Երևանի քաղաքապետարանի հատուկ տեխնիկան այսօր Սարյանի պուրակում էր աղմկում. այգու սովորական առօրյան արտասովոր ընթացք առավոտյան ստացավ, ապամոնտաժում էին Զորյան փողոցին հարող հատվածի կառույցը, որը նախկինում սրճարան է եղել:
Կառույցի սեփականատերը հանկարծակիի էր եկել, չհերքեց՝ ինքնակամ շինություն է, սակայն, նշեց, իրենք որևէ նախազգուշացում չեն ստացել:
Քաղաքապետարանից արձագանքում են՝ շինությունն ապամոնտաժել են անձամբ Տիգրան Ավինյանի որոշման հիմքով, պնդում են՝ Երևան համայնքին պատկանող տարածքում գտնվող կառույցը թույլտվություն չի ունեցել ու փաստացի ապօրինի է:
Նախապատմությունը տասնամյակներով է ձգվում. քանդված շինությունները «Կոլորիտ» ՍՊԸ-ին էին պատկանում, դեպքի վայր շտապած տնօրեն Նարինե Վարդանյանը վրդովված պատմում էր՝ կառուցվել է 90-ականներին, ու մինչ 2021-ը վարձակալության պայմանագիր են ունեցել, աշխատել են, ապա պայմանագրի ժամկետը երկարաձգել չի հաջողվել, սակայն իրենք այս ընթացքում մոտ 5 միլիոն դրամի հարկ ու տուրք են վճարել, եթե, ի վերջո, պետք է քանդեին՝ ինչո՞ւ էին վճարում, ինչո՞ւ չեն նախազգուշացրել:
«Մենք չենք աշխատել, թղթեր ունեինք, որ չենք աշխատել, էդ մնացել է, չեն թույլ տվել, բայց 21 թվից մինչ էսօր հողի վարձավճարները նույնիսկ տուգանքներով գրվել է մեր վրա», - ասաց Վարդանյանը:
Դատական տեղեկատվական համակարգում պարզ որոնումը մի խճճված պատկեր ներկայացրեց՝ իսկական թնջուկ: Ընկերությունը վերջին տարիներին մի շարք հայցեր է ներկայացրել՝ մի անգամ պայմանագրի ժամկետը երկարաձգելու համար են դիմել, մեկ այլ գործով պահանջել են օրինականացնել կառույցը, դատարանը, սակայն այս հայցերը կա՛մ մերժել է, կա՛մ կարճել:
«Առավոտյան զանգ են տալիս կողքի ծաղկի կրպակից, ասում են, որ եկել են քանդեն: Մեզ ոչ մեկ չի տեղեկացրել, որ պտի քանդեն՝ ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր: Մենք մինչև էսօր վարձակալության գումարները մուծում էինք՝ հողի վարձակալության գումարները, դաժե 15 օր առաջ ստեղ մի հատված աղտոտված էր, նամակ էինք ստացել ... »:
Սեփականատիրոջ ընտանիքը պնդում է՝ քաղաքային իշխանությունների գործողություններն ապօրինի են, կդիմեն դատարան հողին հավասարեցված գույքի համար փոխհատուցում ստանալու պահանջով. - «Դիմելու ենք դատարան, որ անօրինականություն ա տեղի ունեցել, փոխհատուցում ենք պահանջելու, մինչև ուր որդե պետք ա կհասնենք, լրիվ անօրինականություն ա տիրում»:
Փաստի առաջ կանգնած սեփականատերերը ամբողջ օրը լրագրողների հետ զրուցում էին կադաստրային գրանցումը հաստատող թուղթը ցույց տալով, Կադաստրի կոմիտեի կայքում տեղորոշեցինք համապատասխան ծածկագրով շինությունները: Եթե սրճարանն ապօրինի է կառուցվել, ինչպե՞ս են վարձակալության պայմանագիր կնքել, կադաստրային գրանցում ձեռք բերել: Քաղաքապետի երեկ ստորագրած որոշման տեքստում այս հարցերին չեն անդրադառնում, Տիգրան Ավինյանը, փոխարենը, ընդամենը մեկ օր առաջ հանձնարարել է քանդել ու «անօրինական տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը»: Քաղաքապետը նաև որոշել է ապամոնտաժման աշխատանքների համար ծախսված գումարը հենց սեփականատիրոջից բռնագանձել:
Կետերից մեկով էլ Ավինյանը տեղեկացնում է՝ երկամսյա ժամկետում որոշումը կարող են բողոքարկել, բայց ինչպե՞ս դատարանում պաշտպանել կառույցը, երբ այն արդեն հողին է հավասարեցվել: Քաղաքապետը ժամանակը հետ շրջելու բանաձև չի առաջարկում: