահամյանի համար պարզից էլ պարզ է՝ շահել սրտեր, ընդ որում՝ ոչ միայն հայերի, այլ նաև՝ ադրբեջանցիների։

«Ակնհայտորեն նախընտրական տրյուկ է՝ հասարակության կոնկրետ հատվածներին սրա միջոցով, այսպես ասած, շահագրգռելու և այն կապիտալիզացնելու որպես ընտրական ձայներ: Երկրորդը՝ ես կարծում եմ, որ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացներում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահը սրա մասին մի քանի անգամ նաև հրապարակային է խոսել, ըստ էության՝ նաև կա պահանջ Հայաստանի Զինված ուժերը կրճատելու կամ ապառազմականացնելու, և այս իշխանության համար գլխավորը ոչ թե երկրի և մեր քաղաքացիների անվտանգության ապահովումն է, այլ՝ ցանկացած պայմանով Ադրբեջանի հետ կեղծ խաղաղության հաստատումն է», - պնդեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG