Մատչելիության հղումներ

Կան եպիսկոպոսներ, որ ոչ թե եկեղեցի, այլ քաղաքականություն են մտնում. Արամ քահանա


Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Արամ քահանա Ասատրյան, արխիվ
Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Արամ քահանա Ասատրյան, արխիվ

Հայաստանի վարչապետը հակակաթողիկոսական արշավն այս փուլում պասիվացրել է, և այդ բացը կարծես լրացնում է Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Արամ քահանան:

«2021 թվականին ես հեռախոսազանգ եմ ստացել վարչապետի տիկնոջից, և տիկին Աննա Հակոբյանը ցանկություն հայտնեց, որ ես գնամ և Տնօրհնեք կազմակերպեմ իրենց տանը: Եվ նաև ասեմ, որ ես թաքուն ոչինչ չարեցի, զանգահարեցի իմ վերադասին և ասեցի, որ այսպիսի զանգ եմ ստացել: Եվ ասեցին՝ «մի գնա», սկզբում, հետո ասեցին՝ «սպասի, մենք կասենք», հետո զանգահարեցին ու ասեցին, որ «կարող ես գնալ», - երեկ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում պատմում էր Արամ քահանան:

Վարչապետական օջախն օրհնելուց հետո, ըստ քահանայի, իր նկատմամբ հալածանքներ է սկսել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոսը, որ Կաթողիկոսի քրոջորդին է: Այդ վերաբերմունքն իր նկատմամբ խորացել է այն բանից հետո, երբ վարչապետի տիկինն այլ կանանց հետ վանք էր եկել, ինքն էլ պատմել է Հովհաննավանքի պատմությունը: Բանը հասել է նրան, որ քահանան Վեհափառի մոտ է հասել:

«Ինքը ինձ կասկածում է և համարում է փաշինյանական: Խոսելով իր քրոջ որդուց՝ թեմի առաջնորդից, հետևյալն ասեց, որ ինքը նրան ճանաչում է և գիտի, որ հախուռն բնավորություն ունի և այդ բնավորության պատճառով նաև շատ սխալներ է թույլ տալիս», - նշեց տեր Արամը:

Այս հանդիպումից հետո էլ հալածանքները չեն դադարել: Նա եկեղեցական, իր խոսքով՝ զազրելի բարքերի մասին սկսել է խոսել այս ամսվա սկզբից, «Ազատություն»-ը Օհանավանում հանդիպել էր քահանայի հետ, թե՛ այդ ժամանակ, թե՛ դրանից հետո պարբերաբար առաջարկել էր հարցազրույց տալ: Նա հրաժարվել է: Տեր Արամ քահանան գործող հոգևորականներից առայժմ միակն է, որ հրապարակային քննադատում է եկեղեցական վերնախավին: Պնդում է՝ մյուսները վախենում են:

«Որևէ մեկ հոգևորական ինքը շատ լավ գիտի՝ եթե ձայն հանի, դա դառնալու է իր վերջը, իր ծառայության վերջին օրը», - Հանրայինի հարցազրույցում ասաց քահանան:

Տեր Արամի պնդմամբ, օրինակ, Գուգարքի թեմի առաջնորդի սիրելի կերպարը Ստալինն է, իր թեմի քահանաներին թույլ է տալիս Երևան գալ միայն հատուկ գրությամբ. - «Ինքը արգելել է իր քահանաներին առանց իրեն տեղեկացնելու անգամ Երևան գալ»:

Գուգարքի թեմի առաջնորդ Հովնան սրբազանն այս ամենը հիվանդագին մտքեր է անվանում: Պարզ չէ՞, ասում է, որ թեմը լքելիս քահանան պիտի տեղյակ պահի:

«Որտեղ չկա կարգուկանոն, էնտեղ բարդակ է: Սա ես զարմանում եմ, որ սրա մասին մարդ կարող է բարձրաձայնել: Սա եկեղեցու կարգուկանոնն է, և ոչ միայն եկեղեցու՝ բոլոր աշխատավայրերում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովնան սրբազանը:

Կան եպիսկոպոսներ, որ ոչ թե եկեղեցի, այլ քաղաքականություն են մտնում, ասում է քահանան, պատմում՝ թեմի առաջնորդներից մեկն իր քահանայի շատ կարևոր ընտանեկան հարցերը կարգավորելու փոխարեն ջիփ է նվիրում ինչ-որ մեկին: Ենթադրաբար նկատի ունի Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսին, որ իր մեքենան Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին էր նվիրել, երբ վերջինիս սպասարկող մեքենան հատուկջոկատայինները տարել էին:

Եկեղեցու քաղաքականացված լինելու վերաբերյալ մեղադրանքներ էլի ունի տեր Արամը. - «2021 թվականի բոլոր ցույցերին ընդդիմության ես մասնակցել եմ, բայց ոչ իմ ցանկությամբ՝ վերադասի»:

Քահանան չուզելով է մասնակցել ու հոգնել է ֆիզիկապես, բայց, ասում է, «եթե չգնայի այդ ցույցերին, պիտի բացատրեի, թե ինչու ... կնշանակեր՝ քաղաքական այլ հայացքներ ունեմ »:

«Իսկ հիմա՞ ով է պարտադրել, հետո էլ կասես՝ չուզելով էիր խոսում», - հարցեր ունի Հովնան սրբազանը. - «Հիմա էլ պարտադրել են, որ գա խոսի, վաղն էլ դրա մասին է ասելու: Դա նշանակում է՝ մարդը հաստատուն բնավորություն չունենալն է: Եկեղեցիներում պարտադրանք չի եղել»:

Գուգարքի թեմի առաջնորդն, այնուամենայնիվ, չի բացառում, որ քահանաներին առաջարկվել է մասնակցել ցույցերին, պնդում է՝ դա քաղաքականության հարց չէ. - «Արցախը քաղաքակա՞ն հարց է, հայրենիքի օրհասական հարց է սա, սրան է վերաբերում, ինչի՞ մասին է խոսքը: Կարո՞ղ է հոգևորականը գնացել մասնակցել է «Էլեկտրիկ Հայաստան»-ին կամ որևիցե մի թանկացումներին, չէ, ինչ որ հայրենիքին է վերաբերվում»:

Մարալիկի հոգևոր հովիվ տեր Տիգրան քահանա պնդում է՝ Միքայել սրբազանի դատերին, օրինակ, թեմի քահանաները մասնակցում են՝ առանց հարկադրանքի. - «Մեր կամքով, ազատ, մենք մեր որոշումով, որոշում ենք, գնում ենք, մասնակցում ենք»:

Արդյո՞ք Հովհաննավանքի քահանան բարձրաձայնում է ճշմարտություններ, որոնց մասին լռում են Մայր Աթոռի հարյուրավոր հոգևորականներ: Մայր Աթոռում հոգևոր ծառայություն իրականացրած, բայց ներկայանալ չցանկացող նախկին մի հոգևորական «Ազատությանը» պատմեց՝ քահանան նոր բաներ չի ասում, համակարգային խնդիրներ կան: Հարցն այն է, որ նա աղաղակում է միայն այն բանից հետո, երբ կրակն իրեն է հասել, իսկ 2018 -ին այս նույն քահանան բարիկադ էր բարձրացել Ամենայն Հայոց կաթողիկոսին պաշտպանելու համար:

Տեր Արամ քահանան երեկ ասաց՝ այժմ պատրաստ է, իր խոսքով, հանուն եկեղեցու նորոգման կարգալույծ լինել, գուցե հենց դա է հարությունը: Լրացուցիչ մանրուք՝ 33 տարեկան է:

«Եթե մեխն էլ կա, չագուչն էլ կա, խաչվողն ա պակասում, պետք ա խաչվել», - հայտարարեց տեր Արամը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG