Պաղեստինյան «Համաս» շարժումն առավոտյան ազատ է արձակել 7, իսկ մի քանի ժամ անց մնացած 13 իսրայելցիներին, որոնք պատանդառվել էին 2023-ի հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ և երկու տարի անց արդեն միացել իրենց ընտանիքներին:
Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ն ԱՄՆ նախագահի խաղաղության ծրագրի առաջին փուլի համաձայն՝ նաև Իսրայելին է հանձնել 28 պատանդների դիերից չորսը, իսկ մնացածը կփոխանցի ավելի ուշ:
Իսրայելն իր հերթին ազատ է արձակել պաղեստինցի 250 դատապարտյալի և 1700 կալանավորի, որոնք տեղափոխվել են Ռամալլա, Խան Յունիս և Գազայի այլ բնակավայրեր:
«Շատ երջանիկ եմ, աննկարագրելի զգացողություն է: Մենք հույսը չէինք կորցնում, և դրա շնորհիվ ամուր էինք։ Փառք Աստծուն: Մենք ուզում ենք պետություն կառուցել», - ասել է պաղեստինցի դատապարտյալներից մեկը:
«Մինչև հիմա չեմ կարողանում հավատալ։ Շնորհակալ եմ Աստծուն, մենք սպասում էինք այս ուրախությանը .... մեզ վրա մեծ հոգեբանական ճնշում էր գործադրվում: Երդվում եմ մինչև վերջին պահը չէի հավատում, որ կազատվենք», - հավելել է մյուսը:
Թել Ավիվի Պատանդների հրապարակում վաղ առավոտից հազարավոր մարդիկ էին հավաքվել՝ տոնելու պատանդների ազատ արձակումը:
«Այսօր ուրախ եմ, որովհետև նրանք տուն են վերադառնում։ Որովհետև այս արյունալի, ողբերգական պատերազմը դադարել է։ Որովհետև սա նոր օր է, նոր օր այս տարածաշրջանի, աշխարհի համար։ Այս օրվան այնքան երկար եմ սպասել՝ երկու տարի», - ասել է Իսրայելի քաղաքացիներից մեկը:
«Այնքան երկար ենք պայքարում, մասնակցում ենք հանրահավաքների, անում ենք ամեն ինչ, որ նրանց տուն բերենք։ Նրանք ասես մեր ընտանիքի անդամներ լինեն։ Նրանց չենք ճանաչում, չենք հանդիպել, բայց … նրանք մեր եղբայրներն ու քույրերն են», - հավելել է մեկ այլ քաղաքացի:
Այս ֆոնին ԱՄՆ նախագահն այսօր ժամանել է Իսրայել և ելույթ ունեցել խորհրդարանում:
Դոնալդ Թրամփը նախ գովեստի խոսքեր ասաց Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի մասին, ում ՄԱԿ-ի հետաքննական հանձնաժողովը մեղադրում է Գազայում ցեղասպանություն իրագործելու համար: Ապա Թրամփը հայտարարեց, որ սա «մեծ ուրախության և աճող հույսի» օր է: «Զենքերը լռում են … Սա նոր Մերձավոր Արևելքի պատմական արշալույսն է», - ասաց Թրամփը և հույս հայտնեց, որ տարածաշրջանում խաղաղությունը կլինի հավերժ:
«Սա հիմա շատ նշանակալից ժամանակ է Իսրայելի և ողջ Մերձավոր Արևելքի համար, քանի որ ողջ Մերձավոր Արևելքում տասնամյակներով քաոս, ահաբեկչության և ավերածություն տարածող ուժերը այժմ թուլացած, մեկուսացված և լիովին պարտված են», - հայտարարեց նա։
Թրամփի ելույթի ժամանակ ընդդիմադիր պատգամավորներից մեկը, ցուցապաստառը պարզած, բղավեց՝ «Ճանաչե՛ք Պաղեստինը», ինչից հետո անվտանգությունը նրան արագ դուրս հանեց:
Քնեսեթում ելույթ ունեցավ նաև Իսրայելի վարչապետը: Բենյամին Նեթանյահուն հայտարարեց, որ այս օրը և Թրամփի անունը կգրվեն պատմության մեջ, իսկ Թրամփի խաղաղության ծրագիրն անվանեց «կարևոր» քայլ երկարատև խաղաղության ուղղությամբ: Ապա Նեթանյահուն նշեց, որ հավատարիմ է խաղաղությանը և շնորհակալություն հայտնեց Թրամփին՝ նշելով, որ նա Սպիտակ տանը Իսրայելի երբևէ ունեցած ամենամեծ բարեկամն է:
«Շնորհակալ ենք Ձեր վռճորոշ առաջնորդության համար, որ առաջ քաշեցիք առաջարկ, որին աջակցեց գրեթե ողջ աշխարհը, որը տուն է բերում մեր բոլոր պատանդներին, վերջ դնում պատերազմին, նպաստում, որ հասնենք մեր բոլոր նպատակներին», - ասաց նա:
ԱՄՆ նախագահն ավելի ուշ հանդիպել է պատանդների ընտանիքների հետ, ինչից հետո մեկնել է Եգիպտոս, որտեղ կհամանախագահի խաղաղության գագաթնաժողովը, որի նպատակն է վերջ դնել Գազայի պատերազմին և կայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում:
Շարմ էլ-Շեյխում կայանալիք միջոցառմանը, որին կմասնակցի մոտ 20 երկրի առաջնորդ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետը, կստորագրվի նաև փաստաթուղթ, որը կնշանավորի խաղաղության ծրագրի առաջին փուլի իրականացումը: Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ Նեթանյահուն միջոցառմանը չի մասնակցի:
2023-ի հոկտեմբերին բռնկված պատերազմի հետևանքով ավելի քան 67 հազար պաղեստինցի է սպանվել, վիրավորվել՝ ավելի քան 169 հազարը: Իսրայելական կողմն ունեցել է մոտ 1200 զոհ: