Փամբակի ավագանին Քարաբերդ գյուղում հանքի երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու համաձայնություն տվեց «Զով-Գուժ» ընկերությանը:
Չնայած անցած շաբաթվա բուռն ու աղմկոտ լսումներին, որտեղ գյուղացիներից ոմանք «ոչ» էին ասում, իսկ բնապահպանները՝ հիշեցնում հանքի վնասները, ավագանու անդամներն այդ մասին լռեցին:
Լսումներին մասնակցած Սամվել Անանյանն անգամ հայտարարեց, թե ներկաները կողմ են եղել։ «Մենք թաղային լսմանը ներկա ենք եղել, և ժողովուրդը ցանկացել են, որ կողմ լինենք: Ճիշտ է, էնտեղ մի բնակիչ կար, մի քիչ ասում էր՝ կամ էն էլ չլի, կամ էն էլ չլի, տենց բաներ, բայց մեծամասնությունը կողմ է», - վստահեցրեց Անանյանը:
Քվեարկությունը տեղի ունեցավ արագ՝ առանց քննարկումների։ Նիստին ներկա 12 անդամից 6-ը կողմ քվեարկեցին, մյուս 6-ը հավասարապես բաժանվեցին՝ դեմ ու ձեռնպահ:
Համայնքապետարանի քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Արտակ Օհանյանը շեշտեց՝ միայն ուսումնասիրության համաձայնություն են տալիս հանքարդյունաբերող ընկերությանը: Եթե վտանգներ տեսնեն, հետո շահագործման իրավունք չեն տա. - «Դա դեռ հանքի շահագործում չի, երկրաբանական ուսումնասիրություն է ընդամենը, պեղումներ ա, որը զգալի վնաս չի կարող հասցնել, ասենք, մեր հողատարածքներին: Երբ որ կունենան նախագիծ, ցանկացած պահի մենք կարող ենք, եթե տեսնենք, որ ռիսկերը բարձր են, հաջորդ լսմանը դեմ քվեարկենք»:
Նախկինում առնվազն երեք տարբեր ընկերություններ, այդ թվում՝ «Զով-Գուժ»-ը, արդեն 12 անգամ Քարաբերդ էին եկել՝ ոսկի որոնելու թույլտվություն ստանալու բնակիչներից, բայց հանրային լսումները կա՛մ տապալվել էին, կա՛մ բնակիչները դեմ էին կանգնել: Իր տարածքներն ընդլայնելու համար տեղացիներին էր դիմել նաև նույն այս գյուղում արդեն ոսկու հանք շահագործող չեխական «Ասսաթ» ընկերությունը, բայց նրանց էլ չէր հաջողվել բնակիչներից համաձայնություն ստանալ: Ակնհայտ էր, որ նախկինում հանքին դեմ եղած քարաբերդցիներից շատերը հանկարծ սկսել էին կողմ արտահայտվել:
Մեկ շաբաթ առաջ աղմուկով ու բղավոցներով անցած հանրային լսումներն էլ վիճահարույց են: Ընկերության ներկայացուցիչներն աղմուկի մեջ կարդացին իրենց ծրագիրը, մոտ մեկ ժամից համայնքապետը հայտարարեց, թե լսումներն ավարտված են:
Հանրային քննարկմանը ներկա իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներն արձանագրել են, թե համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանն ապօրինի ընդհատել է քննարկումը, բոլոր ցանկացողներին ձայնի իրավունք չի տվել: Այժմ պատրաստվում են դատի տալ ու անվավեր ճանաչել կայացած համարված հանրային լսումը. - «Տեղական ժողովրդավարությունը ինքը ոտնահարվել է, շարունակում է ոտնահարվել, և դրա միակ պատասխանատուն որևէ հանքարդյունաբերական ընկերություն չի, միակ պատասխանատուն տեղական իշխանություններն են»:
Միայն «Քաղաքացիական պայմանագիր» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններից կազմված Փամբակի ավագանին ի վերջո կողմ արտահայտվեց: Դեմ քվեարկած Արշակ Սրապյանն ասաց՝ ափսոսում է բնությունը ու մարդկանց:
Ձեռնպահ քվեարկած Սասուն Մանանդյանը թե՝ հստակ կարծիք չունի, դեռ պիտի ուսումնասիրի Քարաբերդում եղած տրամադրությունները. - «Որովհետև ես լսումներին ներկա չեմ եղել, ճիշտն ասած, նայել եմ ձայնագրությունները, բայց անձամբ կուզենայի գյուղացոնց հետ շփվել, խոսայի, հասկանայի, իմ կարծիքը կազմել գյուղացոնց հետ խոսելուց հետո»:
Ավագանին «Զով-Գուժ» ընկերությանը երկրաբանական ուսումնասիրությունների համաձայնություն տալու մասին որոշումը կուղարկի Շրջակա միջավայրի նախարարություն, որն էլ կորոշի՝ հետագա գործընթացի իրավունք տալ ընկերությանը, կամ՝ ոչ: